Ե՞րբ կարող է պարեկը կանգնեցնել մեքենան․ ինչ պետք է իմանա վարորդը

Ճանապարհին մեքենան կարող է կանգնեցվել ոչ միայն այն դեպքում, երբ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները։ Օրենքը սահմանում է կոնկրետ իրավիճակներ, երբ ոստիկանության ծառայողը կարող է կանգնեցնել տրանսպորտային միջոցը, ինչպես նաև նախատեսում է, թե ինչ պարտականություններ ունի ծառայողը կանգնեցնելուց հետո։ ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսգրքի 17-րդ հոդվածը սահմանում է տրանսպորտային միջոցը կանգնեցնելու հիմքերը և կարգը։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, ո՞ր դեպքերում կարող է ոստիկանությունը կանգնեցնել մեքենան, պարտավո՞ր է հայտնել պատճառը, կարո՞ղ է վարորդին առաջարկել դուրս գալ մեքենայից և ինչպե՞ս պետք է տրվի կանգնեցնելու ազդանշանը․ ներկայացնում ենք հիմնական կանոնները։

Ե՞րբ կարող է ոստիկանությունը կանգնեցնել մեքենան

Ոստիկանության ծառայողը կարող է կանգնեցնել տրանսպորտային միջոցը, եթե՝

  • տեսանելի է կամ տեխնիկական միջոցներով արձանագրվել է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները,
  • մեքենայի ընթացքը, տեղափոխվող բեռը, վարորդը կամ ուղևորներն իրենց վարքագծով վտանգ են ստեղծում երթևեկության անվտանգության համար,
  • բավարար հիմքեր կան կասկածելու, որ մեքենան կամ դրա ներսում գտնվող անձինք հետախուզման մեջ են,
  • անհրաժեշտ է վարորդներին տեղեկացնել ճանապարհին առաջացած վտանգների կամ անբավարար պայմանների մասին։

Բացի այդ, մեքենաները կարող են կանգնեցվել ոստիկանության պետի կամ նրան փոխարինող անձի կողմից լիազորված հատուկ միջոցառումների ժամանակ։

Ինչպե՞ս պետք է ոստիկանությունը կանգնեցնի մեքենան

Կանգնեցնելու պահանջը կարող է տրվել՝

  • դեպի տրանսպորտային միջոցն ուղղված ցուցաձողով,
  • կարմիր ազդանշանով սկավառակով,
  • բարձրախոս սարքի միջոցով։

Ուշադրությունը գրավելու համար կարող է օգտագործվել նաև սուլիչ։

Ազդանշանը պետք է վարորդի համար հասկանալի և ժամանակին լինի, որպեսզի դրա կատարումը վթարային իրավիճակ չստեղծի։

Կանգնեցնելուց հետո պարտավո՞ր է ոստիկանությունը ներկայանալ

Այո։ Օրենքով նախատեսված դեպքերում մեքենան կանգնեցնելուց հետո կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է անհապաղ մոտենալ վարորդին և ներկայանալ։

Նա պետք է հայտնի՝

  • իր պաշտոնը,
  • կոչումը,
  • ազգանունը,
  • ստորաբաժանումը։

Հարցման դեպքում ծառայողը նաև պետք է հայտնի ոստիկանության ծառայողի նույնականացման անհատական համարը։

Բացի դրանից, ծառայողը պետք է հայտնի մեքենան կանգնեցնելու պատճառը։

Կարո՞ղ է վարորդը շարունակել ճանապարհը

Կանգնեցնելու պատճառի հետ կապված գործողությունները կատարելուց և անհրաժեշտության դեպքում խախտումն արձանագրելուց հետո ոստիկանության ծառայողը, որպես կանոն, պետք է թույլատրի տրանսպորտային միջոցի հետագա երթևեկությունը։

Սակայն օրենքը նախատեսում է դեպքեր, երբ մեքենայի շարժը կարող է չթույլատրվել, օրինակ՝ եթե առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր։

Կարո՞ղ է պարեկը վարորդին ասել՝ դուրս եկեք մեքենայից

Այո, բայց օրենքը սահմանում է կոնկրետ դեպքեր։

Ոստիկանության ծառայողը կարող է վարորդին առաջարկել դուրս գալ մեքենայի խցիկից կամ սրահից, եթե, մասնավորապես՝

  • անհրաժեշտ է վերացնել մեքենայի տեխնիկական անսարքությունը կամ բեռների փոխադրման կանոնների խախտումը,
  • բավարար հիմքեր կան կասկածելու, որ վարորդը ոչ սթափ վիճակում է,
  • մեքենան կանգնեցվել է հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով և անհրաժեշտ է համեմատել մեքենայի համապատասխան համարները գրանցման փաստաթղթերի տվյալների հետ,
  • վարորդը կամ ուղևորը կասկածվում են հանցագործություն կատարելու մեջ,
  • անհրաժեշտ է վարորդի մասնակցությամբ կազմել արձանագրություն կամ օգնություն ցույց տալ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին։

Կարո՞ղ է մեքենան կանգնեցնել միայն խախտման դեպքում

Ոչ։ Օրենքը նախատեսում է նաև այնպիսի իրավիճակներ, երբ մեքենան կարող է կանգնեցվել ճանապարհի վիճակի, տեղի ունեցած ՃՏՊ-ի, ճանապարհին առաջացած վտանգների կամ երթևեկության անվտանգության վերաբերյալ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում։

Այդ գործողություններից հետո, եթե օրենքով նախատեսված այլ հիմք չի առաջանում, ծառայողը պետք է թույլատրի մեքենայի հետագա երթևեկությունը։

Իսկ արագության կամ ապակիների լուսաթափանցելիության խախտումը ինչպե՞ս է հիմնավորվում

Օրենքը հատուկ սահմանում է, որ արագության սահմանված չափը գերազանցելու և ապակիների լուսաթափանցելիության սահմանված չափը խախտելու համար պատասխանատվություն է առաջանում, երբ խախտումը փաստարկված է համապատասխան տեխնիկական միջոցների կիրառմամբ։

Այսինքն՝ այդ դեպքերում խախտման արձանագրումը պետք է հիմնված լինի համապատասխան տեխնիկական միջոցի կիրառման վրա։

Կարևոր է․ մեքենան կանգնեցնելու իրավական հիմքը և կանգնեցնելուց հետո ոստիկանության ծառայողի գործողությունները օրենքով սահմանված են։ Վարորդի համար կարևոր է իմանալ ոչ միայն իր պարտականությունները, այլև հասկանալ, թե ինչ ընթացակարգ պետք է պահպանվի մեքենան կանգնեցնելու ժամանակ։

Leave a Comment