Սահմաններն ու հեռավորությունը խոչընդոտ չեն․ հայ-ամերիկյան հարաբերությունները տնտեսական նոր շրջափուլ են մտնում

Արհեստական բանականություն, տվյալների կենտրոններ, մոդուլային ատոմակայաններ․ Հայաստան-ԱՄՆ տնտեսական հարաբերությունները զարգացման նոր փուլ են մտնում։ Դրա առանձնահատկություններն ու հնարավորությունները Հայաստանի վարչապետն աշխատանքային ընթրիքի ժամանակ  քննարկել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանն այդ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և դրա արդյունքում ձևավորվող հնարավորություններին։  

Հայաստան-ԱՄՆ գործարար խորհրդի նիստում վարչապետը խոսել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, դրան միտված TRIPP նախագծի և ձևավորվող հնարավորությունների մասին։  

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ամերիկյան առևտրատնտեսական գործակցությունը, որը որակական նոր փուլ է մտնում։ Վարչապետի խոսքով՝ նախորդ տարվա օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հետ ստորագրված փաստաթղթերն արդեն գործնական արդյունքներ ունեն։ 

«Հռչակագրի ստորագրման և ընդունման պահից մենք ունենք իրական խաղաղություն, լուրջ համագործակցություն արհեստական ​​​​բանականության ոլորտում»։

Երկկողմ հարաբերությունների զարգացման առումով կարևորվում են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP նախագծի իրականացմանն ուղղված քայլերը։ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում տեղի ունեցող զարգացումները, առկա հնարավորություններն ու բիզնես միջավայրի հետևողական բարելավման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերը։  

ԱՄՆ առևտրի պալատի փոխնախագահ Քուշ Չոքսը շնորհակալություն է հայտնել վարչապետին հյուրընկալվելու համար և նշել, որ պալատի անդամները ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներ: Նա հավելել է, որ հանդիպման նպատակն է ծանոթանալ տնտեսության ոլորտում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, ներդրումային հնարավորություններին և բիզնես միջավայրին:

Տնտեսագետ Սոս Խաչիկյանը կարծում է, որ 2025-ի օգոստոսին ստորագրված համաձայնագիրը երկու հիմնական ուղղություն է ենթադրում՝ հաղորդակցության ուղիներ և տեխնոլոգիաներ։ Վերջինն իր հերթին երկու ենթաուղղության  է բաժանվում՝ տվյալների կենտրոններ ու արհեստական բանականություն։ Կարևոր ուղղություն է նաև միջուկային էներգետիկան՝ մոդուլային ատոմակայաններով։  

«Սրանք ավելի շատ տեխնոլոգիա են, քան էլեկտրաէներգիա արտադրող կառույց։ Իհարկե, էլեկտրաէներգիա, բնականաբար, արտադրում են, բայց այդ արտադրության գործընթացի մեջ բավականին լուրջ է տեխնոլոգիական հիմքը, և եթե մենք հաշվի առնենք միջուկային էներգետիկայի տեխնոլոգիան և արհեստական բանականության ու տվյալների կառավարման տեխնոլոգիան, ապա ԱՄՆ ի հետ բիզնես համատեքստը ես կդիտարկեի այս շրջանակում»։

TRIPP-ը, փորձագետի դիտարկմամբ, մի կողմից Հայաստանը ապաշրջափակող ենթակառուցվածք է, մյուս կողմից՝ տնտեսության կարևոր ոլորտները զարգացնելու հնարավարորություն։ Խոսքը էներգետիկայի ու տեխնոլոգիական ոլորտի մասին է։ Այս դաշտում հայ-ամերիկյան գործակցությունը տնտեսական նոր մոդելով է կառուցվում, որը նոր հնարավորություններ է բացում։ Եվ այս դեպքում կարևոր չէ, թե որքան հեռու է ԱՄՆ-ն Հայաստանից՝ ասում է փորձագետը և հավելում՝ երբ խոսքը բարձր տեխնոլոգիաների մասին է, աշխարհագրական սահմաններն ու հեռավորությունն այլևս խոչընդոտ չեն։
 
 

Leave a Comment