
Հայաստանի անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» խորագրով բացառիկ միջազգային ցուցադրությունը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Մշակութային խոշոր իրադարձությունն առաջին անգամ մեկ հարթակում կհամախմբի Բեռլինի Թանգարանային կղզու վեց թանգարանների և Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուների բացառիկ ընտրանին։
Ցուցահանդեսի նպատակն է այցելուին ծանոթացնել տիեզերքի ծագման, բնության ու ժամանակի ընկալումների վերաբերյալ պատկերացումներին՝ հին աշխարհից մինչև միջնադար և արդի ժամանակներ։
Ցուցադրությունը նվիրված է ՀՀ անկախության 35 և Բեռլինի Թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին։ Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ֆինանսական աջակցությամբ։