Անկախությունը կերտողներ. անկախությունը մսխողներ. անկախությունը կողոպտողներ. անկախությունը վաճառողներ. Նարինե Մկրտչյան

35-ամյա անկախ Հայաստանը ղարաբաղյան Շարժման ծնունդ է. Շարժու’մը Հայաստանի ընթացքն ուղղեց դեպի անկախություն։ Շարժումն ազատագրեց Արցախը և հայտարարեց Հայաստանի հետ վերամիավորման մասին։

Այսօր Պետականության օրն է։ Այսօր ազգային իղձերի վերարթնացման և իրականացման օրն է։

35 տարի առաջ սեպտեմբերի 21-ին Հայաստանի խանդավառ ժողովուրդը 99 տոկոսով քվեարկեց անկախ, ժողովրդավարական Հայաստանի օգտին։ Այն, ինչ մնաց, 35 տարի անց Հայաստանի անկախությունից, նման է այն դրոշին, որով ծածկում են պատերազմում զոհված հերոսներին։ Եվ այդ դրոշը թշնամիների փափմուշտներից ծակոտված, դավաճանությունից ծանակված հայոց պետականությունն է։

35 տարի առաջ Հայաստանի անկախությանը 99 տոկոսով «այո» քվեարկած ժողովուրդը տեր չկանգնեց այդ անկախությանը։

Անկախությունն իրական արժեք ունի, երբ այն զուգակցվում է ազատության հետ։ Հայաստանի անկախությունն ավելի ու ավելի անազատ էր դառնում՝ ժողովրդավարական, հասարակական արժեքների անգութ փոխակերպումների հետևանքով։

Անկախությունն իրական արժեք ունի, երբ այն ավելի է նպաստում պետության հզորացմանը և ազգային իղձերի իրականացմանը։ Հայաստանի թուլացող պետականության, հայաթափված Արցախի և սեղմվող պետական սահմանների դաժան իրականության մեջ անկախության ներուժն անվերջ պակասեց, և երեկ ու այսօր Հայաստանի անկախության հակառակորդները ոչ միայն օտարներն են, այլև ներսում դարանակալած օտարները։

Հայ ժողովուրդն իր անկախության հետ վարվեց այնպես, ինչպես վիճակախաղում շահած տոմսի հետ կվարվեր․ շահեց, խանդավառվեց և վատնեց։ Թեպետ անկախությունը ոչ թե շահել էր վիճակախաղում, այլ նվաճել էր 60-ականների անկախականների պայքարով, ղարաբաղյան աննահանջ Շարժմամբ, Արցախի ազատագրության համար զոհվածների արյամբ, նավթավառերի հոտի և անլույս երեկոներում խաղացող մեր երեխաների մանկությամբ։

Հայաստանի 35-ամյա անկախությունն ունեցել է տարբեր շրջափուլեր և այդ շրջափուլերի կառավարիչներ։ 35 տարվա ընթացքում անկախությունն ունեցել է՝

1 անկախությունը կերտողներ

2 անկախությունը մսխողներ

3 անկախությունը կողոպտողներ

4 անկախությունը վաճառողներ։

Այդպես կարելի է բաժանալ թե՛ Հայաստանի իշխանություններին, թե՛ հանրությանը, թե՛ ընդդիմությանը։

Անկախությունը պահպանելը ինքնազոհության և նվիրումի դժվար ճանապարհ է, իսկ հայ ժողովուրդը սովորաբար ընտրում է հեշտ ճանապարհը․ դրա համար էլ հայկական միջավայրում միշտ հաջողակ եղան անկախությունը մսխողները, կողոպոտողներն ու վաճառողները։

Սա՛ է ահասարսուռ իրականությունը։ Մնացյալը վերև բարձրացած բաժակներն են։ 35 տարի առաջ սեպտեմբերի 21-ի այս օրը այդ բաժակների զրնգոցը մեր սրտերում էր, իսկ այժմ մեր սրտերը ծակոտում են կոտրված ապակու փշրանքները։

Շնորհավո՛ր ծվատված Անկախությունդ, 35-ամյա հին ու նոր և հազարապատիկ դավաճանված Հայաստան։

Նարինե Մկրտչյան, Մամուլի ազգային ակումբի նախագահ

Leave a Comment