Կառավարությունը հրապարակել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցը, որը կազմել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։ 74 էջանոց փաստաթղթում 16 արձանագրում է արվում, որոնցով, ըստ գործադիր իշխանության, արտահայտվում է ճգնաժամը։ Զեկույցը նաև ճգնաժամի հաղթահարման հինգ քայլից բաղկացած ճանապարհային քարտեզ է առաջարկում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ զեկույցի հիման վրա Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով կստեղծվի և օրենսդրական փոփոխություններ կառաջարկվեն։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում, կառավարության գնահատմամբ, խորքային ճգնաժամ կա։ Դրա մասին հրապարակված 74 էջանոց զեկույցում ներկայացվում է 16 հիմնական արձանագրում, որոնցով, ըստ գործադիրի, արտահայտվում է ճգնաժամը։ Փաստաթուղթը վարչապետի հանձնարարությամբ կազմել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։ Հեղինակները նշում են, որ զեկույցում օգտագործվել են բացառապես բաց աղբյուրներում առկա և օրինական ճանապարհով հասանելի տեղեկություններ՝ ավելի քան 250 հղումով։ Յուրաքանչյուր ուղղությամբ փաստերն ու վկայությունները համադրվել են ՀԱՍԵ Կանոնագրքի, Առաքելական կանոնների, Ազգային-Եկեղեցական ժողով գումարելու 1945թ. Կանոնադրության, կանոնական այլ փաստաթղթերի և ՀՀ օրենսդրության համապատասխան դրույթների հետ։
Օրերս Բուն TV-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր զեկույցի մասին՝ նշելով, որ այն ամբողջությամբ կարդացել է և եկել հետևյալ եզրահանգման․
«Իրավիճակը, որ մենք այսօր ունենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցում պարզապես սարսափելի է, որովհետև մեր եկեղեցին բռնազավթված է։ Եվ մենք պետք է այդ խնդիրը լուծենք»։

Խնդրի լուծումը վարչապետը տեսնում է նաև օրենսդրական փոփոխությունների միջոցով։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն արդեն նախնական քննարկում է ունեցել այս թեմայով։
«Եվ ես չեմ բացառում, որ զեկույցի հրապարակման արդյունքում նաև ԱԺ-ում քննիչ հանձնաժողով կստեղծվի, որը զեկույցից բխող օրենսդրական փոփոխությունների առաջարկներով հանդես կգա»։
Զեկույցի հեղինակները շեշտում են՝ փաստաթուղթը չի վիճարկում Եկեղեցու դավանաբանական հիմքերը, Սրբազան Ավանդույթն ու կանոնական կարգը։ Հակառակը՝ այն փաստագրում է այդ հիմքերի խախտումները՝ ի պաշտպանություն Եկեղեցու ինքնության և ինքնավարության։
Ճգնաժամը փաստող հանգամանքները, ըստ հեղինակների մի քանիսն են՝ կուսակրոնության և բարեվարքության խախտումների անպատժելիություն, ֆինանսական անթափանցիկություն և եկեղեցապատկան գույքի ոչ նպատակային օգտագործում, Սուրբ Խորանի քաղաքականացում և արտաքին ազդեցությունների տարածում, պառակտումներ Սփյուռքի թեմերում և այլն։
Զեկույցի հրապարակումից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից «Ռադիոլուր»-ին հայտնել են, որ պաշտոնական դիրքորոշում կհայտնեն օրվա ընթացքում։
Մինչև այդ զեկույցին անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը։ Նա սոցցանցի իր էջում գրել է․
«Տեսա, կարդացի, ևս առավել համոզվեցի՝ հզոր և հաղթական է Հայոց Սուրբ Եկեղեցին։ Քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը։ Թող ամենազոր Աստված լինի մեզ օգնական»։
Փաշինյանի առաջարկած հնարավոր քննիչ հանձնաժողովի հարցում խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները տարբեր հայտարարություններ են արել։
«Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն օրերս նշել էր, որ խմբակցությունը դեռևս վերջնական որոշում չունի, սակայն իր դիրքորոշումը հետևյալն է․
«Բնականաբար, այս ԱԺ-ի կողմից ստեղծվող նմանատիպ հակաօրինական և օրենքից դուրս քննիչ հանձնաժողովներին մաս կազմելու ցանկություն մենք չունենք»։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Մարիաննա Ղահրամանյանն էլ հայտարարել էր, որ իրենք չեն մասնակցի նման հանձնաժողովի ձևավորմանն ու աշխատանքին։ Նա հիշեցրել էր Սահմանադրությամբ պետության և եկեղեցու անջատ լինելու հանգամանքը։
«Քաղաքական իշխանությունը որևէ իրավասություն չունի՝ միջամտելու եկեղեցու ներքին գործերին։ Մենք չենք ներգրավվելու որևէ հակաեկեղեցական գործընթացի, հակառակը՝ մենք լինելու ենք Մայր Աթոռի կողքին»։
Եկեղեցու շուրջ հակասությունները վերջին շրջանում արտահայտվում են նաև իրավական դաշտում՝ հոգևորականների նկատմամբ հարուցված և դատարններում քննվող քրեական գործերով։ Դրանցից ամենաուշագրավը կաթողիկոսի և 6 բարձրաստիճան հոգեևորականների գործն է, որով նրանք մեղադրվում են դատական ակտը չկատարելու մեջ։ Գործը մի քանի դատարան փոխելուց հետո կրկին վերադարձել է Արմավիրի ընդհանուր իրավասության դատարան։