Անապահովության նպաստ ստանալու համար բավական չէ ցածր եկամուտը։ Օրենսդրությունը սահմանում է այսպես կոչված բացառող գործոններ, և դրանցից թեկուզ մեկի առկայության դեպքում ընտանիքի անապահովության աստիճանը դառնում է զրո, այսինքն՝ ընտանիքն ապահով է համարվում։ Ցանկում են 2016 թվականից հետո արտադրված մեքենան, գույքահարկի չափը, էլեկտրաէներգիայի և գազի սպառումը, վարկերը, երաշխավոր լինելը և ձեռնարկատիրական գործունեությունը։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, բացառող գործոնները սահմանված են Կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման N 1 հավելվածի 39-րդ կետով, որի գործող խմբագրությունը կիրառվում է 2026 թվականի հուլիսի 1-ից։
Ինչպե՞ս են գործում բացառող գործոնները
Որոշման բանաձևով ընտանիքի անապահովության աստիճանը հաշվարկելիս բոլոր բացառող գործոնները մտնում են արտադրյալի մեջ, և յուրաքանչյուրն ընդունում է երկու արժեք՝ զրո, եթե գործոնն առկա է, և մեկ, եթե առկա չէ։ Բավական է մեկ գործոնի առկայությունը, որպեսզի ամբողջ արտադրյալը դառնա զրո։
Որոշման 5-րդ կետով, եթե ընտանիքի անապահովության աստիճանը զրո է, ընտանիքն անապահով չի համարվում։
Ավտոմեքենա
Բացառող գործոն է 2016 թվականից հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոցի առկայությունը, եթե այն հաշվառված է Հայաստանում և ունի համարանիշ։
Բացառող գործոն է նաև այն դեպքը, երբ ավտոտրանսպորտային միջոցի գույքահարկի տարեկան չափը գերազանցում է 12 000 դրամը։ Մեկից ավելի մեքենայի դեպքում գույքահարկը հաշվարկվում է հանրագումարով։
Անշարժ գույք
Բացառող գործոն է անշարժ գույքի առկայությունը, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողի, եթե գույքահարկի տարեկան չափը գերազանցում է՝
- 6560 դրամը մարզային բնակավայրերում,
- 18 750 դրամը Երևանում,
- 18 750 դրամը, եթե գույքը միաժամանակ կա և՛ մարզում, և՛ Երևանում։
Գույքահարկը հաշվարկվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի սեփականության բաժնեմասին համապատասխան։
Էլեկտրաէներգիա և գազ
Բացառող գործոն է նախորդ ամսվա ընթացքում էլեկտրաէներգիայի և բնական գազի սպառման սահմանաչափը գերազանցելը։ Սահմանաչափը հաշվարկվում է՝
- մինչև երեք անդամ ունեցող ընտանիքի համար՝ 40 000 դրամինհամարժեք սպառման չափով,
- երեք և ավելի անդամ ունեցող ընտանիքի համար՝ 40 000 գումարած 10 000 դրամընտանիքի երրորդ և յուրաքանչյուր հաջորդ անդամի համար։
Այսինքն՝ հինգ հոգանոց ընտանիքի համար շեմը կազմում է 60 000 դրամ։ Այս գործոնը հաշվի է առնվում դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից։
Վարկեր
Բացառող գործոն է վարկային պարտավորությունների գծով նախորդ ամսվա մարման չափը, եթե այն ընտանիքի մեկ հաշվարկային անդամի հաշվով գերազանցում է սահմանային շեմի արժեքը, որը 2026 թվականի համար 35 875 դրամ է, և եթե վարկը տրամադրվել է գնահատմանը նախորդող երեք տարիների ընթացքում։
Կան երկու բացառություն. գործոնը չի կիրառվում, եթե նախորդող երկու տարիների ընթացքում վարկի մարումներ չեն կատարվել, կամ եթե ընտանիքի բոլոր վարկերի պայմանագրային գումարը չի գերազանցում 10 միլիոն դրամը։
Հաշվարկը կատարվում է անուիտետային բանաձևով, ընդ որում, կիրառվում է ոչ թե պայմանագրային, այլ վերագրվող տոկոսադրույք՝ հիփոթեքի և գյուղատնտեսական վարկի դեպքում տարեկան 13 տոկոս, մյուս վարկերի դեպքում՝ 20 տոկոս։
Երաշխավորություն
Առանձին բացառող գործոն է այն, որ ընտանիքի անդամներից որևէ մեկը գործող վարկային պայմանագրի երաշխավոր է, եթե ընտանիքի անդամների երաշխավորության բոլոր պայմանագրերի գումարը գերազանցում է 1 միլիոն դրամը կամ համարժեք արժույթը, և վարկը տրամադրվել է վերջին երեք տարիների ընթացքում։ Բացառություն է այն դեպքը, երբ նախորդող երկու տարիների ընթացքում այդ վարկի մարումներ չեն կատարվել։
