Ղումաշյանի գործով Եսայանի հսկողությունը վերացվել է, 103-ամյա վետերանը՝ հարցաքննվել

Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն, «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ
Գոհար Ղումաշյանի գործով այսօրվա նիստում վերացրել է մեղադրյալ Սիմոն Եսայանի նկատմամբ կիրառված վարչական հսկողությունը՝ բավարարելով նրա պաշտպանի միջնորդությունը։ Դատական նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Պաշտպանը հայտնել է, որ Եսայանը սրտի և առողջական այլ խնդիրներ ունի և դժվարանում է ամեն շաբաթ ներկայանալ վարչական հսկողության շրջանակում նախատեսված ստորագրության համար։ Նա նշել է նաև, որ այդ գործընթացը ծանր հոգեբանական ազդեցություն է ունենում իր պաշտպանյալի վրա։

Դատարանը հաշվի է առել նաև, որ գործով հիմնական վկաներն արդեն հարցաքննվել են, իսկ Եսայանի կողմից քննությանը խոչընդոտելու ռիսկ չի տեսել։

Նիստում հարցաքննվել է նաև Հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալյա Աբգարյանը։ Նրա հարցաքննությունն անցկացվել է հեռավար՝ որդու միջոցով․ վետերանը պատասխանել է դատավորի հարցերին։

Գործը վերաբերում է նախընտրական շրջանում բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի ենթադրյալ խախտմանը։ Ղումաշյանին մեղադրում են 103-ամյա վետերան Ռոզալյա Աբգարյանին հեռուստացույց, ապա գումար տրամադրելու միջոցով այդ արգելքը խախտելու մեջ։ Ղումաշյանը մեղադրանքը չի ընդունում և հայտարարել է, որ վետերանին տարիներ շարունակ օգնել է իր ղեկավարած «Անմահ գունդ» հասարակական կազմակերպության միջոցով, իսկ հեռուստացույցը նախատեսված էր որպես Աբգարյանի ծննդյան նվեր և կապ չուներ նախընտրական քարոզարշավի հետ։

Եսայանին մեղադրում են Ղումաշյանին այդ ենթադրյալ արարքին օժանդակելու մեջ։ Քննության վարկածով՝ նա Ղումաշյանին հայտնել է, որ Աբգարյանն արդեն հեռուստացույց ունի, առաջարկել դրա փոխարեն գումար տրամադրել, որն այնուհետև Եսայանի միջոցով փոխանցվել է վետերանին։

Ղումաշյանը ձերբակալվել էր ապրիլի 14-ին։ Ավելի ուշ նա ազատ էր արձակվել, իսկ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր վարչական հսկողություն։

Leave a Comment