Արմավիրի մարզի Ալաշկերը գյուղում սեղանի սորտի խաղողը մնացել այգիներում։ Գյուղացիներն ասում են, որ բերքը օր-օրի քաշ ու որակ է կորցնում, բայց դեռ գնորդ չունեն: Ալաշկերտում 1000 տոննայից ավելի բերք կա այգիներում: Մեծածախ գնորդն առաջարկել է քիշմիշը գնել 150 դրամով, որը ինքնարժեքի կեսն է: Գյուղացիները հրաժարվել են այդ գնով վաճառել և գերադաում են 140 դրամով հանձնել վերամշակող գործարաններին: Խաղողագործների խնդիրներին ծանոթացել է Սաթիկ Իսահակյանը:
Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի այգիներում շողշողում են խաղողի ողկույզները: Խաղողագործների հիմնական եկամուտն ապահովում է քիշմիշ սորտը: Լավ խնամված այգիներից լավ բերք են ստացել, բայց գնորդներն են պակասել: Անցած տարվա համեմատ, սակայն, բերքն էլ է նվազել: Բնության օրենքն է այդպես՝ ասում է խաղողագործը:

«Լավ է, որ քիչ է, քանի-որ տանող չկա: Ընդհանրապես, խաղողը միշտ էլ այդպես է՝ մի տարի շատ է լինում, մի տարի՝ քիչ: Քիշմիշը պետք է քաղես, որ սկսի կարմրել, քանի դեռ չես քաղել՝ չի կարմրի »:

Քիշմիշի գնորդները հիմնականում վրացիներն են, բայց մեծ քանակությամբ չեն տանում՝ 400-500 կգ: Քիշմիշը 250 դրամով են վաճառում, թայֆուն սորտի խաղողը՝ 300 դրամով: Ասում են՝ թայֆունը խոշորահատիկ, կարմրաթուշ խաղող է, որի մի ողկույզը մինչև 5 կգ է կշռում: Սեպտեմբերն ավարտվում է, իսկ ողկույզները մնացել են վազերին: Գյուղացիներն ամեն օր հավաքվում են գյուղամիջում, իրարից հարցուփորձ անում՝ գնորդներ եկել են, թե չէ: Ռադիկ Մարտիրոսյանը զղջում է, որ տարիներ առաջ իր սալորի այգին քանդել ու քիշմիշ է հիմնել:
«Ոչ մի հույս չկա: Մի ֆուռ եկավ կանգնեց, 130-140 դրամով ասեց կտանի, բայց 140 դրամով ո՞վ քիշմիշ կտա: Գործարան տանես ավելի լավ է, քան ֆուռին 140 դրամով»:

Տարիներ առաջ քիշմիշի 1 կգ-ը վաճառել են 400-500, նույնիսկ՝ 800 դրամով, իսկ հիմա ինքնարժեքի կես գնով են ցանկանում գնել։ Մինչդեռ խաղողի մշակությունը և՛ ծախսատար է, և՛ աշխատատար:Խաղողագործները գերադասում են 140 դրամով գործարան հանձնել, քանի որ միանգամից են իրացնում և օրեր անց ստանում են ամբողջ գումարը:

«Ամեն մի բուժում անելուց մեր վրա 12000-14000 դրամ է նստում, 7-8 անագամ բուժում ենք անում՝ չհաշված մնացած ձեռքի ու տրակտորի աշխատանքը: Յոթ ամիս զբաղվում ենք էդ խաղողով, բայց էսօր կանգնել ենք փաստի առաջ: Ի՞նչ է մնացել, մի ամիս հետո ցուրտը կտա: Տղերքը, որ գնում են գործարան, գալիս են, ասում են՝ այնտեղ էլ հույս չկա: Հույս չեն տալիս, որ գնաս, դու էլ գործարանին դիմես»:
Խաղող վերամշակող գործարաններն գինու և կոնյակի հումք հանդիսացող խաղողի տեխնիկական սորտերն են ընդունում, իսկ քիշմիշից հիմնականում օղի են ստանում: Ալաշկերտում ավելի քան 1000 տոննա քիշմիշ կա: Եթե գնորդ չլինի ու գործարան էլ չհանձնեն, խաղողը չեն թողնի վազի վրա:

«Հազիվ մի հոգի եկավ առնելու, էն էլ 150 դրամով ուզեց: Ավելի լավ է լցնեմ բոչկեն, քան էդ գնով տամ: Օղին էլ կամ կխմենք, լավություն կանենք, կամ էլ քիչ-քիչ կծախենք»:
Եթե սեղանի սորտի խաղողը չարտահանվի, միայն ներքին շուկայում չեն կարող իրացնել՝ ասում են այգեգործները: Թեև ծախսերը կրճատելու համար շատերն ընտանիքներով են այգին մշակում, առանց աշխատուժի չեն կարող բերքահավաք անել: Ազատ Վարդանյանն ասում է, որ հիմա օրավարձով աշխատողներն ավելի շատ են վաստակում, քան իրենք՝ այգին մշակելուց: Նրա այգում 15 տոննա քիշմիշ է մնացել:

«Քաշն է պակասում, որակազրկվում է: Հիմա ի՞նչ անենք: Կարո՞ղ է մի 5 օր հետո թառամի: Վարկեր ունենք փակելու: Էս մի շարքը ծախել եմ ու մի կերպ մի ամսվա վարկն եմ փակել: Մնում է 2 ամսվա՝ ամեն մեկը 800 հազար դրամ: Դա որտե՞ղից եմ փակելու: Սա մնալու է հողի մեջ: Տղես ասում է՝ ջղայնանամ՝ կկտրեմ, կթափեմ: Ի՞նչ անես, սա երկար տարիների աշխատանք է»:

Ալաշկերտի վարչական ղեկավար Կարեն Հովհաննիսյանը դիմել է Պռոշյանի գինու և կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղին՝ գյուղի սեղանի սորտի խաղողի որոշակի քանակություն մթերելու խնդրանքով: