Նամակ-պահանջ ՄԱԿ գրասենյակներին․ սեպտեմբերի 19-ը և Հայաստանի նոր արտաքին քաղաքականությունը

Առաջիկա օրերին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ծրագրում են հանդիպել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում։ Նպատակը երկու երկրների միջև սկսված երկխոսությունը շարունակելն է։ Այդ երկխոսության մեջ, սակայն, դեռ կան շատ խնդրահարույց հարցեր և դեռ չսպիացած հիշողություններ։

Դրանցից մեկը կապված է հենց սեպտեմբերի 19-ի՝ երեք տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ։

Օրացույցային սովորական սեպտեմբերի 19–ը Հայաստանում տարբեր կերպ են ընկալում 2023-ից հետո։ Մի դեպքում հիշում են Ադրբեջանի լայնածավալ հարձակումը, որը Ղարաբաղի հայաթափման հիմքը դարձավ, մյուս դեպքում խոսում են Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող երկխոսության մասին։ Այս իրադարձություններն, ըստ էության, սկիզբ դրեցին նաև ՀՀ նոր արտաքին քաղաքականությանը, որի մասին արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Վահան Կոստանյանն ասում է, որ վերջին տարիներին արտաքին քաղաքականության ընդհանուր փիլիսոփայությունը փոխվել է ամբողջ աշխարհում։  

«Անկախությունից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականությունը և արտաքին գործերի նախարարությունը, մասնավորապես, շատ կոնկրետ մեկ-երկու թիրախ է ունեցել, որոնց ուղղությամբ կենտրոնացել են ամբողջ աշխատանքները։ Այդ թիրախները, բնականաբար, վերաբերվել են հակամարտությանը, հակամարտության կառավարմանը՝ ինչ-որ փուլերում թույլ չտալու համար, որպեսզի կոնֆլիկտը վերածվի զինված հակամարտության։ Ես էլ, որ հետ եմ նայում վերջին հինգ տարիների աշխատանքին, հաճախ ինձ բռնում եմ այդ գաղափարի վրա, որ շատերը փորձում են մեզ և մեր միտքը կենտրոնացնել մի թեմայի վրա, որպեսզի մենք անգամ ժամանակ չունենանք մտածելու, թե ընդհանրապես մեր շուրջը, աշխարհում ի՞նչ է կատարվում, ի՞նչ հնարավորություններ կան, որոնցից պետք է օգտվել։ Կամ միգուցե կան այլ վտանգներ, որոնք մենք չէինք տեսնում, երբ կենտրոնացած էինք ընդամենը մեկ խնդրի շուրջ գործունեություն ծավալելու վրա»։

Նորացված արտաքին քաղաքականության և նոր ծրագրերի կողքին Ղարաբաղի հայաթափման երրորդ տարելիցի օրը «Արցախցիների պաշտպանության խորհուրդը» և մի շարք ՀԿ-ներ դիմել են ՄԱԿ-ի գրասենյակներին։ Նամակ–խնդրագիրը մի քանի կետից է բաղկացած, որտեղ հղում կա միջազգային իրավունքին ու միջազգային դատարանների որոշումներին։ Դրանց հղում անելով, նշվում է, որ արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է։

«Եվ չորրորդ․ ձեռնարկել գործուն միջոցներ ստիպելու Ադրբեջանին կատարելու ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի պարտադիր կատարման ենթակա որոշումը, ըստ որի՝ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի»՝ իր պարտավորությունների համաձայն, ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք հեռացել են Արցախից 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո և ցանկանում են վերադառնալ Արցախ, կարողանան դա անել ապահով, առանց խոչընդոտների և արագորեն»։

Հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այս փուլում, սակայն, պաշտոնական Երևանն ու Բաքուն անվտանգության բավարար երաշխիքների մեխանիզմներ դեռ չունեն՝ մարդկանց ապահով վերադարձը ապահովելու համար։ Հետևաբար, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված փխրուն խաղաղությունը պահպանելու և բանակցությունները շարունակելու համար նախընտրել են այս փուլում բանակցային օրակարգ չմտցնել վերադարձի թեման։ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ կան նաև այնպիսի հարցեր, որոնք բանակցային օրակարգի մաս են, բայց պաշտոնյաները աշխատում են դրանք բանակցային սեղաններից չտեղափոխել հանրային քննարկման տիրույթ՝ այդ հարցերի զգայունությունից ելնելով։ Խոսքը Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին է, որոնք գերեվարվեցին հենց սեպտեմբերի 19–ի իրադարձություններից հետո։

«Հիմա մենք ունենք երկխոսություն»․ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ Գերմանիայում հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նա նաև տեղեկացրել է, որ այժմ երկու երկրներն ունեն երկկողմ առևտուր, ինչը երեք-չորս տարի առաջ պարզապես անհնար էր պատկերացնել։ Իհարկե, դա չի նշանակում, որ տարբեր ոլորտներում այլևս հակասություններ չկան, հավելել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ բոլոր հակասությունները կարգավորելու ճանապարհը երկխոսությունն է։ Ըստ Հայաստանի վարչապետի՝ այն նոր հնարավորություններ է ստեղծում՝ հակասությունները հետզհետե նվազեցնելու համար։

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը, գերմանական Վիսբադեն քաղաքում հայտարարել է Հայաստանի վարչապետը՝ նշելով, որ դա առաջին հերթին ոչ միայն ղեկավարների, այլև ժողովուրդների նվաճում է և այժմ պետությունները սովորում են ապրել խաղաղության պայմաններում։  

Leave a Comment