Նախաձեռնություններն ավելի կենսունակ կդառնան․ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան

Հայաստանում նախատեսվում է «Ապացույցներից դեպի քաղաքականություն» անվանմամբ լաբորատորիա հիմնել։ Փաստերի վրա հիմնված քաղաքականություն, դրա մշակման և գնահատման ինստիտուցիոնալացման հնարավորություններ․ Դիլիջանում օրերս այս հարցերն են քննարկվել տնտեսագետ Աբհիջիթ Բաներջիի մասնակցությամբ։ 2019 թվականի տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր այս գիտնականը J-PAL համաշխարհային հետազոտական ցանցի համահիմնադիրներից է։ Այն միավորում է հարյուրավոր գիտնականների և գործակցում կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և այլ գործընկերների հետ։

Լինել հետևողական ու համբերատար, հատկապես, երբ խոսքը նոր նախագիծ կյանքի կոչելու մասին է։ Սակայն կառավարությունների խնդիրը հաճախ հենց անհամբերությունն է: Հայաստանում նախատեսվում է «Ապացույցներից դեպի քաղաքականություն» անվանմամբ լաբորատորիա հիմնել։ Այդ կառույցի նպատակն է՝ անմիջականորեն աշխատել պետական կառույցների հետ, որպեսզի պաշտոնյաներն ու որոշում ընդունվողները կարողանան ազատորեն դիմեն փորձագետներին, ներկայացնեն իրենց մտահոգություններն ու քննարկեն առկա խնդիրները։

Դիլիջանում տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հիշեցնում է՝ որակյալ քաղաքականություն մշակելն ու գրագետ նախագծումը սոսկ առաջին քայլն են։ Քանի որ եթե անգամ հիմնվեն հավաստի տվյալների վրա, մշակեն հրաշալի ծրագիր ու կյանքի կոչեն, գործընթացը դրանով չի ավարտվի․

«Ստացված արդյունքները հուշում են, թե ինչպես կարելի է կատարելագործել այդ քաղաքականությունը։ Դիտարկենք, օրինակ, ֆինանսական գրագիտության ծրագրերը։ Թվում է, թե բավական է մարդկանց սովորեցնել կառավարել սեփական ֆինանսները, որպեսզի նրանք ճիշտ որոշումներ կայացնեն, սակայն լոկ գիտելիքը բավարար չէ. պետք է փոխել մարդկանց վերաբերմունքն այս հարցի նկատմամբ»։

Աշխարհի առաջատար տնտեսագետներից մեկը՝ Նոբելյան մրցանակակիր, J-PAL հետազոտական կենտրոնի հիմնադիր Աբհիջիտ Բաներջին ընդգծում է՝ իրենց փորձագետները ներկայանում են ոչ թե պատրաստի լուծումներով, այլ հստակ մեթոդաբանությամբ․

«Մենք մեր աշխատանքն ենք կատարում, փորձում ենք որոշակի ազդեցություն ունենալ ակադեմիական շրջանակներից այն կողմ նույնպես։  Մենք ձգտում ենք զրուցել հնարավորինս մեծ թվով մարդկանց հետ։ նրանք բոլորը կարող են ներգրավել հետազոտություններում, նաև կարող են  հետազոտությունների սպառողները լինել»։

Կենտրոնական բանկի հետ հետազոտությունները հիմք կստեղծեն մշակելու որոշակի քաղաքականությություն՝ ասում է J-PAL Europe կազմակերպության ավագ հետազոտող Մարիախոսե Սիլվա–Վարգասը։ Նա կարևորում է ապացույցների ամփոփումը․

«Մենք բոլորս, լաբորատորիաների մաս կազմելով, նաև ամփոփում ենք ապացույցները։ Այո, նրանք հասանելիություն ունեն այլ ուսումնասիրությունների կողմից ստացված ապացույցներին։ Օրինակ, ես նաև համագործակցում եմ Լյուքսեմբուրգի կառավարության հետ փախստականների քաղաքականության վերաբերյալ, և դա կարող է ազդել, օրինակ, միգրացիայի քաղաքականության և այլնի վրա այլ երկրներում, որոնք ունեն նմանատիպ համատեքստ։ Այսպիսով, այս տեսակի համագործակցությունը նույնպես լաբորատորիայի մաս է կազմում։»։

Համաշխարհային բանկի տվյալներով՝ աշխարհում 800 մլն մարդ ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում։ Ընդ որում՝ բազմաթիվ մարդիկ, նաև Հայաստանում, աղքատ են, բայց չեն տեղավորվում այդ որոշակի սահմանման մեջ։ Աբհիջիտ Բաներջին սա համարում է լուրջ խնդիր և հսկայական պատասխանատվություն բոլոր նրանց համար, ովքեր հավատում են, որ աշխարհը պետք է ավելի լավը դառնա։ Տնտեսագետն ընդգծում է՝ անընդունելի է այս հարցը ինքնահոսի թողնելը կամ լուծումը հետաձգելը։

Leave a Comment