«Ներաշխարհն արտահայտելու արվեստ է նկարչությունը, որը թողնված է դիտողի ընկալումներին», ասում է գեղանկարիչ Արթուր Անդրանիկեանը:
Ծնունդով Գյումրիից է, կրթությամբ՝ բանասեր, բանասիրական գիտությունների թեկնածու է, բայց որպես գեղանկարիչ՝ մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների: Նրա ստեղծագործությունները ներկայացվել են օտար երկրների պատկերասրահներում, մշակութային կենտրոններում, համալրել մասնավոր հավաքածուներ:
Կերպարվեստում խիստ սկզբունքային է՝ ակրիլ ընդհանրապես չի օգտագործում, ստվարաթղթի վրա յուղաներկ՝ նույնպես: Բանասեր լինելը նրա ստեղծագործություններն առանձնացնում է գրական մտածողությամբ՝ գրականություն, պոեզիա՝ գույների լեզվով:

33 ստեղծագործություն. 6 գրաֆիկա, մնացածը՝ գեղանկար:


Արթուր Անդրանիկեանի անհատական ցուցահանդեսը 20 տարվա ընդմիջումից հետո կազմակերպել է Թեքեյան Մշակութային Միությունը՝ հենց Թեքեյան կենտրոնում: Ցուցադրվել չի սիրում, բայց մարդիկ սիրում են նրա գործերը, որոնք մտորելու տեղիք են տալիս: Ուզում են հասկանալ՝ գույների աշխարհը նրա վրձնի տակ ամեն կտավի վրա ի՛նչ հույզեր է խմորում, ի՛նչպես է հույզը պոռթկում:

Ուրախանում է, երբ նստում է սպիտակ կտավի առջեւ, այլ զգացողություն է ունենում, երբ այն ավարտում է:
Կարոտել էինք գույներիդ. Թեքեյան կենտրոնում ցուցահանդեսի բացմանն ասացին ընկերները:

Ցուցահանդեսը նաեւ առիթ էր՝ մտերիմներին տեսնելու, նորից զգալու այն ջերմությունը, որը ծնվում է Արթուր Անդրանիկեանի գույների աշխարհից: