Մենք ազգովի պարտավոր ենք կտրել զիջումների այս շղթան հանուն մեր հավաքական լինելիության․ Ռուստամյան 

25 Սեպտեմբերի, 2026

«Հայաստանի և Արցախի դեմ վերջին շրջանում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով Հարավային Կովկասում զգալիորեն փոխվել է ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ Ստեղծված վիճակում անհրաժեշտ է կատարել հայ ժողովրդին սպառնացող վտանգների և առաջացած նոր մարտահրավերների ամբողջական վերագնահատում և դրա հիման վրա կառուցել մեր առաջիկա ծրագրերն ու անելիքները։

Եթե մինչ այս պատերազմական գործողությունները Հայ դատի կառույցները գործում էին շահեկան դիրքերից՝ արժևորելով և ամրապնդելով արցախյան ազատամարտում հայության տարած հաղթանակի արդյունքները, ապա հիմա ստիպված են դիմակայել պարտության ծանր հետևանքներին և հաղթահարել նորաստեղծ մարտահրավերները։

Առ այդ հայության և Հայ դատի մեր կառույցների առաջնահերթ խնդիրներն են պահպանել հայկական ինքնությունը, հայոց պետականությունն ու ինքնիշխանությունը, տեր կանգնել հայ ժողովրդի ու նրա սերունդների անժամանցելի իրավունքներին և կանխել Հայաստանի թուրքացումը։

Թուրքացումը ինչ-որ գեղարվեստական ձևակերպում չէ, այլ թուրք-ադրբեջանական տանդեմից Հայաստանի քաղաքական, անվտանգային, տնտեսական և այլ բազմամակարդակ ու բազմաբնույթ կախվածության վիճակի կոնկրետ բնորոշում է։ Սա այն է, երբ Հայաստանը վերածվում է անվանականորեն գոյություն ունեցող, սակայն Թուրքիայից և Ադրբեջանից փաստացի լիովին կախյալ, կցորդ երկրի։

Այսօր Հայ դատի խնդիրների հետապնդման համար տարվող պայքարը, արտաքին խոչընդոտներից զատ, դժբախտաբար ձեռք է բերում նորահայտ ներքին ճակատ։ Եվ դա այն պատճառով, որ մեր ժողովրդի անժամանցելի իրավունքների պաշտպանության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի պայքարին, ըստ էության, միացել է նաև Հայաստանի գործող վարչախումբը»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի խորհրդաժողովի ընթացքում հայտարարեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment