Ավտոմեքենան լիցքավորելիս վարորդի համար ամենակարևոր հարցերից է, թե որքան գազ է լցվել մեքենայի բալոն, և արդյոք դրա դիմաց վճարված գումարը համապատասխանում է ստացած վառելիքին։ Վերջին շրջանում այս հարցը կրկին քննարկումների առանցքում է․ սոցիալական ցանցերում վարորդները ներկայացնում են տարբեր օրինակներ, իրենց դրական կամ բացասական փորձը։ Սրան զուգահեռ՝ պաշտոնական ստուգումները ցույց են տալիս, որ լցակայաններում թերլիցքավորման և վառելիքի սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքեր իսկապես արձանագրվում են։
Սոցիալական ցանցերում գազալցակայաններից օգտվելու փորձի մասին գրառումների պակաս չկա։ Վարորդները դժգոհում են թերլիցքավորումից կամ գերլիցքավորումից, վառելիքի որակից կամ գնից։
«Ռադիոլուր»-ի զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ, նշում է՝ իր մեքենայի բալոնի ծավալը 53 լիտր է, բայց հաճախ գազալցակայաններում լիցքավորման այլ թվեր է տեսնում․
«Մի անգամ ուղղակի տեսա, որ արդեն 57 լիտր լցվել է ու դեռ լցվում է։ Ու ընդհանրապես իմ բալոնը 53 է, ու իր մեջ ունի կարգավորող սարք, որը 50 լիտրից ավելի չի թողնում, որ գազը լցվի, անվտանգության նկատառումներից ելնելով»։
Վարորդների մի մասն էլ դժգոհում է վերջին շրջանում մեքենաներում ավելի նկատելի դարձած գազի հոտից։ Նրանք դա կապում են գազի ոչ լրիվ այրման հետ և նշում, որ վառելիքի օգտագործումից հետո մեքենայի աշխատանքում փոփոխություններ են նկատում։ Գազի հոտի պատճառը միայն վառելիքի որակով պայմանավորել հնարավոր չէ՝ ասում են մասնագետներն ու հավելում, որ պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է ինչպես գազի բաղադրության, այնպես էլ մեքենայի գազային համակարգի ամբողջական ստուգում։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից տեղեկացնում են՝ եթե քաղաքացիները գազալցակայանների սպասարկումց, թերլիցքավորումից կամ վառելիքի որակից դժգոհ են, կարող են դիմել կառույցին կամ ահազանգել համապատասխան թեժ գծով։
Վարորդների գրառումները չեն կարող պատասխանել հարցին, թե որն է խնդիրը՝ լցման քանակը, գազի որակը, թե մեքենայի գազային համակարգը։ Բայց պաշտոնական ստուգումների տվյալները հաստատում են՝ լցակայաններում խախտումների դեպքեր կան։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տվյալներով՝ 2024 թվականի օգոստոսից մինչև 2026 թվականի մայիսի վերջը արձանագրվել է թերլիցքավորման 45 դեպք։ Դրանցից 15-ը՝ 2024-ի վերջին ամիսներին, 11-ը՝ 2025-ին, իսկ 2026-ի առաջին հինգ ամիսներին՝ արդեն 19 դեպք։
Ավելացել են նաև դեպքերը, երբ թերլիցքավորման համար կիրառվել է շահագործումն արգելելու միջոցը։ 2025-ին նման կարգադրագիր տրվել է երկու դեպքում, իսկ 2026-ի առաջին հինգ ամիսներին՝ արդեն 11։
Վերջին նման դեպքերից մեկը Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը բացահայտել էր Ազատության պողոտայում տեղակայված գազալցակայաններից մեկում․ հայտնաբերվել էր հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորում և կասեցվել խախտմամբ աշխատող գազաբաշխիչ աշտարակի գործունեությունը։
Նույն տեսչական մարմնի տվյալներով՝ վերջին երկու տարիներին վառելիքի որակի ստուգումները ցույց են տալիս, որ աճել է նաև անվտանգության ցուցանիշներին չհամապատասխանող փորձանմուշների թիվը․ 2024-ի վերջին ամիսներին՝ 13, 2025-ին՝ 26, իսկ 2026-ի առաջին հինգ ամիսներին՝ արդեն 28։
Մեկ այլ տեսչական մարմնի՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տվյալներով՝ 2024 թ․ օգոստոսից մինչև 2026 թ․ հուլիսի 1-ը հանրապետությունում բենզագազալցակայանների շահագործումը դադարեցնելու 317 որոշում է ընդունվել։ Ստուգումներն են անցկացրել ամբողջ հանրապետության տարածքում՝ փորձելու գնահատել, թե որքանով են լցակայանները համապատասխանում հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանի խոսքով՝ գազաբենզալցակայանները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ, հետևաբար դրանց համար պարտադիր են ամենամյա փորձաքննությունն ու պետական հաշվառումը․
«Քանի որ բենզալցակայանները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ, ունեն ենթակառուցվածքներ՝ դիսպենսերներ, ռեզերվուարներ և այլն, պետք է պարտադիր ամենամյա փորձաքննություն անցնեն, ՆԳՆ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում հաշվառված լինեն և ունենան շահագործման դրական եզրակացություն»։
Եթե շահագործումը դադարեցնելու որոշում է ընդունվում, տնտեսվարողը պարտավոր է դատարկելու և կոնսերվացնելու վառելիքի ռեզերվուարները։ Զոհրաբյանի խոսքով՝ դրանից հետո օբյեկտն այլևս հարակից տարածքի համար վտանգավոր չէ։