
ԱՄՆ-ի և Ուկրաինայի նպատակը Ռուսաստանի դեմ պատերազմը մինչև ձմռան սկիզբը ավարտելն է, Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Նա հանդիպումը գնահատել է որպես «դրական և արդյունավետ»։ Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են լարվածության թուլացման հնարավոր քայլերը, որոնք կարող են ճանապարհ բացել դիվանագիտական գործընթացի համար։
Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ Կիևը պատրաստ է էներգետիկ հրադադարի՝ պայմանով, որ Ռուսաստանը նույնպես դադարեցնի հարձակումները էներգետիկ ենթակառուցվածքների վրա։
Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքով՝ Թրամփը կարող է նպաստել ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման կազմակերպմանը։
Բացի այդ, Զելենսկին հայտնել է, որ Թրամփը դրական է վերաբերվում Ուկրաինայում Patriot հակահրթիռային համակարգերի համար հրթիռների արտադրության լիցենզավորման գաղափարին։