68 տարեկանում կյանքից հեռացել է վաստակավոր կոլեկտիվ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն, հայտնի մշակութային գործիչ Սամվել Մեսրոպյանը։ Սգո լուրը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Սամվել Մեսրոպյանը ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 16-ին։ Նա տասնամյակներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանի մշակութային կյանքում՝ ղեկավարելով մի շարք առաջատար կազմակերպություններ։
2013-2021 թվականներին ղեկավարել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը, իսկ 2023-2026 թվականներին հանդիսացել է Առնո Բաբաջանյանի անվան մշակութային հիմնադրամի համահիմնադիրն ու տնօրենը։
Մեսրոպյանը կարևոր ներդրում է ունեցել միջազգային և հանրապետական նշանակության բազմաթիվ նախագծերի կայացման գործում։ Նա մասնակցել է «ՀայՖեստ», «Նազենիկ» փառատոնների, «Սայաթ-Նովա» և «Վահագն» մրցանակաբաշխությունների կազմակերպմանը, եղել է «Ոսկե կիթառ» ու «Առնո Բաբաջանյան» երգի միջազգային փառատոնների հեղինակն ու տնօրենը։
Հայ արվեստի հանրահռչակման և մշակութային զարգացման գործում ունեցած ավանդի համար 2019 թվականին Սամվել Մեսրոպյանը պարգևատրվել է ՀՀ Երախտագիտության մեդալով։