35–ամյա անկախություն, բայց նոր պետություն․ ինքնիշխանության ճանապարհը դեռ ավարտված չէ

1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց Խորհրդային Միության կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։ 35 տարի անց անկախության օրը նշվում է հանրային տարաբնույթ քննարկումների պայմաններում։ Մինչդեռ պաշտոնական Երևանը ասում է, որ Հայաստանը դեռ առաջին քայլերն է անում իրական անկախության ճանապարհին։

35 տարին շա՞տ է, թե՞ քիչ, և ի՞նչ կարելի է հասցնել անել այդ ընթացքում։ Այս հարցի պատասխանը ոչ թե անհատի, այլ պետության կտրվածքով խիստ հակասական է համարում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը․

«Մի կողմից սա, եթե ձեր վրա պատկերացնեք, բավականին երկար ժամանակ է հասունանալու և կյանքին պատրաստ լինելու, մյուս կողմից ակնթարթ է պատմության տեսանկյունից։ Մի կողմից, երբ հետ ենք նայում, օբյեկտիվորեն մենք կարողացել ենք ահագին կայանալ, որքան հնարավոր էր 35 տարվա ընթացքում, մյուս կողմից, ուզում եմ շատ անկեղծ լինել, ինձ մոտ գոնե զգացողություն է, որ մենք նոր ենք պետություն դառնում՝ օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով։ Մենք առաջին քայլերն ենք անում, և սա դրսևորվում է, այդ թվում նաև, եթե չասեմ առաջին հերթին և գլխավորապես արտաքին քաղաքականության բնագավառում այլ պետությունների հետ հարաբերություններում»։

Թերևս սա է պատճառը, որ անկախության 35–րդ տարում հանրային և քաղաքական դիսկուրսում սկսվել են նոր քննարկումներ անկախության ուղու մասին։ Այդ քննարկումներն առաջին հերթին ծավալվում են նոր Սահմանադրության և «Անկախության հռչակագրի» շուրջ և հասնում մինչև արտաքին քաղաքականության փոփոխություն։ Այդ քաղաքականության թիվ մեկ պատասխանատուն՝ նախարար Միրզոյանը մի օրինակով է ներկայացնում անցած և դեռ չավարտված ճանապարհը․

«Երբ կայսրությունները փլուզվում են, երբեմն այդ փլուզման ընթացքում կայսրությունները կարողանում են այնպես դասավորել «պերիֆիրիաները», որ ինչ–որ «իքս» ժամանակ հետո նախ՝ այդ «պերիֆիրիաները» իրականում չանկախանան իրենից և երկրորդ՝ ինչ–որ ժամանակ հետո հնարավոր լինի բոլոր այդ կտորները հետ հավաքել։ Մոտավորապես, այս պրոցեսն է, և մենք առաջին քայլերն ենք անում իրական, ինքնիշխան, իրական անկախ պետություն ունենալու և միջազգային հարաբերություններում մեզ այդպես պահելու համար»։

Անկախացումից 35 տարի անց հանրության մեջ կան վտանգների տարբեր ընկալումներ։ Ընդդիմադիր հատվածը համոզված է, որ ընտրված նոր քաղաքականությունը շեղվում է անկախության ուղուց։

Գերագույն Խորհրդում «Անկախության հռչակագիր»–ն ընթերցած Արամ Մանուկյանը համարում է, որ սեպտեմբերի 21–ը ամենազանգվածային միջոցառումն է Հայաստանի պատմության մեջ։

«Եղել են Ավարայրի հաղթանակներ, Բաշ–Ապարան, որոնց մասնակցել են հազարներ, հարյուր հազարներ, բայց մի միջոցառում, որին մասնակցի, 2 մլն 42 հազար մարդ, ոչ՝ 2 միլիոն 42 հազարը «կողմ» քվեարկի, նմանը չկա։ Սա սովորական թիվ չէ, սա մեր պատմության առանցքային կետն է։ Ես հետո եմ հասկացել․ դա էստաֆետ էր, որ այդ սերունդը փոխանցեց հաջորդ՝ եկող սերունդներին, և դա արտահայտվում էր մի տարօրինակ զանգվածային դրսևորմամբ։ Բոլորը` պապիկները, տատիկները քվեաթերթիկը տալիս էին իրենց երեխաներին գցելու արկղի մեջ։ Մի մասը՝ երևի գիտակցաբար, մի մասը՝ բնազդով սերունդին էր տալիս իր վաստակած անկախությունը։ Հիմա, այսօր այդ շղթան կտրվելու վտանգի առաջ է»։

Սա ասելով, Արամ Մանուկյանը նկատի ունի հենց հանրության մեջ առկա հակասությունների շուրջ դիսկուրսը։

Արամ Մանուկյանի սերնդակիցը՝ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չի կիսում ընդդիմադիր իր գործընկերոջ մտավախությունները։

«Սա հպարտության օր է։ Այստեղ խարդավանքներ, քաղաքական օրակարգից ելնելով, սարքելը իմաստ չունի։ Մեր այսօրվա ընդդիմադիրները սխալ կարծիք ունեն։ Անկախությունը միշտ պետք է պաշտպանել, և պաշտպանելու համար պետք է բոլորս պատրաստ լինենք` անկախ նրանից` իշխանություն ենք, թե ընդդիմություն։ Այստեղ է խնդիրը, որը դեռ լուծված չէ, որովհետև պատասխանատվությունը մեր երկրի հանդեպ, նաև մեր զինված ուժերի կայացման հանդեպ տարբեր ընկալումների միջով է անցնում»։

Օրվա ընթացքում Հայաստանը բազմաթիվ շնորհավորական ուղերձներ ստացավ տարբեր երկրներից։ Առանձնացնենք դրանցից երկուսը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սահմանափակվել է մեկ նախադասությամբ՝ Հայաստանի վարչապետին մաղթելով քաջառողջություն և հաջողություններ, իսկ «բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»։

ԱՄՆ–ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ասելիքն ավելի շատ էր։ Ուղերձում կար «ջերմ շնորհավորանքներ» ձևակերպումը, հավաստիցում, որ Միացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ միասին նշում է անկախության վերականգնման 35-ամյակը և ակնկալիք՝ խորացնելու վերջին տարիներին ձեռք բերված լայն համագործակցությունը։

Leave a Comment