Հակադիր ուղերձներ ՄԱԿ-ի ամբիոնից՝ Ուկրաինայի պատերազմի շուրջ

Ռուս-ուկրաինական պատերազմը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի օրակարգում կրկին ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական քննարկումների գլխավոր թեմաներից է։ Նյու Յորքում արված հայտարարությունները ցույց են տալիս, որ պատերազմի ավարտի անհրաժեշտության շուրջ միջազգային մակարդակում ձևավորվում է լայն համաձայնություն, սակայն դրան հասնելու ճանապարհի և, հատկապես հրադադարի հարցում, կողմերի դիրքորոշումները շարունակում են էապես տարբերվել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գլխավոր ասամբլեայի ամբիոնից իր ելույթի հիմնական մասը նվիրել է Ռուսաստանի հարձակումների մասշտաբին, Ուկրաինայի դիմադրությանը և այն վտանգներին, որոնք, նրա գնահատմամբ, պատերազմը ստեղծում է ոչ միայն Ուկրաինայի, այլև ավելի լայն տարածաշրջանի ու աշխարհի համար։

Զելենսկու ներկայացրած տվյալներով՝ 2026 թվականի սկզբից Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 2100 հրթիռ է արձակել, որոնցից ավելի քան 950-ը՝ բալիստիկ։ Միայն առաջին ութ ամիսներին, նրա խոսքով, կիրառվել է մոտ 63 հազար հարվածային անօդաչու սարք, այդ թվում՝ ավելի քան 7700 ռեակտիվ «Շահեդ»։

«Ռուսաստանը ցանկանում է օդային սպառնալիքը դարձնել ամենժամյա երևույթ՝ հարվածելով մեր քաղաքներին, տնտեսությանը և ենթակառուցվածքներին, խաթարելով մարդկանց կյանքը և թույլ չտալով երեխաներին սովորել կամ պարզապես գնալ դպրոց»։

Ուկրաինայի նախագահը միաժամանակ հայտարարել է, որ Կիևը մեծացրել է սեփական հարվածների հեռահարությունը և արդեն կարողանում է հարվածել ռուսական ռազմական օբյեկտներին երկրի խորքում։ Նրա խոսքով՝ ուկրաինական երկարահար հարվածային անօդաչուները հասել են մինչև Սիբիրի և Յամալի ռազմական գործարաններ։ 

Զելենսկու ելույթի մեկ այլ առանցքը ռուսական բանակի կորուստներն էին։ Նա հայտարարել է, որ միայն 2026 թվականի հունվարից օգոստոս Ռուսաստանի բանակը մարտի դաշտում կորցրել է 248 հազար 964 զինծառայողի՝ զոհվածների և ծանր վիրավորների հաշվարկով։ Այս գնահատականը, սակայն, անկախ աղբյուրներով ամբողջությամբ հաստատված չէ։ Զելենսկին նաև նշել է, որ այդ մարդկային կորուստների դիմաց Ռուսաստանը տարեսկզբից կարողացել է գրավել Ուկրաինայի տարածքից հազար քառակուսի կիլոմետրից մի փոքր ավելի, որի զգալի մասը արդեն վերադարձվել է իրենց վերահսկողության տակ։

Սակայն Կիևի ուղերձը միայն ռազմաճակատի մասին չէր։ Զելենսկին միջազգային հանրությանը կոչ է արել պահպանել ճնշումը Ռուսաստանի ֆինանսական և ռազմական կարողությունների նկատմամբ։ Նա պնդել է, որ ռուսական եկամուտների սահմանափակումը պետք է դիտարկել որպես պատերազմը երկարաձգելու հնարավորությունները կրճատելու միջոց։

Միաժամանակ նա խոսել է նաև պատերազմի հնարավոր հաջորդ փուլերի մասին՝  առանձնացնելով անօդաչու տեխնոլոգիաների և արհեստական բանականության արագ զարգացումը։

«Մենք պետք է դանդաղեցնենք սպառազինությունների արագ զարգացումը, նախքան հաջորդ փուլին հասնելը, քանի որ արդեն հաջորդ տարի իրական հավանականություն կա, որ մարտի դաշտում տեղի ունեցողի վերաբերյալ որոշումներ կսկսի կայացնել ոչ թե միայն մարդը, այլև արհեստական բանականությունը։ Եթե լսեք արհեստական բանականության ամենամեծ ջատագովներին, ապա կիմանաք, որ, ըստ նրանց, մի օր այն թվային աշխարհը ձևավորելուց կանցնի ատոմների ձևավորմանը։ Երբ դա տեղի ունենա, լավ կլինի, որ մենք խաղաղության մեջ լինենք»։

Իսկ մինչև այդ խաղաղությունը, ըստ Զելենսկու, Ուկրաինան պատրաստվում է դիմակայել ևս մեկ ծանր ձմռան։ Նա զգուշացրել է, որ եթե Ռուսաստանը շարունակի հարվածները Ուկրաինայի էներգետիկ և ջեռուցման համակարգերին, Կիևը կավելացնի Ռուսաստանի համար պատերազմի գինը։

«Ուկրաինացիները հասկանում են, որ այս ձմեռը կարող է շատ դժվար լինել մեզ համար, բայց  ի պատասխան՝ մենք այլընտրանք չենք ունենա, քան այն ցավոտ դարձնել նաև Ռուսաստանի համար»։

Այս կոշտ հայտարարությունների կողքին ՄԱԿ-ում հնչել է նաև ավելի լայն միջազգային կոչ՝ ուղղված Ռուսաստանին. Համաձայնել ամբողջական, անհապաղ և անվերապահ հրադադարի։ 51 պետություն համատեղ հայտարարությամբ պահանջել է նաև Ուկրաինայից կամայականորեն ձերբակալված, բռնի տեղահանված կամ արտաքսված մարդկանց վերադարձը։ Այսպիսով, դիվանագիտական դաշտում հրադադարի պահանջը շարունակում է մնալ առանցքային։ Սակայն նույն ժամանակահատվածում Մոսկվայից հնչած հայտարարությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դիրքորոշումը դրան չի համընկնում։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Նյու Յորքում հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցությունների, սակայն այդ ընթացքում չի պատրաստվում դադարեցնելու ռազմական գործողությունները։

«Մենք որևէ ձևաչափով բանակցությունների ընթացքում չենք դադարեցնի հատուկ ռազմական գործողությունը»։

Այսպիսով, ՄԱԿ-ի այս նստաշրջանում ձևավորվում է բավական հստակ հակադրություն։ Ուկրաինան միջազգային հանրությունից ակնկալում է ոչ միայն քաղաքական աջակցություն, այլև այնպիսի ճնշում, որը, Կիևի պատկերացմամբ, կարող է Մոսկվային մոտեցնել պատերազմի դադարեցմանը։ Ռուսաստանի ներկայացուցիչները, սակայն, խոսում են բանակցությունների պատրաստակամության մասին, բայց չեն ընդունում բանակցությունների ընթացքում ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանը։

Leave a Comment