ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նյույորքյան հանդիպումներն ու հայտարարությունները առաջին հայացքից տարբեր ուղղությունների են վերաբերում՝ Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, Իրան, Միացյալ Նահանգներ և Եվրամիություն։
Սակայն դրանց համադրության մեջ առանձնանում է մեկ ընդհանուր թեմա՝ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը վերափոխվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումից հետո։ Այս նոր իրավիճակում Երևանը փորձում է միաժամանակ առաջ մղել մի քանի ուղղություն՝ խորացնել հարաբերությունները, զարգացնել նոր տնտեսական ու քաղաքական կապեր և խաղաղությունը վերածել գործնական համագործակցության հնարավորության։
Հայաստանի վարչապետի նյույորքյան հանդիպումներից առանձնացավ Փաշինյան-Էրդողան հանդիպումը և անդրադարձը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և պայմանավորվածությունների իրականացմանը։ Շեշտվել է հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը, առևտրատնտեսական հարաբերությունների խթանումը և Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման շարունակումը։ Հայաստանից և Թուրքիայից հանդիպման մասին միանման հաղորդագրություններ տարածվեցին․ մեջբերում․
«Հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջև շփումները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերություններում դրական դինամիկան պահպանելու կարևորությունը»։
Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին հրավիրել է Թուրքիայում կայանալիք COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին, որը նոյեմբերի 9-20-ին կանցկացվի Անթալիայում։
Հանդիպման կարևոր շեշտադրումներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն է։ Փաշինյանն ու Էրդողանը վստահություն են հայտնել, որ այն էականորեն կնպաստի տարածաշրջանային գործակցության զարգացմանը։ Նույն ակնալիքը կա նաև TRIPP նախագծից։
Նյու Յորքում այս թեման շարունակվել է նաև արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ քննարկմանը, որտեղ TRIPP-ը և Տրանս-Կասպյան առևտրային երթուղին ներկայացվել են որպես տարածաշրջանային կապակցվածության կարևոր ուղղություններ։ Նույն օրակարգը քննարկվել է նաև Հայաստան-ԵՄ ձևաչափում։ Արարատ Միրզոյանը Նյու Յորքում ԵՄ կայուն տրանսպորտի և զբոսաշրջության հարցերով հանձնակատար Ապոստոլոս Ցիցիկոստասի հետ քննարկել է TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը։
Իսկ Ռուսաստանի առումով նյույորքյան հարթակներում Փաշինյանի հայտարարությունները մեկ այլ հարց են բացել՝ ինչպիսի՞ն են լինելու հայ-ռուսական հարաբերությունները նոր պայմաններում։ Ռուսական «Իզվեստիա»-ի հետ զրույցում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է զարգացնել և խորացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Վարչապետի խոսքով՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը Ռուսաստանի հետ հարաբերությունները հիմնականում կենտրոնացած էին անվտանգության հարցերի վրա, իսկ այժմ՝ խաղաղ պայմաններում, հարաբերություններն օբյեկտիվորեն վերափոխվում են։ Հնարավո՞ր է համատեղել Ռուսաստանի և Եվրոպայի ուղղությամբ քաղաքականությունը, դա չի՞ նշանակի «երկու աթոռի վրա նստել», Փաշինյանն արձագանքել է․
«Իսկ ինչո՞ւ երկու աթոռի վրա։ Մենք նստած ենք մեկ՝ հայկական աթոռի վրա»։
Չե՞ք կարծում, որ չափազանցված են եվրոպացիների կողմից հայկական արտադրանքի 99 տոկոսի համար շուկան բացելու խոստումները՝ հետաքրքրվել է ռուս լրագրողը։
«Երևանը բոլոր գործընկերների հետ փորձում է լինել ազնիվ ու բաց և ակնկալում է փոխադարձություն»։
Նյույորքյան հանդիպումներից Իրանն էլ դուրս չի մնացել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպմանը Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է, որ գործակցությունը հաջողությամբ զարգանում է տարբեր ոլորտներում։ Այստեղ ևս տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը ներկայացվել են որպես համագործակցության կարևոր պայման։ Այսպիսով, Նյու Յորքում հնչած հայտարարություններն ու հանդիպումները տարբեր հասցեատերեր ունեն, բայց առանցքային են մի շարք թեմաներ՝ խաղաղության պահպանում և ամրապնդում, տարածաշրջանային հաղորդակցությունների բացում, տնտեսական կապերի ընդլայնում և արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացում։