1991 թվականի սեպտեմբերի 21-ին ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն163 հազար 967 քաղաքացիներից անկախության հանրաքվեին մասնակցել էր 2 միլիոն 56 հազար 758–ը կամ 95,4 %–ը։ «Այո» քվեարկած քաղաքացիների թիվը 2.042.262 էր (ընտրելու իրավունք ունեցողների 94,39 %)։ «Ոչ» քվեարկածների թիվը` 10.002 ։ Հայաստանն անկախացավ, ու արդեն 35 տարի Հայաստանի քաղաքացիություն ստացողների թիվն ավելանում է։ Սրան զուգահեռ փորձ է արվում վերաարժևորել քաղաքացիության ինստիտուտը։ Ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Քաղաքացիության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը։ Նախարարության միգրացիայի ու քաղաքացիության ծառայութան պետ Նելլի Դավթյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում անդրադարձել է օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությանը։
250 հազար դրամ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու և 1․5 մլն դրամ՝ քաղաքացիությունից հրաժարվելու համար․ Ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Քաղաքացիության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը։ Գերատեսչությունում նշում են՝ պետք է փոխել Հայաստանի հանրապետության քաղաքացիության ինստիտուտի նկատմամբ վերաբերմունքը։ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանն ասում է՝ գործող օրենսդրությամբ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնող անձը 10 րոպե հետո կարող է նորից դիմել ու վերականգնել այն․
«Արդյո ՞ք սա տրամաբանական ու նորմալ է։ Կարծում եմ՝ ոչ։ Եթե անձը դադարեցնում է ՀՀ քաղաքացիությունը, նա իր կամքով ասում է, որ չի ցանկանում լինել ՀՀ քաղաքացի։ Սա նշանակում է, որ այն պայմանագիրը, որն ունեն պետությունը և քաղաքացին, քաղաքացին ասում է, որ դադարեցնում է այն։ Բայց շենքի շուրջ մի պտույտից հետո կարող է գա ու ասի, որ ցանկանում է լինել ՀՀ քաղաքացի»։
Անձի և պետության կայուն իրավական կապ՝ փոխադարձ իրավունքներով և պարտականություններով․ սա է քաղաքացիության ինստիտուտի բովանդակությունը՝ վստահ է ՆԳ փոխնախարարը։ Սակայն, ըստ Արմեն Ղազարյանի, տարիներ շարունակ քաղաքացիությունն ընկալվել է որպես տրանսակցիոն գործիք և կիրառվել է գործառական նպատակներով, չի կարևորվել քաղաքացիության ինստիտուտի բուն բովանդակությունը։ Ղազարյանը նշում է՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները սկսում են ավելանալ, երբ աշխարհի որևէ կետում իրավիճակը սկսում է սրվել։
ՆԳՆ Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ քաղաքացիության ինստիտուտը վաղուց կորցրել է իր դերն ու նշանակությունը, տարիներ շարունակ արձանագրել են, որ դեֆորմացված են այս շղթայի բաղադրիչները․
«Ինչի ՞ մասին է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը․ նույնիսկ շատ պարզ թվացող այս հարցադրումը չունի իր պատասխանը` լա՞վ բան է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, թե՞ վատ ։ Տարբեր թիրախ խմբեր կան։ Կա թիրախ խումբ, որի համար բեռ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, որովհետև անձը վաղուց բնականոն կյանքով ապրում է ՀՀ սահմաններից դուրս, ունի ռիսկ, որ ՀՀ սահմանը հատելուն պես կբացահայտվի, որ հետախուզման ներքո է գտնվում՝ զինապարտությունից խուսափելու հոդվածով և ազատությունից կզրկվի։ Այս թիրախ խմբի համար բեռ է ՀՀ քաղաքացիությունը։ Կա մեկ այլ թիրախ խումբ ․ այս պահի դրությամբ, օրինակ, չափելի է ՝ մոտ 40 000 հոգուց կազմված խումբ կա, որն ուզում է ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն, առնվազն հայտ է ներկայացրել մեր հարթակով»։
Եվ ահա, հավասարակշռման հարց է առաջացել։ Այժմ ըստ Նելլի Դավթյանի՝ վերաարժևորում ու վերագնահատում են քաղաքացիության ինստիտուտը։
«Այս համատեքստում մենք մեզ համար արձանագրել ենք առնվազն մի քանի սկզբունք՝ քաղաքացու կենսական շահերի կենտոնը պետք է լինի մեր պետությունը։ Դա ապացուցելի ենք համարում ֆիզիկական բնակությամբ ու գտնվելով ՀՀ–ում։ Երկու կատեգորիա նշեցի՝ ինչպես կացությունը՝ այսինքն, օրինական բնակվելու կարգավիճակը պետք է տեղում լինի, այնպես էլ ֆիզիկական ներկայությունը մշտական՝ տարեկան առնվազն 183 օր ենք հաշվում։ Օտարերկրացիների պարագայում ավելի խիստ, ազգությամբ հայերի նկատմամբ ավելի մեղմ, ինչպես թելադրում է Սահմանադրությունը, մենք բնակության պարտադիր ցենզ ենք սահմանում այսուհետև»։
Կարևոր է ազգությամբ հայ լինելու մասին որոշումը։ Այժմ ազգությամբ հայի վկայությունը հաստատվում է մկրտության կամ ծննդյան վկայականով։
«Խտրական վերաբերմունք է ստացվում ոչ քրիստոնյա ազգությամբ հայերի կամ մկրտվել չցանկացող ազգությամբ հայերի հանդեպ ։ Տարբեր երկրներում կան ուղղակի եկեղեցիներ, որոնք չեն կարող կամ իրավունք չունեն, տվյալ պետության սահմանադրությունը թույլ չի տալիս ազգության վերաբերյալ նշում կատարել մկրտության վկայականում։ Ազգությամբ հայ լինելու վերաբերյալ հանձնաժողովային ձևաչափով այսուհետև կկայացվի որոշում ՝ գնահատման միջոցով ։ 5 տարբեր չափորոշիչներ են, որոնցից մեկը ծննդյան վկայականի կամ մկրտության վկայականի մեջ նշումն է, բայց նշանակություն կունենան նաև հայերեն խոսելու աստիճանը, անվան և ազգանվան ծագումնաբանությունը, հայկական դպրոց ավարտած լինելու փաստը, ազգակցական կապերը, ծնողական և ևս մեկ սերունդ հետ կգնանք, ու այս ամենի համադրությամբ կորոշենք ազգությամբ հայ է դիմումատուն, թե ոչ»։
Տարեցտարի Հայաստանի քաղաքացիություն ստացողների թիվն ավելանում է։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ընտրելու իրավունք ունեցող 2.163.967 քաղաքացիներից անկախության հանրաքվեին մասնակցել էր 2.056.758 քաղաքացի կամ՝ 95,4 %։ Այսօր արդեն 35 տարի անց Հայաստանի քաղաքացների թվին տարեցտարի ավելանում են նաև նրանք, ովքեր ցանկանում են դառնալ Հայաստանի քաղաքացի։ 2025–ին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը գերազանցել է 32 հազարը։ Նախորդ երկու տարիներին դիմումների քանակը եղել է 20 հազարից քիչ ավելի։ Իսկ դրանից առաջ ՀՀ քաղաքացիություն ստացողների թիվը տարեկան 8 հազարը չի գերազանցել։