ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հրապարակել է զեկույց՝ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Զեկույցը վերնագրված է՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին»։
Կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թվականների ծրագրից և իրականացվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ։ Զեկույցը պատրաստել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը՝ կենտրոնի կանոնադրական նպատակներին և գործառույթներին համապատասխան։
Iravaban.net-ը Կենտրոնից տեղեկանում է, որ զեկույցի նպատակն է բաց աղբյուրների ուսումնասիրության հիման վրա փաստագրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամը և ներկայացնել դրա լուծման ուղիները։
Զեկույցում նշվում է, որ այն չի վիճարկում Եկեղեցու դավանաբանական հիմքերը, Սրբազան Ավանդությունը և կանոնական կարգը։ Ըստ զեկույցի՝ փաստագրվում են այդ հիմքերի խախտումները։
Զեկույցում նաև նշվում է, որ բարենորոգումն իրականացնում է Եկեղեցին՝ իր նվիրապետության և հավատավոր ժողովրդի խորհրդակցային մասնակցությամբ, իսկ պետությունը գործում է իր օրենսդրական իրավասությունների շրջանակում։
Կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ զեկույցում օգտագործվել են բաց աղբյուրներում առկա և օրինական ճանապարհով հասանելի տեղեկություններ՝ ավելի քան 250 հղումով։ Փաստերն ու վկայությունները համադրվել են ՀԱՍԵ Կանոնագրքի, Առաքելական կանոնների, Ազգային-Եկեղեցական ժողով գումարելու 1945 թվականի կանոնադրության, կանոնական այլ փաստաթղթերի և ՀՀ օրենսդրության համապատասխան դրույթների հետ։
Զեկույցում ներկայացված են 16 արձանագրումներ, որոնք, ըստ փաստաթղթի, վերաբերում են Եկեղեցում առաջացած ճգնաժամին։ Դրանց թվում նշվում են՝
- կուսակրոնության ուխտի խախտումը և բարեվարքության խախտումների անպատժելիությունը,
- հոգևորականների կամայական հետապնդումները և կարգալուծումները,
- ֆինանսական անթափանցիկությունը և եկեղեցապատկան գույքի ոչ նպատակային օգտագործումը,
- ազգակցական ձեռնադրությունները և կլանային կառավարումը,
- Սուրբ Խորանի քաղաքականացումը և արտաքին ազդեցությունների տարածումը,
- Ազգային-Եկեղեցական ժողովի 27-ամյա խափանումը և միասնական Սահմանադրության բացակայությունը,
- պառակտումները Սփյուռքի թեմերում։
Զեկույցում ներկայացված է նաև ճգնաժամի հաղթահարման հինգ քայլից բաղկացած ճանապարհային քարտեզ։
Զեկույցի ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ։