Ընթերցանության օլիմպիադան ընդլայնվո՞ւմ է․ 7-8-րդ դասարանցիներին ևս մասնակցելու հնարավորություն կտրվի

Iravaban.net-ն ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացրած և ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված՝ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 5-ի N 280-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել գրականության (ընթերցանություն) օլիմպիադայի մասնակիցների շրջանակը՝ այն հասանելի դարձնելով նաև 7-8-րդ դասարանների սովորողներին։ Ի՞նչ է նախատեսվում փոխել և ինչո՞վ է հիմնավորվում առաջարկը։

Ի՞նչ է առաջարկվում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է ընդլայնել գրականության (ընթերցանություն) օլիմպիադայի մասնակիցների շրջանակը։

Ներկայում գործող կարգավորմամբ մայրենիի (ընթերցանություն) օլիմպիադային կարող են մասնակցել 5-րդ և 6-րդ դասարանների սովորողները։

Նախագծով նախատեսվում է այդ հնարավորությունը տալ նաև 7-8-րդ դասարանների սովորողներին։

Ինչո՞ւ է անհրաժեշտ փոփոխությունը

Նախարարության հիմնավորմամբ՝ ընթերցանության նկատմամբ սովորողների հետաքրքրությունը խթանելու, ընթերցողական կարողությունները զարգացնելու և գրականությամբ հետաքրքրված սովորողներին բացահայտելու անհրաժեշտություն կա։

Ընթերցանությունը միայն գրականության դասի շրջանակում անհրաժեշտ հմտություն չէ։ Տեքստը հասկանալու, հիմնական միտքն առանձնացնելու, անհրաժեշտ տեղեկատվությունը գտնելու, տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները համադրելու, կարդացածը մեկնաբանելու և եզրահանգումներ կատարելու կարողությունները կարևոր են նաև մյուս առարկաների ուսումնառության համար։

7-8-րդ դասարաններում սովորողները սկսում են աշխատել ավելի բարդ կառուցվածք և տարբեր բնույթի տեղեկատվություն պարունակող տեքստերի հետ։ Այդ պատճառով, ըստ նախագծի հիմնավորման, անհրաժեշտ է ապահովել ընթերցանության կարողությունների զարգացման շարունակականությունը նաև այս տարիքային խմբում։

Օլիմպիադան արդեն հետաքրքրել է հազարավոր աշակերտների

Ընթերցանության օլիմպիադան առաջին անգամ անցկացվել է 2024-2025 ուսումնական տարում։

Իսկ 2025-2026 ուսումնական տարում դպրոցական փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 17 900 սովորող, որոնցից ավելի քան 15 000-ը փաստացի մասնակցել է։

Նախարարությունը այս ցուցանիշները դիտարկում է որպես նախաձեռնության նկատմամբ սովորողների և դպրոցների ձևավորված հետաքրքրվածության ցուցիչ և նշում, որ դրանք հիմք են ստեղծում օլիմպիադայի շրջանակն ընդլայնելու համար։

Ի՞նչ հմտություններ են նախատեսվում զարգացնել

Նախագծով շեշտադրվում է, որ օլիմպիադայի առաջադրանքների բովանդակությունը պետք է համապատասխանեցվի սովորողների տարիքային առանձնահատկություններին։

Միաժամանակ շեշտը պետք է դրվի ոչ միայն գրական ստեղծագործության բովանդակությունն իմանալու, այլև՝

  • տեքստը հասկանալու,
  • տեքստը վերլուծելու,
  • կարդացածը մեկնաբանելու,
  • տարբեր տեղեկություններ համադրելու,
  • հիմնական միտքն առանձնացնելու,
  • հիմնավորված եզրահանգումներ կատարելու կարողությունների վրա։

Այսինքն՝ օլիմպիադան նախատեսվում է դիտարկել ոչ միայն որպես գրականության վերաբերյալ գիտելիքների ստուգման, այլև ընթերցողական և վերլուծական հմտությունների զարգացման միջոց։

Ի՞նչ կարող է փոխվել աշակերտների համար

Նախագծի ընդունման դեպքում 7-8-րդ դասարանների սովորողները նույնպես հնարավորություն կունենան մասնակցելու գրականության (ընթերցանություն) օլիմպիադային։

Սա հնարավորություն կտա ավելի մեծ թվով սովորողների դրսևորել իրենց կարողությունները գրականության և ընթերցանության ոլորտում, ինչպես նաև խթանել ինքնուրույն ընթերցանությունը։

Նախագծով ակնկալվում է նաև նպաստել ընթերցանության մշակույթի ձևավորմանն ու տարածմանը։

Փոփոխությունը կապվում է նաև «Ընթերցանության տարվա» հետ

Նախարարության հիմնավորման համաձայն՝ առաջարկվող փոփոխությունը դիտարկվում է նաև այն հանգամանքի համատեքստում, որ 2026-2027 ուսումնական տարին հռչակվել է Ընթերցանության տարի։

Այս շրջանակում նախատեսվում է իրականացնել ընթերցանության նկատմամբ սովորողների հետաքրքրության խթանման, ընթերցողական կարողությունների զարգացման և ընթերցանության մշակույթի տարածմանն ուղղված միջոցառումներ։

Ի՞նչ է նախատեսվում իրավական առումով

Փոփոխությունը նախատեսվում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 5-ի N 280-Ն հրամանի հավելվածի 27-րդ կետում։

Դրանով կսահմանվի, որ գրականության (ընթերցանություն) օլիմպիադային կարող են մասնակցել նաև 7-8-րդ դասարանների սովորողները։

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Նախարարության գնահատմամբ՝ նախագիծն ընդունելուց հետո այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն ևս չկա,-տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment