Մեկ տարվա ընթացքում՝ խաղաղության արդեն երրորդ մրցանակը Փաշինյանին

Մեկ տարվա ընթացքում խաղաղության արդեն երրորդ մրցանակն է ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ նպատակով նա աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիա։ Խաղաղության օրակարգը Հարավային Կովկասում առաջ մղելու համար առաջին մրցանակը նա ստացել էր այս տարվա փետրվարին՝ Աբու Դաբիում, երկրորդը՝ ապրիլին՝ Իսպանիայում։

Երկու մրցանակի դեպքում դրամական պարգև է նախատեսված եղել։ Հայաստանի վարչապետը, օրենսդրության համաձայն, ստացված դրամական պարգևները փոխանցել է պետական տնօրինությանը։ «Զայեդ» մրցանակի դեպքում խոսքը 500 հազար դոլարի, Հեսսենի մրցանակի դեպքում՝ 25 հազար եվրոյի մասին է։

Ուշագրավ է, որ երրորդ մրցանակը շնորհվել է միայն ՀՀ վարչապետին՝ ի տարբերություն մյուս երկուսի, որոնք շնորհվել էին նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ուշագրավ է նաև մրցանակի շնորհման պահը։ Այն համընկել է այն իրավիճակի հետ, երբ Հարավային Կովկասում նկատվում է հռետորաբանության որոշակի փոփոխություն։

Խաղաղության հերթական մրցանակը ստանալիս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գովեստի խոսքեր լսեց Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության պետական նախարար Սերափ Գյուլերից։ Գերմանիայում թուրք ներգաղթյալ աշխատավորների ընտանիքում ծնված գործչի համար տպավորիչ է Փաշինյանի անցած ճանապարհը՝ 2018 թվականից ի վեր պետությունը տարբեր առումներով վերափոխելու, դիվանագիտական բազմաթիվ դժվարություններ հաղթահարելու և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի տեսանկյունից։

Վիսբադեն երկրամասի մայրաքաղաք Հեսսենի նահանգային խորհրդարանում  հանդիսավոր արարողության ժամանակ Սերափ Գյուլերը հայտարարել է․

«Նիկոլ Փաշինյանը ստանձնեց պատասխանատվություն մի տարածաշրջանում, որտեղ հակամարտությունը, անվստահությունը և բռնությունը երկար ժամանակ քաղաքական նորմա էին եղել։ Նա հրաժարվեց ընդունել դա։ Այսպիսով, նա իր երկրին՝ Հայաստանին, հնարավորություն տվեց որոշելու իր ապագան ոչ թե հին հակամարտությունների, այլ խաղաղության հնարավորությունների միջոցով»։

Հայաստանի վարչապետին խաղաղության հերթական մրցանակը շնորհողները գնահատել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանը եվրոպական արժեքներին և չափանիշներին մոտեցնելու ու Եվրոպայի հետ սերտ գործընկերությունը խորացնելու ջանքերը։ Եվրոպացի գործիչները համոզված են, որ Հեսսենի խաղաղության մրցանակը պետք է խրախուսի Հայաստանի վարչապետին շարունակել արդեն իսկ բռնած ուղին։

Խաղաղության ճանապարհը հազվադեպ է հեշտ լինում՝ ընդգծել է Գերմանիայի Հեսսեն երկրամասի գյուղատնտեսության և հայրենիքի հարցերով պետական նախարար Ինգմար Յունգը՝ շարունակելով․

«Այն պահանջում է քաջություն, համառություն և դժվար որոշումներ կայացնելու պատրաստակամություն։ Սա առավել ևս ճշմարիտ է, երբ այդ որոշումները դիմադրության են հանդիպում սեփական երկրում։ Քաղաքական պատասխանատվությունը դրսևորվում է հենց այն ժամանակ, երբ անհրաժեշտը նաև հարմարը չէ»։

Եվրոպացի գործիչների փոխանցմամբ՝ մրցանակը նաև ուղերձ է հղում։ Բայց ի տարբերություն նախորդ երկու՝ մարդկային եղբայրության «Զայեդ» և խաղաղության ու հաշտեցման «Գերնիկա» մրցանակների, որոնք շնորհվել էին նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, այս անգամ Հեսսենի մրցանակը շնորհվել է միայն Հայաստանի վարչապետին։

Արդյո՞ք սա նույնպես ուղերձ է։ Վերջին շրջանի փաստերը խոսում են այն մասին, որ Ադրբեջանից հնչող հռետորաբանությունը որոշակիորեն կոշտացել է, հաճախացել են խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար առաջ քաշվող նախապայմանների հիշեցումները։  Նախ՝ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի կազմակերպած միջոցառումը Գանձասարում,  ապա Բաքվից հնչող մի շարք սուր ու խաղաղության տրամաբանությունից չբխող հայտարարություններ այժմ լայնորեն քննարկվում ենՀայաստանի ներքաղաքական դաշտում։ Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյան․

«Ադրբեջանը խաղ սրելու կամ չսրելու, խաղաղարար ձևանալու կամ չձևանալու խնդիր չունի։ Այդ որ ասում ենք՝ խաղաղություն, խաղաղություն, այդ խաղաղությունն էլ Ադրբեջանին պետք չէ այնքան ժամանակ, քանի դեռ լարված իրավիճակից ինքը կարող է նոր և նոր ձեռքբերումներ ունենալ»։

Ընդդիմադիր դաշտից տեսակետներ են հնչում, որ Ադրբեջանն այս վարքագծով   փորձում է արագացնել  Հայաստանի սահմանադրության փոփոխությունը և անկլավների հարցի որոշակիացումը։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունը մշտապես պնդել է՝ սահմանադրությունը փոխելու նպատակները օրակարգում են դեռ 2018-ից, իսկ մնացյալ խնդիրների լուծումն ակնկալվում է բանակցություններով ու սահմանազատմամբ։ Միաժամանակ ԱԺ-ում վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետն ընդդիմադիրներին վստահեցրեց՝ եղել են հարցեր, երբ Հայաստանը կտրուկ մերժել է Ադրբեջանի ցանկությունները։

«Ասել եմ և ասում եմ՝ ՀՀ ինքնիշխան, միջազգայինորեն ճանաչված տարածքը սակարկման ենթակա չի եղել և ենթակա չի կարող լինել։ Օրինակ, ոչ միայն Ադրբեջանը, այլև ձեր քաղաքական հովանավորները, երբ որ ասում էին, որ Հայաստանի տարածքով պետք է միջանցք լինի, մենք ասել ենք՝ ոչ և հասել ենք այդ «ոչ»-ին»։

Բացի երկու հիմնական պատճառներից, Հայաստանի վերլուծական դաշտում Ադրբեջանի հռետորաբանության փոփոխման հավանական պատճառ են համարում նաև մի քանի այլ պատճառ։ Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը ընդգծում է Միացյալ Նահանգներում միջանկյալ ընտրությունների փուլը և դրանով պայմանավորված՝ ԱՄՆ վարչակազմի զբաղվածությունը։ Կա նաև մեկ այլ վարկած․

«Պարզ է, որ այդ ամեն ինչի հետևում չի կարող չլինել որևէ քաղաքական պատճառ։ Ես կարծում եմ, որ տեղի են ունենում բավականին բարդ ինչ-որ զարգացումներ մեր շուրջ, որոնք նաև ազդեցություն են թողնում պաշտոնյաների բառապաշարի և ելույթների ուղղվածության վրա։ Չի կարելի բացառել, որ բարդ հարաբերությունները, որ կան Ռուսաստանի և Հայաստանի միջև, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, ազդեցություն են ունենում հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, և Ռուսաստանը ինչ-որ բարդ կոմբինացիաներ է մտածում։ Ես հուսով եմ, որ մեր իշխանությունները ամբողջությամբ պատկերացնում են, թե ինչ է տեղի ունենում և կմտածեն՝ ինչպիսի քայլեր և ինչպիսի վարքագիծ է պետք դրսևորել»։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակից Բորիս Նավասարդյանը փաստում է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շփումներում վերջին մեկ տարվա ընթացքում նկատվող առաջընթացը, վերջին շրջանի իրադարձություններից և տարբեր հայտարարություններից հետո, զգալիորեն նահանջել է։ Այնուամենայնիվ, իշխանությունը պարբերաբար շեշտում է իր   թեզը՝ փխրուն խաղաղությունը պաշտպանել է պետք

Leave a Comment