Սեպտեմբերի 22-ի վաղ առավոտյան Երևանից «Զվարթնոցից» օդ բարձրացած ինքնաթիռը Բաքու է հասել մոտ 50 րոպեում։ Սկզբում, սակայն, երկար ժամանակ պարզ չէր՝ ով է մեկնել Ադրբեջան և ինչ նպատակով։ Օրվա երկրորդ կեսին պաշտոնապես հաստատվեց՝ Բաքու է մեկնել Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը։
Պաշտոնական մեկնաբանությամբ՝ մասնակցություն Բաքվի անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին, որը կազմակերպում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը, իսկ մասնակիցների թվում են ավելի քան 100 երկրների հատուկ ծառայությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ շուրջ 600 պատվիրակ։
Արդյոք ֆորո՞ւմն էր Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանի՝ Բաքու այցի միակ նպատակը, եղե՞լ են ադրբեջանցի պաշտոնյաների հետ առանձին հանդիպումներ, և եթե եղել են՝ ինչ հարցեր են քննարկվել։ Գրիգորյանը սեպտեմբերի 23-ի երեկոյան վերադարձել է Երևան։ Սակայն պաշտոնապես մանրամասներ չեն փոխանցվել։
Սա հայ-ադրբեջանական վերջին շփումների ընդհանուր պատկերից դուրս չէ։ Վերջին ամիսներին Երևանի և Բաքվի միջև շփումները մի քանի ուղղությամբ են՝ քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային և անվտանգության։ Օգոստոսի վերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Բիշքեկում հանդիպեցին, քննարկեցին խաղաղության գործընթացի հետագա քայլերը, սահմանազատման հարցերը, տնտեսական կապերն ու տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումը։
Միաժամանակ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն արձանագրվել են առևտրային և տարանցիկ շփումների կոնկրետ օրինակներ։ Օրերս հանդիպումների մասին հայտնեց նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Ձևավորվել են հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումների տարբեր ձևաչափեր։ Դրանց նպատակը ոչ միայն ընթացիկ քաղաքական օրակարգի քննարկումն է, այլև այն հարցերի բարձրաձայնումը, որոնք պետական բանակցությունների պաշտոնական սեղանին միշտ չէ, որ հայտնվում են։ Սակայն այս շփումներն էլ անխոչընդոտ չեն անցնում։
Վերջին օրերին հետաձգվել է հայ և ադրբեջանցի փորձագետների հերթական հանդիպումը։ Ադրբեջանական կողմը հանդիպումը այս փուլում նպատակահարմար չի համարել։ Հայկական կողմում, հակառակը, շեշտել են, որ հենց լարվածության պայմաններում է անհրաժեշտ պահպանել անմիջական շփման հնարավորությունը։ Տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյան։
Բորիս Նավասարդյանը, ով ևս ներգրավված է փորձագիտական հանդիպումներին, վերջերս լարվածության նոտաներ է նկատում շփումներում։
Միաժամանակ, այս ֆոնին շարունակում են մնալ չլուծված հումանիտար հարցերը։ Ադրբեջանում պահվող հայերի վերաբերյալ վերջին հայտարարություններից մեկը Human Rights Watch-ինն է։ Կազմակերպությունը, անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի հրապարակած ձայնագրությանը, Ադրբեջանին կոչ է արել ապահովել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կանոնավոր հասանելիությունը։
Վարդանյանը սեպտեմբերի 16-ին ձայնագրված ուղերձում հայտնել էր, որ Ումբակի բանտում պահվող որոշ հայ բանտարկյալներ չեն կարողանում օգտվել շաբաթական հեռախոսազանգերից, տեսազանգերի հնարավորություն չունեն, իսկ ինքը չի կարողանում սեփական միջոցներով անցնել բժշկական հետազոտություններ, օգտվել նոտարական ծառայություններից կամ գրավոր պատասխաններ ստանալ իր բողոքներին։
Վարդանյանը նաև խոսել էր ընտանիքներից երկարատև բաժանված լինելու մասին՝ բերելով իր խցակցի երեխայի օրինակը․ նրա խոսքով՝ տղամարդու ձերբակալության պահին երեխան 10 ամսական է եղել, իսկ այժմ երեք տարեկանից մեծ է և դեռ չի տեսել հորը։
Human Rights Watch-ը միաժամանակ ընդգծել է, որ Վարդանյանի ներկայացրած պնդումներն ինքնուրույն չի կարողացել ստուգել։ Իսկ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը սեպտեմբերի 19-ին հերքել է բանտարկյալների իրավունքների խախտումների վերաբերյալ պնդումները։
HRW-ի գնահատմամբ, սակայն, ընտանիքների հետ բանտարկյալների կապն ավելի է դժվարացել այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2025-ի սեպտեմբերին փակեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը երկրում։ ԿԽՄԿ-ն հայտնել էր, որ դեկտեմբերին Ժնևից ժամանած ներկայացուցիչներն այցելել են կալանավորվածներին, առանձնազրույցներ ունեցել նրանց հետ, հնարավորություն տվել կապ հաստատել ընտանիքների հետ և գնահատել պահման պայմաններն ու վերաբերմունքը։ Հետագայում, ըստ HRW-ի, նման այցելությունները դարձել են ավելի անկանոն։