Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում երեկ Գյումրիում տոնական միջոցառումներ են տեղի ունեցել: Շիրակի մարզի համայնքները ներկայացել են իրենց ավանդույթներով,գույներով ու խոհանոցով: Արհեստների, արվեստի ու մշակույթի բաց ցուցադրությանը զուգահեռ, կենտրոնական հրապարակում անցկացվել է նաև վազքի տոնական մարաթոն, իսկ երեկոն եզրափակվել է տոնական համերգով՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական Ակադեմիական երգչախմբի և սիրված արտիստների մասնակցությամբ:
Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումները Գյումրիում մեկնարկեցին սեպտեմբերի 20-ին: Շիրակի մարզի բոլոր համայնքնեը ներկայացնում էին իրենց բնորոշ կոլորիտը,ձեռագործ աշխատանքներն ու համն ու հոտը: Ամենամարդաշատը Գյումրիի կենտրոնական՝ Սայաթ-Նովա փողոցն էր:

Քաղաքի հյուրերն ու մարզի բնակիչները մի կողմում շուրջպար էին բռնել ազգային ու ժողովրդական երաժշտության ներքո,իսկ տղավարներում հյուրասիրություն էր կամ ավանդական արհեստների արդեն մոռացվող հմտությունների ցուցադրություն։ Բայց, բարեբախտաբար, այդ հմտությունները երբեմն նոր կյանք են ստանում համադրվելով ժամանակակից տեխնոլոգիաների հետ։

Անի Մկրտչյան․ «Ենթադրենք, եթե խոսքը կարպետի մասին է, էտ կարպետը, կամ գորգը, դիզայնը ով է արել, ինչպիսի աշխատանք է դրա տակ դրված և, վերադառնալով թելին,ինչպիսի նյութերով է թելը ներկված:Ամբողջական ինֆորմացիա կա:Արմվուլը նաև լոգջենավորել է ութ գորգեր, Ոսկե ծիրանի գորգերը անցյալ տարվա: Ինչ է նշանակում լոգջեյն:Սա այն թափանցիկ արժեշղթայի ամբողջ ուղենիշն է սկզբից մինչև վերջ,որտեղ մանրամասն երևում է,թե ինչ աշխատանք է տարված ու ովքեր են դրա հետևում , ու նաև մարդկանց պատմությունները»:

«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում ապրում ու պահպանվում են հազվագյուտ թռչուններ,բույսեր ու կենդանիներ։ Դրանք տեսնելու համար աշխարհի տարբեր ծայրերից են գալիս Շիրակի մարզի հյուսիս,ասում է ազգային պարկի ներկայացուցիչը:
«Ցավոք շատերը չգիտեն ազգային պարկի մասին,իսկ մեր կարևորագույն առաքելություններից մեկն է տարածել այս ինֆորմացիան,որ մեր Հայաստանի գանձն է,ցավոք այդ գանձի մասին մենք էդքան լավ չգիտենք,չնայած որ էտ գանձի տերերն ենք:Ամենակարևորը,որ նմանատիպ միջոցառումները շարունակական լինեն, մեր երկրի անկախությունը մենք դեռ շատ երկար տոնենք,մեր թոռները,մեր թոռների թոռները,որ կարողանանք այս արժեքները իրենց հասցնենք:Մեր պետությանը ես ամենակարևորը կմաղթեմ միասնականություն,խաղաղություն կցանկանամ,որ շատ լինի»։

Հնուց ի վեր Գյումրիում են կենտրոնացած եղել արհեստն ու արվեստը,որոնք սերնդեսերունդ փոխանցվելով հասել են մեր օրեր ու դարձել քաղաքային կենցաղի մի մասը։

Գյումրիի Ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանի տնօրեն Անի Նազարյան․ «Գյումրու ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանը ներկայացնում է 19-20-րդ դարի արհեստներից հյուսնություն և պղնձագործություն,ներկայացնում ենք արհեստները,աշխատանքային գործիքներ,արտադրանքը մեր արհեստավորների և ամենակարևորը ներկայացնում ենք,որ տվյալ արհեստները այսօր էլ են կենսունակ,շնչող են և մինչ օրս էլ մենք ունենք վարպետներ,ովքեր ստեղծագործում են:Ամենակարևորը մեր երկրին մաղթում ենք խաղաղություն,բարեկեցություն և որ Գյումրին էլ միշտ շարունակի զարմացնել իր հյուրերին մշակույթով և իր ծրագրերով»:

Անկախությունը եղել է մեր ժողովրդի ամենակարևոր նպատակներից մեկը, ասում է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:

«35 տարի առաջ հանրաքվեին մասնակցած մեր ծնողներն ու տատիկ—պապիկները առանձնահատուկ էմոցիաներ են ունեցել։ Գուցե 35 տարին կարճ ժամանակ է հանրապետության համար, բայց անկախությունը մեզ համար միայն պատմությամբ փոխանցված արժեք չէ․ այն նաև մեր անդուլ ջանքերի արդյունքն է։ Անկախությունը ինքնիշխանության, պետության հարատևության և ՀՀ քաղաքացու՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքի մասին է։ Մեր 35 տարիների գլխավոր ձեռքբերումներից մեկը ես համարում եմ հենց ինքնիշխանությունը, որը մեզ համար անսակարկելի արժեք է։ Մեր կարևոր ձեռքբերումներից է նաև խաղաղությունը, որն ունի կենսական նշանակություն։ Պետության զարգացման, կայունության և ապագայի համար խաղաղությունն անհրաժեշտ պայման է»:

Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումները հանրապետության երկրորդ քաղաքում եզրափակվեցին տոնական մեծ համերգով ու շքեղ հրավառությամբ:
Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի,Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի ու սիրված արտիստների կատարմամբ հնչեցին Հայաստանի մասին տարբեր ժամանակներում գրված ստեղծագործություններ,որոնք միահյուսվեցին շիրակցիների տոնական բարձր տրամադրությանն ու դարձան անջնջելի հիշողություն :
