Սեպտեմբերի 27-ին Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Թումանյանում ավագանի կընտրեն համամասնական կարգով, Լերմոնտովոյում էլ՝ մեծամասնականով կընտրեն համայնքի ղեկավար և ավագանու անդամներ։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ թե՛ Թումանյանում, թե՛ Լերմոնտովոյում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են մեկական թեկնածուներ՝ տեղական ինքնակառավարման մարմնի գործող ղեկավարները։ Փորձագետների գնահատմամբ՝ ժողովրդավարության տեսանկյունից 1 թեկնածուի կամ 1 քաղաքական ուժի առկայությունը այնքան էլ ընդունելի չէ, որովհետև սահմանափակում է ընտրության հնարավորությունը։
Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ 4198 և Լերմոնտովոյում՝ 612 ընտրողներով։ Թե՛ Թումանյանում, թե՛ մոլոկանաբնակ Լերմոնտովոյում ընտրողներն առանձնապես մեծ ընտրության հնարավորություն չունեն, որովհետև առաջադրված թեկնածուները գործող ղեկավարներն են։
Ուշագրավ է, որ 9 բնակավայրով Թումանյան համայնքի ավագանու ընտրություններում առաջադրվել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը ։ Ընդ որում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Սուրեն Թումանյանը 2021-ին համայնքի ղեկավար է ընտրվել «Հանրապետություն» կուսակցության ցուցակով, հետո անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը։ Անտառաշենի հետ միավորված Լերմոնտովոյում էլ գործող գյուղապետ Էդիկ Չախալյանն է թեկնածուն, ով գյուղը ղեկավարում է 1991-ից՝ սկզբում որպես գյուղխորհրդի նախագահ, 1997-ից էլ՝ որպես գյուղապետ։ Անկուսակցական Չախալյանին իշխող ուժն է սատարում։
Ստացվում է, որ 2 դեպքում էլ դասական ընտրապայքար չի ակնկալվում և ընտրությունների ելքը, ըստ էության, կանխորոշված է, որովհետև չկա քաղաքական ուժերի բազմազանություն։
Օրերս ԶԼՄ-ների հետ զրույցում Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն էր հերքել լուրերը, թե իշխանության ճնշումներից խուսափելով՝ ընդդիմադիր ուժերը չեն առաջադրվել Թումանյանի և Լերմոնտովոյի ընտրություններին։
Արեն Մկրտչյան. «Ընդդիմության ձեռքերը ո՞վ էր բռնել, որ իրենք առաջադրվեն։ Իրենք հայտարարում էին, որ իրենք չափազանց ուժեղ տղաներ են։ Ճնշում չի եղել։ Հիմա իրենք ճնշո՞ղ են, թե՞ ուժեղ։ Ստեփանավանում ինչո՞ւ է 5 ուժ առաջադրվել։ Եթե ընդդիմությունը շանս տեսներ, կարծում եմ կառաջադրվեր»։
Հիշեցնենք՝ խորհրդարանում ամենամեծ «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն էր ամիսներ առաջ հայտարարել, թե կսկսեն մասնակցել համայնքային ընտրություններում և կշարունակեն ընդլայնել ժողովրդի վստահությունը։ «Մենք պետք է կտրենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թևերը Հայաստանով մեկ»,- հայտարարել էր Կարապետյանը, մինչդեռ առաջիկա ՏԻՄ ընտրություններից կմասնակցեն միայն Ստեփանավանի ավագանու ընտրություններին։
Սեպտեմբերի 7-ից մեկնարկած քարոզարշավից ի վեր, Թումանյանում ու Լերմոնտովոյում որպես այդպիսի քարոզարշավ չի իրականացվում։ 2 թեկնածուները պարբերաբար երևում են Լոռու մարզպետի ֆեյսբուքյան էջում հրապարակված կարճ հոլովակներում, որտեղ ներկայացնում են կառավարության համաֆինանսավորմամբ արված աշխատանքները։ Դրանցից մեկում, օրինակ, Սուրեն Թումանյանը խոսում է Աթան բնակավայրում ընթացող շինարարական աշխատանքներից
Կտոր Սուրեն Թումանյանից. «Իրականում աննախադեպ ճանապարհաշինությունն է Աթանում։ Դպրոց տանող ճանապարհն է, շատ կարևոր ճանապարհ, կառավարությունը շատ մեծ գումար է ներդրել, Աթանի մոտ 160 բնակչություն ունի։ Սուբվենցիոն ծրագրերով, պարոն Մկրտչյան, Աթանում շատ աշխատանքներ են կատարվել, 2021-ից ի վեր 35 միլիոն դրամ ներդրում՝ կառավարություն- համայնք համաֆինանսավորմամբ արտաքին ջրագիծ է կառուցվել, խմելու ջրի խնդիր չունենք, բնակչությունը գրեթե 24-ժամյա ջրամատակարարում ունի»։
«Ռադիոլուր»-ի հետ զրույցում Լերմոնտովոյի գյուղապետ Էդիկ Չախալյանն ասաց՝ մոլոկաններն իրեն վաղուց ճանաչում ու վստահում են։ Ինչ ուզել են, արել ենք, 50 %-ով ճանապարհներ ենք նորոգել։ Ինչո՞ւ մրցակից չունեք հարցին՝ Չախալյանը այսպես է արձագանքում
«Ուզում էի հետս թեկնածու լիներ։ Տերտերն էլ ասեցին՝ դու դիր, մենք քեզ սովորել ենք։ Ոնց որ լսել էի, թե մի տղա էլ է ուզում դնի, հետո ես այդ տղային հարցրի, սրանք էլ աստվածապաշտ են, երկու ձեռքերը դեպի Աստծուն բարձրացրեց, թե չէ, Չախալյան ջան, ես չեմ դնի, որ Դուք կաք։ Դուք մեր ղեկավարն եք երկար տարիներ, ես նման բան չեմ անի։ Ես քանի տարի աշխատում եմ, պատկերացրեք՝ 35 տարի։ Ինձ են միշտ կանչել, մենք քեզ ընտրել ենք, դու արի մեր հարցը լուծի, ասենք թե ամուսինը խմում էր կամ ուզում են բաժանվեն, չնայած բաժանում չի եղել։ 4 ընտանիք բաժանվեցին, 2-ը միացան»։
ՏԻՄ փորձագետ Արբակ Սարգսյանն իրավիճակը սահմանափակ քաղաքական մրցակցություն է բնութագրում։ Այն, որ 2 համայնքում էլ մեկական թեկնածու է առաջադրվել, հարցեր է առաջացնում, բայց և չի նշանակում, թե իշխող ուժն է կանխել այլ ուժերի առաջադրումը։
«Ժողովրդավարության տեսանկյունից 1 թեկնածուի կամ 1 քաղաքական ուժի առկայությունը հարցեր առաջացնում է, որովհետև ընտրողի համար քաղաքական ընտրության հնարավորությունը միանշանակ սահմանափակվում է։ Պետք է հասկանալ՝ արդյոք մյուս քաղաքական ուժերը պարզապես չեն ցանկացե՞լ, չեն հետաքրքրվե՞լ կամ արդյոք համայնքում բավարար մրցակցություն չի՞ ձևավորվել, թե՞ եղել են, օրինակ, ինչ-որ խոչընդոտներ, ճնշումներ, հնարավոր վարչական ռեսուրսների օգտագործման ռիսկեր։ Եթե պարզվի, որ այլ թեկնածուների կամ քաղաքական ուժերի մասնակցության համար իրականում խոչընդոտներ են ստեղծել , արդեն լուրջ խնդիր է և՛ քաղաքական մրցակցության, և՛ ուղիղ ժողովրդավարության տեսանկյունից»։
Թումանյանի գործող համայնքապետ Սուրեն Թումանյանի հետ զրուցել «Ռադիոլուր»-ին չհաջողվեց։ Փոխարենը ԿԸՀ կայքում գտանք կուսակցության նախընտրական ծրագիրը, որում իշխող ուժը խոստանում է կառուցել զարգացող, անվտանգ, բարեկարգ և կենսունակ Թումանյան համայնք՝ «չմոռանալով ոչ մեկին»։