Ձեռնարկատիրական գործունեություն
Բացառող գործոն է, եթե ընտանիքի անդամը անհատ ձեռնարկատեր է, ում վարձու աշխատողներից առնվազն մեկը ընտանիքի անդամ չէ, կամ եթե ընտանիքի որևէ անդամ առևտրային կազմակերպության մասնակից է։
Չի կիրառվում, եթե գնահատմանը նախորդող երկու տարվա ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ կամ կազմակերպության իրացման շրջանառությունը չի գերազանցել 1 դրամը, կամ անձն անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվում է մինչև 12 ամիս ժամկետով։
Մաքսային վճար և հայտարարագրված եկամուտ
Բացառող գործոն է նախորդ ամսվա ընթացքում ապրանքների ներմուծման կամ արտահանման մաքսային վճարը, եթե այն մեկ հաշվարկային անդամի հաշվով գերազանցում է սահմանային շեմի արժեքը։
Բացառող գործոն է նաև, եթե ընտանիքի բոլոր անդամների՝ նախորդ տարվա եկամտային հարկի հայտարարագրերով հայտարարագրած եկամուտների մեկ տասներկուերորդը մեկ հաշվարկային անդամի հաշվով գերազանցում է սահմանային շեմի եռապատիկը։ Այս հաշվարկում չեն ներառվում անապահովության հիմքով տրվող նպաստները և պետական բյուջեից ստացվող կուտակային հատկացումների լրացուցիչ միջոցները։
Ի՞նչ է լինում տնայցի արդյունքում
Բացի բացառող գործոններից, բանաձևում առկա է նաև կեցության պայմանների ուսումնասիրության արդյունքը, որը նույնպես ընդունում է զրո կամ մեկ արժեք։ Տնայցն իրականացվում է, եթե ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը ցածր է սահմանային շեմի 130 տոկոսից, և բացառող գործոն առկա չէ։
Տնայցն իրականացվում է դիմելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։ Կարևոր դրույթ. եթե այդ ժամկետում տնայցը չի կատարվում դիմողի կամ ընտանիքի անդամների գործողության կամ անգործության պատճառով, ուսումնասիրության արդյունքը ստանում է զրո արժեք։ Զրո է դառնում նաև այն դեպքում, երբ ուսումնասիրության արդյունքում բարեկեցության միավորը գերազանցում է 0,7-ը։
Ի՞նչ անել, եթե ընտանիքը մերժվել է
Գնահատման համակարգում ինքնաշխատ կայացված որոշումները կարելի է բողոքարկել առցանց՝ վերադասության կարգով, կամ դատական կարգով։ Ընդ որում, բացառող գործոնների վերաբերյալ բողոք ներկայացնելիս դիմողը պետք է ներկայացնի նաև իրավասու մարմնի տված տեղեկանք, որը հիմք է տվյալ բացառող գործոնը չկիրառելու համար։
Բողոքի արդյունքում Ծառայությունը կազմակերպում է ուսումնասիրություն, տնայց, փաստաթղթերի համադրում, և կայացված որոշումն արտացոլվում է համակարգում։ Այն ևս կարող է բողոքարկվել դատական կարգով։
Ամփոփում
Ամփոփելով՝ ընտանիքը չի ճանաչվի անապահով, եթե ունի 2016 թվականից հետո արտադրված մեքենա կամ 12 000 դրամից ավելի ավտոմեքենայի գույքահարկ, եթե անշարժ գույքի գույքահարկը գերազանցում է մարզերում 6560, իսկ Երևանում՝ 18 750 դրամը, եթե էլեկտրաէներգիայի և գազի սպառումը գերազանցում է 40 000 դրամի շեմը՝ գումարած 10 000 դրամ երրորդ և հաջորդ անդամի համար, եթե վարկի ամսական մարումը մեկ հաշվարկային անդամի հաշվով գերազանցում է 35 875 դրամը, եթե երաշխավորության պայմանագրերի գումարը գերազանցում է 1 միլիոն դրամը, կամ եթե ընտանիքի անդամը անհատ ձեռնարկատեր է կամ ընկերության մասնակից, իսկ մերժման դեպքում որոշումը կարելի է բողոքարկել առցանց կամ դատական կարգով, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Առաջին դասարան ընդունվելու 25 000 դրամ օգնության մասին կարդացեք այս նյութում։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։