Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները Սամարղանդում անցկացված Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի «Ա» խմբի հատուկ հաշվարկում դարձել են բրոնզե մեդալակիրներ։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Երկու հավաքականներն էլ ընդհանուր հաշվարկում զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը, իսկ «Ա» խմբի հատուկ հաշվարկում՝ երրորդը։
Տղամարդկանց հավաքականը ներկայացնում էին գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը։ Հավաքականի մարզիչը Արման Փաշիկյանն է։
Կանանց հավաքականի կազմում էին Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը։ Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը։
Օլիմպիադան անցկացվել է սեպտեմբերի 16–27-ը։ Տղամարդկանց մրցաշարում 204 հավաքականի պայքարում հաղթել է Ուզբեկստանի, իսկ կանանց մրցաշարում 187 հավաքականի պայքարում՝ Չինաստանի հավաքականը։
Հայ շախմատիստներն արժանացել են նաև անհատական մեդալների։ Մարիամ Մկրտչյանը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և 2-րդ խաղատախտակի վրա նվաճել արծաթե մեդալ, իսկ Շանթ Սարգսյանը 11 հնարավորից 8 միավորով 3-րդ խաղատախտակի վրա նվաճել է բրոնզե մեդալ։
Կանանց հավաքականը սեպտեմբերի 23-ին, իսկ տղամարդկանց հավաքականը՝ սեպտեմբերի 25-ին օլիմպիադայում հաղթել էին Ադրբեջանի հավաքականներին։
