Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է, որ կղզու անվտանգությունը ԱՄՆ-ի անվտանգությունն է

ԱՄՆ-ի անվտանգությունն անմիջականորեն կապված է Գրենլանդիայի անվտանգության հետ և հակառակը։ Այս մասին հայտարարել է կղզու կառավարության ղեկավար Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Գրենլանդիայի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի ստորագրումից առաջ։ Արարողությանը մասնակցել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը։

«Այս համաձայնագիրը պետք է փարատի ցանկացած կասկած՝ թե՛ այսօր, թե՛ ապագայում, թե ում է հավատարիմ Գրենլանդիան։ Այս դաշինքին և համատեղ կառուցած անվտանգությանը մեր նվիրվածությունը կասկածի տակ չի դրվում։ Մենք Միացյալ Նահանգների հավատարիմ բարեկամն ենք, միշտ եղել ենք և այդպիսին էլ կմնանք, ինչպես նաև Արևմտյան դաշինքի մաս։ Ձեր անվտանգությունը մեր անվտանգությունն է, իսկ մեր անվտանգությունը՝ ձեր անվտանգությունը։ Մենք անկեղծորեն ուրախ ենք այն արդյունքի համար, որն ամրապնդել է մեր ընդհանուր անվտանգությունն ու խորացրել մեր հարաբերությունները՝ որպես սերտ դաշնակիցներ», — նշել է Նիլսենը։

Նա հավելել է, որ «համաձայնագիրը շահավետ է բոլոր կողմերի համար»։

Ֆրեդերիկսենի խոսքով՝ կողմերը ստորագրում են «համաձայնագիր, որը կարող է լինել անժամկետ»։

Փաստաթղթի ստորագրումից հետո Թրամփը չի պատասխանել լրագրողների հարցին, թե արդյոք հրաժարվել է ամբողջ կղզին սեփականության իրավունքով ձեռք բերելու մտադրությունից։ Լրագրողներից մեկը նկատել է, որ ԱՄՆ նախագահը երջանիկ տեսք ունի, թեև Գրենլանդիան, ինչպես ցանկանում էր, իր տիրապետության տակ չի անցել։ Ամերիկյան առաջնորդը ժպտացել է, սակայն որևէ մեկնաբանություն չի արել։

Ավելի վաղ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ Վաշինգտոնը ձգտում է ստանալ Գրենլանդիայի նկատմամբ սեփականության իրավունքը՝ կղզու հուսալի պաշտպանությունն ապահովելու համար։ Նա նշել էր, որ իրական ռազմական բախման պայմաններում օվկիանոսի մեջտեղում ոչ ոք չի ցանկանա պաշտպանել «լիցենզային համաձայնագիրը կամ վարձակալությունը»։

Leave a Comment