Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության «Ակադեմիական արմավենիների» շքանշանի ասպետ, Գյումրու թիվ 10 դպրոցի նախկին տնօրեն Մարտին Փաշայանի հուշատախտակի բացման արարողությանը։
Հուշատախտակը տեղադրվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանի նախաձեռնությամբ՝ ի նշան Մարտին Փաշայանի՝ Գյումրու, և մասնավորապես, թիվ 10 դպրոցի վերականգնման ու կրթական կյանքում ունեցած նշանակալի ավանդի։
«Մարտին Փաշայանը 1988 թվականի երկրաշարժից հետո պարզապես դպրոց չղեկավարեց։ Նա վերաիմաստավորեց դպրոց հասկացությունը՝ այն դարձնելով ոչ միայն կրթություն ստանալու վայր, այլև ջերմ, հոգատար ու մարդակենտրոն կրթական միջավայր։ Ամենածանր կորուստների ու ավերածությունների ժամանակ նա կարողացավ իր մեջ ուժ գտնել, հավատալ վերականգնմանն ու իր գործով այդ հավատը փոխանցել մյուսներին։ Մարտին Փաշայանի գործունեությունը կարևոր նշանակություն ունեցավ նաև հայ-ֆրանսիական կապերի զարգացման և ամրապնդման գործում։ Այսօր թիվ 10 դպրոցում Ֆրանսիայի և ֆրանսերեն լեզվի ուսուցման նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքն այդ ժառանգության շարունակությունն է։ Ֆրանսերենը այստեղ պարզապես օտար լեզու չէ, նաև երկու ժողովուրդների բարեկամության, փոխադարձ հարգանքի և կրթամշակութային կապերի խորհրդանիշ է։
Այս հուշատախտակը կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ մենք արժևորում ենք պարոն Փաշայանի վաստակը, այլև պատգամ է մատաղ սերնդին։ Այն ցույց է տալիս, թե ինչպես կարելի է սիրել հայրենիքը, սիրել սեփական քաղաքը և նվիրումով աշխատել նրա ապագայի համար։ Մարտին Փաշայանի թողած ժառանգությունն այսօր ապրում է ոչ միայն դպրոցի պատերի, այլև այն սերունդների մեջ, որոնք կրթվել են թիվ 10 դպրոցում։ Հուշատախտակը մեզ հիշեցնում է, որ նվիրումով կատարված գործը շարունակում է ապրել սերունդների մեջ»,- ընդգծել է Դավիթ Առուշանյանը։
