Ռուսական ռազմաբազան Հայաստանում փորձություն է հայ-ռուսական հարաբերությունների ապագայի համար

Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը այն սակավաթիվ թեմաներից էր, որ լայնորեն չքննարկվեց Հայաստանի ներքին քաղաքական շրջանակներում: Եթե քննարկվեց էլ, չափազանց քիչ՝ համեմատած հայ-ռուսական բազմաթիվ այլ վիճելի հարցերի հետ, ինչպես օրինակ` ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը, գազի գները, Հայաստանի վրա որոշ սահմանափակումների կիրառումը, եւայլն: Այդ թեման նաեւ հայ-ռուսական երկկողմ օրակարգային վիճելի հարցերից չէր ընդհանրապես, որի շուրջ կարելի էր քաղաքական ինտենսիվ քննարկումներ անցկացնել: Այդուհանդերձ, թեման օրակարգային դարձավ ՌԴ նախագահի եւ ՀՀ  վարչապետի այն հանդիպումից անմիջապես հետո, որի ընթացքում ՌԴ նախագահը նշեց, որ եթե Հայաստանը դրա կարիքը չունի, հենակետը շատ արագ կարող է վերացվել Հայաստանի տարածքից:

Այդ պահից սկսած թեման դարձավ լուրջ քննարկումների առարկա հայկական քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակներում: Ռուսական կողմն էր, որ թեման օրակարգային հարց դարձրեց եւ կարգավորման պարտավորությունը թողեց Երեւանին, խնդիրը ձեւակերպելով` «եթե Հայաստանը դրա կարիքը չունի» բառերով: Այլ կերպ ասած, Ռուսաստանը սպասողական դրության մեջ է մնալու` մինչեւ Հայաստանը կհայտարարի, թե ցանկանում է հենակետը դուրս բերվի ՀՀ տարածքից:

Հայաստանի պատասխանը շատերին զարմացրեց, հատկապես արեւմտամետ ուժերին, որովհետեւ Հայաստանը հակադարձեց, ասելով, որ եթե Ռուսաստանը ցանկանում է վերացնել հենակետը, Հայաստանը չի խոչընդոտի:

Ձեւակերպումը ՀՀ վարչապետի մակարդակով էր եւ իրականում նշանակում էր, որ որոշման պատասխանատվությունը դարձյալ Ռուսաստանի վրա էր թողնվում: Այնպես որ տպավորությունն այն է, որ երկու կողմերը իրար վրա են գցում վերջնական որոշում կայացնելու ծանր պատասխանատվությունը, միեւնույն ժամանակ հենակետի դուրս բերման հարցը դարձնելով հանրային քննարկման եւ քաղաքական օրակարգի թեմա:

Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայումը հետապնդում էր մի քանի նպատակ, որոնցից առաջինը Հարավային Կովկասում ռուսական ռազմական ներկայությունը պահպանելն էր: Դա հատկապես կարեւոր էր ռուսական զորքերը Վրաստանից դուրս բերելուց եւ Ադրբեջանում Գաբալա ռադիոտեղորոշման կայանից հեռանալուց հետո:

Այն փաստորեն դարձավ Ռուսաստանի միակ հենակետը Հարավային Կովկասում: Դա միաժամանակ ռազմական ներկայություն էր, որը տեղակայված էր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի սահմանի ուղիղ հակառակ կողմում, ինչը ռազմավարական նշանակություն էր ձեռք բերում ՆԱՏՕ-ՌԴ հակամարտության տեսանկյունից: Ավելին, դա Ռուսաստանի` որպես գերպետություն, կարգավիճակի բաղադրիչ գործոններից մեկն էր, քանի որ մեկ այլ երկրի տարածքում ռազմական հենակետ ունենալը ընդգծում էր Ռուսաստանի հեղինակությունը որպես գլոբալ դերակատարի:

Ռազմաբազայի ներկայությունը կարեւոր դեր խաղաց Հարավային Կովկասում հակադիր  ուժերի հավասարակշռությունը պահպանելու գործում: Դրա տեղակայումը, իհարկե, Թուրքիայի շահերի դեմ էր, քանի որ այն գտնվում էր սահմանին մոտիկ: Մյուս կողմից, սակայն, դա Իրանին բնավ չէր նյարդայնացնում, առնվազն այն իմաստով, որ բացի ռուսականից Հայաստանում ոչ մի այլ ռազմական ներկայություն չէր կարող լինել: Իրանի տեսանկյունից դա Հայաստանն ու ամբողջ տարածաշրջանը ավելի կառավարելի եւ կանխատեսելի էր դարձնում: Ճիշտ է, ռազմաբազան իրեն` Իրանին չէր պատկանում, սակայն պատկանում էր մի պետության, որը քիչ թե շատ բարեկամական հարաբերություններ ուներ Իրանի հետ: Հենակետը նաեւ ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ ռազմավարական եւ ռազմա-դիվանագիտական գործընկերության ցայտուն օրինակ էր, որ երկու երկրներում էլ հպարտորեն ընդգծվում էր:

Հենակետը որոշ դերակատարություն ունեցավ տարածաշրջանի կայունության պահպանման գործում, անշուշտ մինչեւ 2020-ի պատերազմը, երբ ՀՀ-ն ու ՌԴ-ն ռազմավարական դաշնակիցներ էին:

Հենակետի ներկայությունը հետապնդում էր նաեւ Հայաստանի պաշտպանությունը եւ ծառայում էր որպես զսպող մեխանիզմ, եթե ոչ Լեռնային Ղարաբաղի, ապա Հայաստանի անվտանգության համար:

Պատկերը, սակայն, զգալիորեն փոխվեց 2020-ի պատերազմից հետո, երբ ՌԴ-Թուրքիա հարաբերությունների բնույթը ձեւափոխվեց, սանձազերծվեց ռուս-ուկրաինական պատերազմը եւ զանազան այլ գործընթացներ տեղի ունեցան Հարավային Կովկասում վերջին 5-6 տարիների ընթացքում: Ռազմական հենակետը որոշ չափով կորցրեց իր նշանակությունն ու կարեւորությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար, չնայած այդ ամենը կատարվում էր տարածաշրջանային իրադարձությունների եւ ոչ թե երկկողմ հարաբերությունների շրջանակներում:

Պուտինի ակնարկը անսպասելի էր եւ կարծես նպատակ ուներ խրախուսելու Հայաստանին վերանայելու Ռուսաստանի հետ իր հարաբերությունները, ոչ թե որպես առանձին օրակարգային հարց, այլ որպես համապարփակ փաթեթ: Ի վերջո ՀԱՊԿ-ն, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ն միջազգային կազմակերպություններ են, մինչդեռ երկկողմ հարաբերությունների մեջ մտնում են բացի գազի սակագնից, ատոմակայանի եւ երկաթուղու հարցերը, որոնց գումարած՝ նաեւ Ռուսաստանի տնտեսական սահմանափակումների վերաբերյալ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ռուսաստանի հետ: Այլ խոսքերով` Ռուսաստանը Հայաստանի հետ իր երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունները դնում է մեկ ընդհանուր փաթեթի մեջ, որը ե՛ւ անվտանգության, ե՛ւ տնտեսական բաղադրիչներ է ներառում իր մեջ:

Սա նշանակում է, որ եթե Հայաստանը ցանկանում է իրեն հեռու պահել Ռուսաստանից, ապա համապատասխան հետեւանքը լինելու է իրարից ամբողջական անջատումը: Հանրաքվեի հարցը բարձրաձայնելով Ռուսաստանը ցանկանում է, որ Երեւանը հարաբերությունների ամբողջ փաթեթը դրանով պայմանավորի եւ ոչ թե սոսկ ԵԱՏՄ-ի անդամակցության հարցով սահմանափակվի: Սա անշուշտ Երեւանին ավելի դժվար կացության առաջ է կանգնեցնում, որովհետեւ խաղադրույքներն այս դեպքում շատ ավելի բարձր են:

Հանրաքվեի անցկացումը ենթադրում է ոչ միայն ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը, այլեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթն ու մակարդակը ճշգրտելու ավելի լայն սպեկտրով, քանի որ Ռուսաստանը օրակարգային բոլոր հարցերը դնում է մեկ ընդհանուր փաթեթի մեջ: Հանրաքվեի արդյունքում Հայաստանն ու Ռուսաստանը թշնամիներ չեն դառնալու անշուշտ, բայց քաղաքական, տնտեսական եւ ռազմական հարաբերությունները, որոնք երկար տարիների ընթացքում ձեւավորվել են կա՛մ զրոյանալու են, կա՛մ կորցնելու են իրենց նշանակությունը:

Կարեւոր է այստեղ շեշտել, որ Ռուսաստանը Հայաստանի թիվ 1 առեւտրային գործընկերն է, եւ երկու երկրների միջեւ կապերը հազարներով է գնահատվում: Այլ խոսքերով Ռուսաստանը հասկացնում է, որ հարաբերությունները պետք է ընթանան նոր ձեւաչափով, որի հիմքում ոչ թե ՀՀ կառավարության քաղաքականությունն է լինելու, որ Մոսկվայում որպես եվրոպամետ են բնորոշում, այլ հայ ժողովրդի կամքի արտահայտությունը: Այսինքն, եթե Ռուսաստանից հեռանալու ցանկությունը ոչ թե կառավարության, այլ ամբողջ հայ ժողովրդի կողմից է արտահայտվում, նշանակում է որոշումը հանրային է, եւ ժողովուրդն էլ պետք է պատրաստ լինի ստանձնելու հետեւանքների պատասխանատվությունը:

Հարցերի նման թեժացումը հզոր դրդապատճառ է չհեռանալու Ռուսաստանից եւ չլքելու ԵԱՏՄ-ն, որովհետեւ Եվրոմիությունը չի կարող այլընտրանքային մեխանիզմներ տրամադրել: Այնպես որ կարիք չկա ընտրություն կատարելու:

Հակառակ գործընթացի դեպքում, այսինքն` եթե Հայաստանը այնուամենայնիվ ցանկանա առավել անկախանալ Ռուսաստանից, ապա շատ ավելի բարդանալու է հարցը, քանի որ անկախ ռազմաբազայի խնդրից, Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ դիտարկվելու են ոչ թե սոսկ տնտեսական, այլեւ ռազմական, էներգետիկայի, աշխարհաքաղաքական եւ այլ ուղղություններով:

Իրականությունն այն է, որ ներկայումս հայ-ռուսական քաղաքական, ռազմական ու ռազմավարական հարաբերությունները ամենացածր մակարդակի վրա են, թեեւ տնտեսական ոլորտում դրանք դեռեւս զգալիորեն ամուր են եւ սերտորեն կապակցված իրար:

Ռուսաստանի մոտեցումը հետեւյալն է` կա՛մ բոլոր բնագավառներում միաժամանակ ինտեգրման եւ հարաբերությունների խորացման գործընթացները կշարունակեն ընթանալ միեւնույն ճանապարհով եւ ուղղությամբ, կա՛մ էլ դրանք բոլորովին առաջ չեն գնա եւ փոխարենը տեղի կունենա երկկողմ հարաբերությունների մակարդակի զգալի նվազում, ինչպես տեղի ունեցավ 2008-ից հետո Վրաստանի հետ:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(Armenian Mirror-Spectator, Boston, USA)

Leave a Comment