Թեհրանը Վաշինգտոնին նոր առաջարկներ է ներկայացրել և սպասում է պատասխանի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Նյու Յորքում Fox News-ի հետ զրույցում խոսել է ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցությունների մասին։ Իրանի նախագահն ասել է, որ երբ ԱՄՆ–ն հարձակվում է Իրանի վրա, Թեհրանը ստիպված է պաշտպանվելու։ Իրանի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ Թեհրանը Վաշինգտոնին առաջարկներ է ներկայացրել, որոնք հնարավորություն կտան վերաբացելու Հորմուզի նեղուցը մեկ շաբաթում։

Քաղաքական դաշտում չափավորական համարվող Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Նյու Յորք էր մեկնել անվտանգության ծառայությունների խիստ հսկողության ներքո։ Նա աշխարհի առաջնորդների համար ևս մեկ անգամ պարզաբանել է, որ Իրանը պատերազմ չի սկսել, բայց պատրաստ է պատասխանելու, եթե հակառակորդը ցանկանա շարունակել կռվել․

«Մենք պատերազմը չենք ընտրել։ Պատերազմը մեզ պարտադրվել է։ Մենք պատերազմ չենք փնտրում։ Փոխարենը, երբ նրանք հարձակվում են մեզ վրա, մենք ստիպված ենք պաշտպանվելու։ Մենք երբեք պատերազմ չենք սկսել, բայց եթե նրանք ցանկանան շարունակել կռվել մեզ հետ, մենք կպատասխանենք վճռականորեն։ Եվ այսօր մեզ վրա գործադրվող ճնշումները այնպիսին են, որ մեզ ստիպեն հանձնվելու միջազգային իրավունքի իրավական շրջանակներից դուրս, ինչը անհնար է»։

AP–ն նկատում է, որ ՄԱԿ ԳԱ-ում մանրամասն քննարկվել է իրավիճակը Թեհրանում, քանի որ երկու վաղեմի հակառակորդների միջև մեկ տարուց ավելի տևած բանակցությունները չեն կարողացել կայուն լուծում գտնել։

Իրանի նախագահի խոսքը հաջորդել է ԱՄՆ նախագահ Թրամփի ելույթին։

Միջազգային մամուլը նկատում է, որ ՄԱԿ-ում ելույթները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Հորմուզի նեղուցում շարունակվում են պարբերաբար հարձակումները, որտեղ առևտրային նավագնացության մակարդակը մնում է նախապատերազմյան մակարդակից ցածր։ Թեման նյույորքյան քննարկումների առանցքում էր։ Washington Post-ը տեղեկացնում է, որ Թեհրանը Հորմուզի նեղուցը մեկ շաբաթվա ընթացքում բացելու առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին։

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակում լրագրողների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այն առաջարկները, որ ներկայացվել են Վաշինգտոնին, հնարավորություն կտան Հորմուզի նեղուցը բացելու յոթ օրում և վերականգնելու նավագնացությունը։ Նա նաև կարևորել է հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցությունների վերսկսումը, ինչը հնարավոր կլինի, եթե ԱՄՆ–ն ընդունի միջնորդների միջոցով փոխանցած Իրանի առաջարկները․

«Իրանը Թրամփի վարչակազմին է փոխանցել մի առաջարկ, որը հնարավորություն կտա, որ Հորմուզի նեղուցը վերաբացվի, իսկ լայնամասշտաբ պատերազմը դադարեցնելու մասին բանակցությունները կվերսկսվեն յոթ օրվա ընթացքում»։

Ըստ Արաղչիի՝ Թեհրանի նոր առաջարկը նման է փոխըմբռնման հուշագրին, որը կողմերը համաձայնեցրել էին երեք ամիս առաջ։ Ըստ այդմ՝ ԱՄՆ-ն պետք է յոթ օրվա ընթացքում որոշակի քայլեր անի բանակցությունները վերսկսելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու համար։

Իրանի ԱԳ նախարարը պարզաբանել է, որ իրենք առաջարկը փոխանցել  են և արդեն սպասում են Վաշինգտոնի պատասխանին: Թեև Թեհրանը չի շտապում, Արաղչին հուշում է, որ լավ կլինի, եթե ԱՄՆ–ն շուտ համաձայնի, և բանակցությունները վերսկսվեն առաջիկա օրերին։

Leave a Comment