Ապաքաղաքական քաղաքականներ – Ազգ

Ակնհայտ է, որ առաջիկայում ԹՐԻՓՓ ծրագրի փաստաթղթի քննարկումը խորհրդարանում դառնալու է ընդդիմություն-իշխանություն գլխավոր ճակատամարտի դրսեւորումը եւ մեր երկրում աշխարհաքաղաքական շահերի բախման գլխավոր երեւակիչը:

Ակնհայտ է, որ այն, ինչ սովորաբար ե’ւ ընդդիմությունը, ե’ւ իշխանությունը փորձում են լղոզել, այն է` հստակ կողմնորոշման եւ իրենց աշխարհաքաղաքական տերերի մասին հարցերից խուսանավումներ, այս անգամ թաքցնել ոչ մեկին չի հաջողվելու, եւ կողմերն կամա-ակամա խոստովանելու են շատ բան: Գումարած դրան, որ բաժնետիրացված խորհրդարանում եւ նրանից դուրս տվյալ պահին աշխարհաքաղաքական խաղացողները տարբեր գործիքներ են կիրառելու` սկսած տնտեսականից մինչեւ անձնապես ֆիգուրների վրա ազդելու ճնշումներ, գազի անջատման սպառնալիքից մինչեւ նոր եվրոպական ֆինանսական ներարկումներ ու ամերիկյան խոստումներ: Եւ Նիկոլ Փաշինյանի` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի միջանցքներում երկու աթոռին նստելու մասին ռուս լրագրողի հարցի պատասխանը, թե մենք նստում ենք հայկական աթոռին, այդ անորոշ-անհստակ տեսքով հնարավոր չի լինելու լիարժեք քաղաքական համարել, ու հարկ է լինելու այն բացել:

Առհասարակ` բազմաթիվ մանր թեմաներից առանձնացնենք այն երկու-երեքը, որոնք դառնալու են իշխանության եւ ընդդիմության առաջիկա բախումների առանցքը եւ քիչ գլխացավանք չեն պատճառելու իշխանությանը:

Անկլավները զիջելու թեման, որը ցավոտ է հայ հանրության համար եւ միանշանակ չի ընկալվում, դեռ նոր է թափ հավաքում: Հանրության մեծամասնությունը չի ընդունում Քյարքի անվանումը, եւ Տիգրանաշենի հնարավոր զիջման ակնարկն իշխանության կողմից կամ Արծվաշենի մերը լինելու խոսույթն էլ պրագմատիկ չէ: Ռազմավարական առումով Արծվաշենի վերադարձն ինչ-որ բան կնշանակեր, եթե տարածքային ուղիղ կապ ապահովվեր Հայաստանի հետ, ինչպես որ մինչեւ 1938 թվականն էր: Տիգրանաշենից, Տավուշից, Սյունիքից ինչ-որ հատվածների զիջումն ուղիղ սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, էլ չասած, որ դրանք պահանջելու Ադրբեջանի իրավական հիմքերն այնքան թույլ են, որ էլի աշխարհաքաղաքական խաղացողներն այդ իրավական մահակները միշտ կարող են կիրառել իրենց շահերի համար եւ Հայաստանի սահմաններին տարբեր սադրանքներ կազմակերպել իրենց նպատակներն իրագործելու համար: Ու Հայաստանի խնդիրն է ոչ թե տրվել այս կամ այն աշխարհաքաղաքական մահակին կամ ադրբեջանական անհագ ախորժակին, այլ օգտագործել պատմաիրավական բոլոր հիմքերը եւ Հայաստանի ռազմավարական-անվտանգային տարածքները ոչ մի կերպ չզիջել:

Ավելի թարմ, եւ ինչպես երեւում է շարունակական թեման հայկական մշակութային ժառանգության յուրացումն է Ադրբեջանի կողմից եւ անգամ դրանք գողանալու մեջ մեզ մեղադրելը: Սա մեծ վտանգ է Հայաստանի պետականության համար, քանի որ Ադրբեջանի նպատակները հեռահար են` մեզ ներկայացնել ագրեսոր, հավակնել մեր տարածքներին` նաեւ մշակույթը գողանալով, դրանք անվանելով ադրբեջանական, շարունակական քայլերով գնալ դեպի մեր ամեն ինչի յուրացմանը: Եւ այս մասին միջազգային մակարդակով հարց բարձրացնելը, որը չի անում մեր իշխանությունը, ոչ թե օգնում է խաղաղության գործընթացին, այլ, ընդհակառակը, խանգարում է, չպատասխանելը կամ Մատենադարանի մակարդակով պատասխանելն արձակում է անվերջ պահանջներ ներկայացնող Ադրբեջանի ձեռքերը նոր պահանջների համար:
Ի՞նչն էր խանգարում ԹՐԻՓՓ-ի մասին խոսելիս կամ մյուս առիթներով ՄԱԿ-ի վեհաժողովի ամբիոնից կամ պանելային քննարկումներին հիշատակել Ադրբեջան այդպիսի վարքագիծը որպես խաղաղությանը խանգարող գործոն, դա կարող էր անել Նիկոլ Փաշինյանը` խաղաղության մրցանակով կամ ՄԱԿ-ում լավ ընդունելությամբ ամրապնդված: Կամ Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով ձեւաչափով ԹՐԻՓՓ-յան քննարկմանն այս հարցը բարձրացնել:

Այս իմաստով ես չեմ դադարում զարմանալ նաեւ մեր ընդդիմության վրա, որը նույնպես չի կիրառում իր ունեցած գործիքները` ասենք կարող էր այդ թեմայով որեւէ ձեւաչափով հարցի ուղղում կազմակերպել Նիկոլ Փաշինյանին կամ որեւէ առանցքային ֆիգուրի հենց ՄԱԿ Վեհաժողովի շրջանակում` թեկուզ մի քիչ էլ փող ծախսեր-մարդ վարձեր: Դե հա` Տիգրանշենում ծառ էին տնկում, առաջիկա ՏԻՄ ընտրություններով են մտահոգված, խորհրդարանում Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ դեսպաններին են հանդիպում- ԹՐԻՓՓ-ին տարածաշրջանային երաշխավորի անհրաժեշտությունից խոսում: Էլ չասած, որ մեր երկրի ներսում ունեցած գործիքներն անգամ չեն գործածում:

Առհասարակ` ընտրություններից հետո մեր ընդդիմադիրների գործունեությանը նայելիս հասկանում ես, որ նրանց խոսույթից շատ դեպքերում բացակա է քաղաքական տարրը, մեր ընդդիմության գլխավոր հոգսը իշխանությանը մեղադրելն է` ուզած հարցի վերաբերյալ քաղաքական անորոշ այլընտրանք առաջարկելով, կամ ընդհարապես ոչինչ չառաջարկելով: Մոտավորապես այսպիսի`«Մենք չլինեինք` ով էր խոսելու Քյարքիի մասին» (Սամվել Կարապետյան): Ընդհանրապես` երբեմն ընդդիմություն-իշխանություն ողջ բանավեճն է ինձ ապաքաղաքական թվում, միմյանց ոչնչացնելու մոլուցքը, որտեղ ոչ մի քաղաքական բան չկա: Եւ իրոք` ովքե՞ր են ֆիգուրները, որ քաղաքական առաջարկների սպասենք, օրինակ խորհրդարանում Արթուր Խաչատրյանի նման քաղաքականապես պատրաստ քանի՞ ֆիգուր կգտնվի`ավելի շատ ճվճվացող աղջիկներ եւ բակի կռվում հաղթելու մտայնությամբ տղերք են բոլոր խմբակցություններում էլ` մի քանի տարբերվող պատգամավորները բացառյալ: Այդ մարդկանցից ի՞նչ քաղաքական խոսույթ եւ քաղաքական այլընտրանք սպասել: Սրանցո՞վ պիտի ռուսական գազային տեռորին դիմակայենք, ԹՐԻՓՓ-ի օգուտ-վնասի իրական հաշվեկշիռ փորձենք ստանալ, առհասարակ` լուրջ մարդիկ ի՞նչ սպասեն այս ոչ քաղաքական խորհրդարանից:

Միայն այն, որ ընդդիմադիրներն անգամ իրար հանդուրժել չսովորեցին, ամեն ինչ ասում է ընդդիմադիրների որակի մասին: Օրինակ` Սամվել Կարապետյանն էր վերջին հարցազրույցում հաշիվ պահանջում ընդդիմադիրներից, որոնք նրա կարծիքով օգնեցին Նիկոլ Փաշինյանին իշխանության մնալ (բայց հենց այդպես էր ամեն բան նախագծված):

Իշխան Սաղաթելյանը, երբ խոսում էր համախմբումից, քանի որ այլ կերպ իշխանության դեմ պայքարել նրա կարծիքով չի ստացվի, նա եւս բացատրություն էր պահանջում համախմբանը դեմ ընդդիմադիր միավորներից: Այսինքն` ներքին տարաձայնությունները, պայմանավորված ընդդիմության լիդերների անձնական տարաձայնություններով, ավելի քան դերակատար էին ե’ւ առաջ, ե’ւ հիմա, եւ դա քաղաքական անվանել ոչ մի կերպ չի ստացվի: Եւ առհասարակ` Հայաստանում քաղաքական ոչինչ չկա` անհատների եւ փողի շուրջ կուտակված խմբեր են, տասնյակ անգամներ ենք ասել դա:

«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը վերջին խորհրդարանական ճեպազրույցներին պահանջում էր իշխանությունից ամենաբարձր մակարդակով արձագանքել հայկական մշակութային ժառանգության հանդեպ ադրբեջանական ոտնձգություններին: Ի՞նչ է նշանակում բարձր մակարդակ: ԱԺ-ն բարձր մակարդակ չէ՞: Բա ընդդիմադիր միավորներով հրատապ հարց բերեիք խորհրդարան այդ թեմայով, քննարկումը մեծ միջազգային արձագանք կստանար, թե չգիտե՞ք, որ դուք էլ եք ամենաբրաձր մակարդակի կառույցի մաս, եթե կուզեք` իշխանության մաս որպես ընդդիմություն:

Եւ էլի մի առանցքային թեմա է սպառնում թափվել մեր գլխին`իշխանության այն մտադրությունը, որով ԱԺ-ում եկեղեցու խնդիրների քննիչ հանձնաժողով է ստեղծվելու: Ավելին`հրապարակվել է այն ՊՈԱԿ-ի զեկույցը, որը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ուսումնասիրել է եկեղեցու խնդիրները: Զարմանում ու զարմանում ես, երկիրն ահռելի խնդիրներ ունի` անվտանգային, տնտեսական, սոցիալական, իսկ դուք կբռշկել եք եկեղեցուն, տեսարանների պակաս կա՞, հա՞: Հակակոռուպցիոն, էֆեկտիվ տեսաշար ապահովող ձերբակալությունների, ընտրական կաշառատվության ձայնագրությունների հրապարակման տեսարանները քչություն են անո՞ւմ:

Գերիները, գերինե’րը մնացին Բաքվում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապրակումներին հետեւեք հետեւյալ հղումով.

https։//www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

Leave a Comment