Թրամփը փակեց Սպիտակ տան դռները 3 ԶԼՄ-ի առաջ, խոշոր հեռուստացանցերը հրաժարվեցին փոխարինել նրանց․ «Trump TV»-ն արդեն եթերում է

Թրամփի և լրագրողների բախումները նորություն չեն․ անհարմար հարց, կոշտ պատասխան, երբեմն՝ նույնիսկ անձնական վիրավորանք։ Բայց այս անգամ վեճը բառերից անցել է գործնական քայլերի։ Երեք լրատվամիջոցի լրագրողներ Թրամփի հրահանգով այլևս չեն կարող աշխատել Սպիտակ տանը, իսկ որոշ խոշոր հեռուստացանցեր, որպես արձագանք այս սահմանափակման, հրաժարվել են լրացնել նրանց տեղը։ Սպիտակ տունն էլ, կարծես թե, գտել է լուծումը՝ իր սեփական շուրջօրյա եթերն է գործարկել։

Սեպտեմբերի 18-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի՝ Սպիտակ տուն մուտքի արգելքի մասին՝ նրանց լուսաբանումը որակելով  կեղծ լուրեր ։ Հաջորդ օրը այդ երեք լրատվամիջոցների լրագրողները փաստացի չեն կարողացել մուտք գործել Սպիտակ տան տարածք, իսկ նրանց հավատարմագրերն ապաակտիվացվել են։ Երեք լրատվամիջոցներն էլ սեպտեմբերի 21-ին դիմել են դատարան՝ պահանջելով վերականգնել իրենց մուտքը։

Թրամփը, սակայն, այս սահմանափակումները ներկայացնում է ոչ թե որպես մամուլի աշխատանքի խոչընդոտ, այլ որպես պատասխան, իր խոսքով՝ կեղծ լուրերին։

«Որովհետև դրանք կեղծ լուրեր են։ Ես արդեն շատ եմ հոգնել կեղծ լուրեր կարդալուց ու տեսնելուց։ Երբ նայում ես CNN-ին՝ այն պարզապես կեղծ է։ Ահա թե ինչու նրանց վարկանիշները ցածր են։ Երբ նայում ես MS NOW-ին… դա կեղծ լուրեր են։ Իսկ երբ նայում ես Politico-ին՝ նրանց հրապարակած նյութերը կեղծ են»։

Բայց այստեղ պատմությունը միայն երեք լրագրողի հավատարմագրերի մասին չէ։ Սպիտակ տան աշխատանքը լուսաբանող ամերիկյան խոշոր հեռուստաընկերություններն ունեն համատեղ նկարահանման՝ այսպես կոչված TV pool-ի համակարգ․ ABC-ն, CBS-ը, CNN-ը, Fox-ը և NBC-ն հերթով ապահովում են նախագահի միջոցառումների տեսագրությունը, ապա այն փոխանցում միմյանց։

Սեպտեմբերի 21-ին հերթը CNN-ինն էր։ Սակայն դրա լրագրողների՝ Սպիտակ տուն մուտք գործելու արգելքից հետո մյուս չորս խոշոր հեռուստացանցերը՝ Fox News-ը, ABC-ն, NBC-ն և CBS-ը, հրաժարվել են փոխարինել CNN-ին։ Արդյունքում նախագահի որոշ միջոցառումների տեսագրությունն այդ օրը չի նկարահանվել։ Սստացվել է բավական տարօրինակ  իրավիճակ․ նախագահը կա, միջոցառում կա, հեռուստախցիկները՝ ոչ։

Սպիտակ տուն մուտքն արգելելուց հետո CNN-ի Սպիտակ տան թղթակից Բեթսի Քլայնը պատմել է․

