6 տարի անց որոշումը կչեղարկվի․ այն այդպես էլ ուժի մեջ չէր մտել

Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության սեպտեմբերի 17-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծից։ Նախագծով առաջարկվում է չեղյալ ճանաչել ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1038-Ն որոշումը։ Նշված որոշումն այդպես էլ ուժի մեջ չի մտել, իսկ դրա կարգավորման առարկան հետագայում վերացել է՝ պայմանավորված համապատասխան իրավական ակտերում կատարված փոփոխություններով։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի N 614-Ն որոշմամբ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը փոխվել է, և կազմակերպությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայությանը։

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի N 912-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1636-Ն որոշումը, որի կարգավորումները ներառվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 10-րդ գլխում։ Նույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման N 1 հավելվածը լրացվել է 10-րդ գլխով, որով սահմանվել է միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը, ինչպես նաև նախատեսվել է, որ հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1038-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) նախատեսվել էին փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1636-Ն որոշման մեջ։ Որոշման 2-րդ կետով սահմանվել էր, որ այն պետք է ուժի մեջ մտներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը կից բժշկական հանձնաժողովի, դրան կից աշխատանքային խմբի գործունեության կարգը և վարձատրության չափորոշիչները սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից։ Քանի որ նախատեսված պայմանը չի իրականացվել, Որոշումն ուժի մեջ չի մտել։

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1636-Ն որոշումն ուժը կորցրած է ճանաչվել, ինչի հետևանքով Որոշման կարգավորման առարկան վերացել է։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1038-Ն որոշումը ճանաչել չեղյալ:

Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը.

Նախագծի ընդունման նպատակն է իրավական ակտերի համակարգից բացառել իրավական նշանակությունը կորցրած իրավական ակտը՝ ապահովելով իրավական ակտերի համակարգի ամբողջականությունն ու իրավական որոշակիությունը։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 174-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված  ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարության 6-րդ կետի 7-րդ ենթակետից, 98-րդ և 119-րդ կետերից` ապահովելով անվտանգ, որակյալ, արդյունավետ, մարդակենտրոն և ժամանակին բժշկական օգնության և առողջապահական ծառայությունների տրամադրումը, այդ թվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ նախատեսված միջգերատեսչական բժշկական hանձնաժողովի կողմից ազատազրկված անձանց ծանր հիվանդության հետևանքով խափանման միջոցը փոխելու (կալանքից ազատելու), պատժից ազատելու, անմեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ ճանաչելու, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված բժշկական  եզրակացության տրամադրումը:

Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Որոշման նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության կողմից:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահովվի իրավական ակտերի համակարգի արդիականությունն ու իրավական որոշակիությունը՝ իրավական ակտերի համակարգից բացառելով իրավական նշանակությունը կորցրած իրավական ակտը։

Leave a Comment