ԱԺ-ում այսօր բուռն քննարկումներ էին, թեման՝ վերջին խորհրդարանական ընտրությունները։ Պատգամավորները խոսել են ընտրախախտումների, քաղաքական ֆինանսավորման ու տեղեկատվական ազդեցությունների մասին։ Քննարկվել է նաև ընտրական օրենսդրությունում փոփոխությունների անհրաժեշտության հարցը։
ԱԺ-ում երկրորդ օրն է՝ քննարկվում է խորհրդարանական ընտրությունների թեման։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը։ Այնուհետև պատասխանեց պատգամավորների հարցերին ու գնահատականներին։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դավթյանը ԿԸՀ նախագահին հարցրեց ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մասին։
«Հուլիսի 8-ին ժամը 2-ին կանգնեցրել են հաշվարկը, ասեմ, որ էտ ժամանակ 50 տոկոս ձայն էլ չէին հաշվարկված, և Նիկոլ Փաշինյանը արդեն նշում էր, որ իրենք հաղթել են։ Մի պահ մոռացել էի, որ օրինակ հունիսի 7-ին Լիճք գյուղում մեր «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձը ծեծի էր ենթարկվել Լիճք գյուղի համայնքապետի և իր ընկերների կամ միգուցե, շրջապատի կողմից»։
ԿԸՀ նախագահը նշեց, որ եթե վստահված անձի նկատմամբ բռնության դեպքով հարուցված քրեական գործ կա, դրա ընթացքը վերահսկելու համար պատգամավորներն ունեն օրենքով նախատեսված գործիքներ։
Վահագն Հովակիմյանը հերքեց ձայների հաշվարկը դիտավորյալ կանգնեցնելու մասին պատգամավոր Դավթյանի պնդումը։
«Չգիտեմ, որերրորդ անգամ, կրկնում եմ՝ չի եղել, ժողովուրդ ջան, չի եղել ուղիղ եթերում։ Միակ տարբերակը, որ մարդու մոտ կարար հաշվարկը կանգներ, եթե կոմպյուտերը ռեֆրեշ չաներ»։
Ընտրությունների քննադատությունը դրանով չավարտվեց։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը մեկ այլ դեպքի մասին խոսեց։
«Գորիս-Սիսիանի ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը հավաքել էր Լոր գյուղի տեղամասի չքվեարկած թերթիկները և տարել։ Նպատակը պարզ էր՝ հասկանալ, թե ինչ է ընտրությունների վիճակը, ինչպես են քվեարկել, ում օգտին են քվեարկել։ Սա, իհարկե, ժողովրդավարական ընտրությունների էտալոնն է»։
Ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած դեպքերին ԿԸՀ նախագահի արձագանքը նույնն էր՝ եթե ընտրատեղամասում խախտում է նկատվում, այն պետք է արձանագրվի և անմիջապես կիրառվեն օրենքով նախատեսված մեխանիզմները։
Ընտրությունների ընդհանուր գնահատականը ԿԸՀ աշխատանքից աստիճանաբար տեղափոխվեց այլ դաշտ՝ քաղաքական ֆինանսավորում և տեղեկատվական դաշտի վրա ազդեցություն։
Այս թեմային անդրադարձավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլիթ Մինասյանը։ Նա խոսեց սոցիալական ցանցերում քաղաքական գովազդի ծախսերի մասին՝ հղում անելով Meta-ի հրապարակային տվյալներին։
«Մարտի 15-ից հունիսի 12-ը «Ուժեղ Հայաստան» դաշինքի և դրա հետ փոխկապակցված էջերի քաղաքական գովազդների վրա ծախսվել է շուրջ 328 հազար դոլար։ Դա այդ ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի՝ բոլոր 17 քաղաքական ուժերի ընդհանուր ծախսի մոտ 55 տոկոսն է»։
ՔՊ խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը առանձնացրեց, հատկապես, ընտրական գործընթացի և բարեգործության կապը։
«Մենք այլ հարց պետք է էստեղ քննարկենք՝ արդյո՞ք կարող է քաղաքական ուժը, որը իր անունից կամ իր հետ աֆիլացված կազմակերպությունները զբաղվում են բարեգործությամբ, առհասարակ, մասնակցել ընտրությունների»։
ՔՊ խմբակցության մեկ այլ անդամ՝ Արայիկ Հարությունյանը պնդեց, որ ընտրությունների ընթացքում գործել է պետության զավթմանն ուղղված մեխանիզմ։
«Այս ընտրություններով փորձ է արվել պետության զավթման, և հսկայական և շատ լուրջ մեխանիզմ է աշխատել այս ուղղությամբ։ Այդ մեխանիզմները աշխատել են երեք ուղղությամբ՝ ֆինանսական, կիբեռվտանգներ ստեղծելու և ապատեղեկատվության»։
Խորհրդարանական վերջին ընտրություններից բացի, պատգամավորները խոսեցին նաև հետագա օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Փոփոխություններ, որոնք կանխարգելիչ մեխանիզմներ կստեղծեն հետագայում նման խնդիրներից խուսափելու համար։