
Այսօր՝ 2026 թվականի սեպտեմբերի 21-ին, լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձը: 1991 թվականի հենց այս օրը հայ ժողովուրդը համազգային հանրաքվեով վճռական «այո» ասաց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու օգտին:
Անկախության հոբելյանական 35-ամյակը Հայաստանում նշվում է «Անկախություն՝ հարատև պետություն» կարգախոսով: ՀՀ կառավարությունը տոնակատարությունների համար հատկացրել է շուրջ 1,3 միլիարդ դրամ, և միջոցառումների շարք է կազմակերպվել Երևանում ու Հայաստանի չորս մարզերում:
Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված բացօթյա տոնական համերգ, որը բաղկացած կլինի երկու հիմնական մասից՝ պատմամշակութային ներկայացումից և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակին նվիրված համերգային ծրագրից։
Պատմամշակութային ներկայացման հիմքում դրված է «Հազարան բլբուլ» հեքիաթի և առասպելի մոտիվների վրա հիմնված կոնցեպտը։ Համերգային ծրագրում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ճանաչված և սիրված արտիստների, երաժշտական խմբերի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությունը, այդ թվում՝ Թաթա Սիմոնյանի, Արման Հովհաննիսյանի, Իվետա Մուկուչյանի, Լիպարիտ Ավետիսյանի, Գևորգ Հակոբյանի, Արամ MP3-ի, «Կարեն-Սևակ Բենդ»-ի և այլ կատարողների մասնակցությամբ։ Միջոցառումը նախատեսվում է անցկացնել Երևանի Հանրապետության հրապարակում 2026 թվականի սեպտեմբերի 21-ին՝ շուրջ 40 000 հանդիսատեսի ներկայությամբ։