Միջազգային պահանջներին համահունչ․ Հայաստանը թարմացնում է տարբեր ոլորտներում գործող ստանդարտները

Հայաստանում տարբեր ոլորտների համար գործող ստանդարտները պետք է ավելի մոտեցվեն միջազգային պահանջներին։ Փոփոխությունները նախատեսվում են մի շարք ոլորտներում՝ սննդամթերքի անվտանգությունից ու սերտիֆիկացումից մինչև շրջակա միջավայր և աշխարհագրական տվյալներ։ Կառավարության այսօրվա նիստը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Գործադիրը հաստատել է 2026 թվականի պետական ստանդարտացման ծրագիրն ու աշխատանքների ցանկը։

Առաջիկայում Հայաստանում կսկսեն նոր ստանդարտներ գործել տարբեր ոլորտներում։ Կառավարությունը հաստատել է 2026 թվականի պետական ստանդարտացման ծրագիրն ու աշխատանքների ցանկը՝ որում ներառված են սննդամթերքի անվտանգությունը, սերտիֆիկացումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, երկրի աշխարհագրական տվյալները և այլն։ Կառավարության սեպտեմբերի 24-ի նիստում ծրագիրը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը․

«Ստանդարտացման գործընթացը ոչ միայն տնտեսության, այլ նաև մյուս բոլոր ոլորտներում մեզ համար կարևոր է և, ըստ էության, գործող ստանդարտների արդիականացում ենք սրանով անում, միջազգային և տարածաշրջանային ստանդարտների ներդաշնակեցում»։

Ստանդարտները, պարզ ասած, սահմանում են, թե ինչ պահանջների պետք է համապատասխանի այս կամ այն ապրանքը, ծառայությունը, գործընթացը կամ կառավարման համակարգը։ Իսկ սերտիֆիկացումը այդ համապատասխանությունը գնահատելու և փաստելու գործիքներից է։

Նախարարի ներկայացրած ծրագրով նախատեսվում է նոր պահանջներ սահմանել տարբեր ոլորտներում աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող կազմակերպությունների համար։

«Այս փուլում կառավարման համակարգերի ոլորտում նախատեսում ենք մշակել սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջներ, ինչպես նաև արտադրանքի, գործընթացների և ծառայությունների գնահատման ու սերտիֆիկացման վերաբերյալ ստանդարտներ»։

Այսինքն՝ խոսքը միայն արտադրանքի մասին չէ։ Ստանդարտների միջոցով պետք է հստակեցվեն նաև այն կանոնները, որոնցով գնահատվելու է՝ արդյո՞ք տվյալ արտադրանքը, ծառայությունը կամ գործընթացը համապատասխանում է հաստատված չափանիշներին։

Նախարարը, որպես մեկ այլ ուղղություն, առանձնացրեց շրջակա միջավայրը։ Նախատեսվում է ազգային ստանդարտներ սահմանել ջրում որոշ նյութերի առկայությունը որոշելու մեթոդների համար։ Աշխարհագրական տվյալների հարցում էլ գործող մոտեցումները պետք է համապատասխանեցվեն ժամանակակից մեթոդաբանության և կոդավորման պահանջներին։

Գևորգ Պապոյանը ներկայացրեց նաև արտահանման վերջին ամիսների պատկերը։ Նա նշեց, որ ընդհանուր ցուցանիշների հետևում տարբեր ուղղություններում էական տարբերություններ կան։

«Եթե նախորդ տարի 990 միլիոն դոլար շուրջ ապրանք էինք արտահանել մինչև օգոստոսը ներառյալ այս տարի 943 միլիոն դոլար տարբերությունը մոտ 5 % է։ Միակ ուղղությունը, որտեղ անկում ունենք հայկական ծագման արտադրանքի էական անկում, Եվրասիական միության շուկան է »։

Նոր ստանդարտների  գործնական նշանակությունը տեսանելի է դառնում հատկապես այն ժամանակ, երբ խոսքը հայկական արտադրանքը արտաքին շուկա հանելու մասին է։ Խոսելով արտահանման աջակցության ծրագրերի մասին՝ Պապոյանն անդրադարձավ նաև արտադրանքի որակին։ Նա նշեց, որ ՍԱՏՄ-ի գործընկերների հետ երկրի սահմաններին են խիստ վերահսկողություն իրականացնում, որպեսզի Հայաստանից անորակ ապրանք դուրս չգա։

«Այսինքն՝ էստեղ շատ կարևոր է, որ մենք վստահ լինենք, որ էն արտադրանքը, որը որ դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, դա բարձր որակի է և արտաքին շուկաներում պահանջարկ է ունենալու»։

Արտահանմանն առնչվող քննարկման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձավ պետական աջակցության տրամաբանությանը։ Նա շեշտեց, որ այն պետք է տարբերակվի, հաշվի առնելով արտահանվող արտադրանքի առանձնահատկությունները։

«Մենք պետք է այսօրվանից սկսենք մտածել, որպեսզի բիզնեսին օժանդակենք ինստիտուցիոնալ, ոչ թե պահային, իսկ դրա համար մենք պիտի իջնենք ապրանքի տեսակ` քաշ գին վաճառքի գին ինքնարժեք սխեմայի, որպեսզի մեր աջակցության ծրագրերը լինեն ավելի թիրախային»։

Այս ամենի գործնական արդյունքը պետք է տեսանելի լինի արդեն հաջորդ փուլում՝ թե՛ ստանդարտների կիրառման, թե՛ արտահանման աջակցության ծրագրերի վերանայման ժամանակ։ Իսկ նախատեսված ստանդարտները ամբողջությամբ կմշակվեն մինչև տարեվերջ, վստահեցրեց էկոնոմիկայի նախարարը։

Leave a Comment