«Ներս եմ մտնում, մոտեցնում եմ անցաթուղթս, և այն մի քանի անգամ տարբեր ազդանշաններ է արձակում։ Լույսը փոխվում է՝ դառնալով կարմիր, համակարգը չի ընդունում իմ PIN-կոդը։ Անվտանգության աշխատակիցը խնդրեց ցույց տալ անցաթուղթս, և ես այն փոխանցեցի նրան։ Նա ինձ ասաց, որ այն ապաակտիվացված է»։

Ու այստեղ պատմությունը մի փոքր ավելի հետաքրքիր է դառնում։ CNN-ի՝ Սպիտակ տուն մուտքն արգելելուց մի քանի օր անց նույն Բեթսի Քլայնը հավատարմագրվել է Նյու Յորքում Մելանիա Թրամփի միջոցառումը լուսաբանելու համար։ Այսինքն՝ Սպիտակ տան դուռը CNN-ի առաջ փակվել է, բայց առաջին տիկնոջ միջոցառման դուռը առնվազն այս դեպքում՝ ոչ։

Թրամփի և լրագրողների բախումները, իհարկե, նոր չեն։ Դրանք հաճախ սկսվում են մի քանի բառից։ Նախորդ տարի NBC-ի թղթակից Փիթեր Ալեքսանդրը Թրամփին հարց էր ուղղել Քաթարի կողմից ԱՄՆ-ին տրամադրվող ինքնաթիռի մասին։ Նախագահը հարցին պատասխանելու փոխարեն կասկածի տակ էր դրել նրա լրագրողական հմտությունները։

«Ի՞նչ ես խոսում։ Դու սարսափելի լրագրող ես։ Նախ՝ դու չունես այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են լրագրող լինելու համար։ Բավականաչափ խելացի չես»։

Նոյեմբերին ABC-ի թղթակից Մերի Բրյուսի հետ վեճի ժամանակ Թրամփը կրկին հարցից անցել էր լրագրողի հասցեին գնահատականի։

«Խնդիրը հարցի ինձ դուր գալը չէ, խնդիրը քո վերաբերմունքն է։ Կարծում եմ՝ դու սարսափելի լրագրող ես»։

Այդ նույն շրջանում Bloomberg-ի լրագրող Քեթրին Լյուսիին, որը փորձում էր լրացուցիչ հարց տալ, Թրամփը ընդհատել էր ավելի կոշտ ձևով։

«Հանգի՛ստ, հանգի՛ստ, խոզուկ»։

Թրամփի արձագանքները տարբեր իրավիճակներում տարբեր են։ 2025-ի փետրվարին Աֆղանստանից լրագրող Նազիրա Քարիմին հարց էր ուղղել Աֆղանստանի ապագայի և Թալիբանի մասին։ Թրամփը թեման փոխել էր։

«Actually, it’s a beautiful voice and a beautiful accent. The only problem is, I can’t understand a word you’re saying.»

Ավելի վաղ՝ դեռ 2018-ին, առճակատվել էին CNN-ի լրագրող Ջիմ Ակոստան և Թրամփը։ Վերջինս լրագրողին անվանել էր սարսափելի լրագրող, իսկ CNN-ի լուսաբանումը՝ fake news։

«Երբ կեղծ լուրեր եք տարածում, ինչը CNN-ն է հաճախ անում, դուք ժողովրդի թշնամի եք»։

Երկար ժամանակ այս միջադեպերը հիմնականում նախագահի և լրագրողների միջև բանավեճի մակարդակում էին։ Այս անգամ, սակայն, վեճը հասել է հավատարմագրերի կասեցման և դատարանի։   

Եվ քանի որ ավանդական նկարահանումը խաթարվել է, Սպիտակ տունը գործի է դրել  իր տարբերակը։ Սեպտեմբերի 21-ից գործարկվել է  Trump TV -ն՝ շուրջօրյա առցանց հեռարձակում, որտեղ ներկայացվում են վարչակազմի հայտարարությունները, նախագահի ելույթներն ու այլ տեսանյութեր։

Leave a Comment