Սևանավանքի դարավոր ավանդույթներն ու վանականների խստակենցաղ կյանքը․ «Հայագիտակ»

Սևանի թերակղզու վրա վեհորեն խոյացող վանքն ակամայից գրավում է յուրաքանչյուրի ուշադրությունը։ Եթե նախկինում վանք այցելելու համար պետք էր նավակ նստել, քանի որ այս հատվածը կղզի էր, ապա այսօր վանք հասնելու համար անհրաժեշտ է հաղթահարել մինչև 250 քարե աստիճան։

Մարդիկ, սակայն, սիրով են անցնում այդ ճանապարհը, քանզի անպայման ուզում են տեսնել Հայաստանի հնագույն վանքերից մեկը։ Չէ՞ որ, ըստ ավանդության կղզու ամենահին եկեղեցին հիմնել է Գրիգոր Լուսավորիչը՝ դեռևս 305 թվականին՝ քանդելով այդտեղ եղած հեթանոսական մեհյանը։

Մաշտոցյան մատենադարանի գրչակենտրոնների բաժնի ավագ գիտաշխատող Արփենիկ Ղազարոսյանը պատմում է, որ միջնադարում այստեղ գործել է Հայաստանի ամենահին ու նշանավոր մենաստանը, որը երեք անգամ այցելած մարդը կարող էր համարվել մահտեսի, ինչպիսին համարվում էր Երուսաղեմ գնացածը։

Կղզու վանականները չափազանց խստակենցաղ են եղել․ նրանք երբեք չեն կերել կենդանական ծագման սնունդ, իսկ ոմանք, անգամ ջուր չեն խմել։

Սևանավանքի ամենակարկառուն հոգևորականը եղել է Մաշտոց Եղվարդեցին, որը 1002 թվականին դարձել է կաթողիկոս։ Վանքի և անապատի գործունեությունը, գրեթե, դադարել է 1926 թվականին։ Սակայն, այսօր Սևանավանքն ունի հավատացյալների հոտ, որի անդամների համար ամեն կիրակի Սուրբ պատարագ է մատուցվում։

Leave a Comment