ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնում հանրապետության դպրոցներում։ Պատճառը քաղաքացիների բողոքներն են։ Iravaban.net-ը տեղեկանում է տեսչական մարմնից։
Հիմք ընդունելով քաղաքացիներից ստացված մտահոգությունները դպրոցներում սննդամթերքի պատրաստման և իրացման սանիտարահիգիենիկ վիճակի վերաբերյալ, ինչպես նաև ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության թեսչական մարմինը վերահսկողություն է սկսել Հանրապետության 969 պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցներում գործող ճաշարաններում և բուֆետներում։
Երևանի մի շարք դպրոցներում իրականացված վերահսկողական միջոցառումների մեկնարկին մասնակցել է նաև տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։ Տեղում ծանոթանալու համար դպրոցների ճաշարաններում և բուֆետներում սննդի կազմակերպման գործընթացին։ Տիգրան Պետրոսյանը դպրոցների պատասխանատու ուշադրությունը հրավիրել է սննդամթերքի անվտանգության պահանջների և սանիտարահիգիենիկ նորմերի պատշաճ պահպանման անհրաժեշտության վրա, ընդգծելով անվտանգ սննդի կազմակերպման գործընթացում սահմանված պահանջների հետևողական պահպանման կարևորությունը։
Դպրոցների ճաշարանների և բուֆետների մշտադիտարկման աշխատանքները կշարունակվեն մինչև նոյեմբերի 15-ը, կներկայացվի ամփոփ վերլուծություն։