Անվտանգության մասին ռազմավարական փաստաթուղթ ունենալն ինքնին անվտանգություն չի ստեղծում, պնդում են մասնագետները։ Կարևոր է հասկանալ՝ ինչ պետք է փոխվի բանակում ու պետական կառույցներում, ինչպես են այդ փոփոխությունները վերածվելու կոնկրետ գործողությունների և, ամենակարևորը, ո՞վ է դրանք իրականացնելու։ Երևանում անցկացվող «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի նոր պաշտպանական մոտեցումների շուրջ քննարկումները հենց այս հարցերի շուրջ են ծավալվել։
Հայաստանը մշակում է անվտանգության նոր ռազմավարություն։ Փաստաթուղթը ներառված է ռազմավարական կառավարման նոր համակարգում, որը միավորում է վեց հիմնական ուղղություն՝ պաշտպանություն, ազգային և ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, կիբեռանվտանգություն, պարենային անվտանգություն և աղետների ռիսկերի կառավարում։։
Փաստաթղթի հիմնական ուղղություններից մեկի՝ պաշտպանության ոլորտի ռազմավարության մշակումը Պաշտպանության նախարարությունը նախաձեռնել է դեռ 2025-ին։ Երևանում անցկացվող «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ԶՈւ ԳՇ պետի օգնական Սուրեն Դարբինյանը։
Նրա խոսքով՝ ռազմավարությունը պետք է հստակ սահմանի, թե ինչ մոտեցմամբ է կազմակերպվում երկրի պաշտպանությունն ու ապահովվում անվտանգությունը, ինչ խնդիրներ են դրվում զինված ուժերի առաջ, ինչպես են լուծվում կամ չեզոքացվում անվտանգային հնարավոր ռիսկերը։
«Կառավարությունը որոշում կայացրեց, որ պետք է մեր ռազմավարական փաստաթղթերի համակարգը պատրաստի, այսպես ասենք, կենտրոնացված ու մեկտեղված և մշակվեց վեց ռազմավարությունների համակարգը, որտեղ ազգային պաշտպանության ռազմավարությունն իր ուրույն տեղը կունենա։ Ռազմավարությունը կկոչվի «ՀՀ անվտանգության և արտաքին քաղաքականության ռազմավարություն» և դրա մեջ պաշտպանության ու զինված ուժերի բլոկը կարևոր տեղ է ունենալու»։
ԶՈւ ԳՇ պետի օգնական Սուրեն Դարբինյանի խոսքով՝ պաշտպանական ոլորտի առաջնահերթություններն արտացոլված են նաև կառավարության 2026-2031 թվականների ծրագրով։ Դրա հիման վրա պաշտպանական գերատեսչությունում այժմ աշխատում են գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ, որը, ըստ Դարբինյանի, համահունչ ԶՈւ կերպափոխման հայեցակարգին։
«2020 թվականին, 2021, 2022 և 2023 թվականների իրադարձությունները ցույց տվեցին, որ աշխարհն այլևս նույնը չէ և ի՞նչ պիտի անենք մենք։ Որոշում կայացրինք, որ ԵՄ դիտորդական առաքելությունը գա Հայաստան, որը նպաստեց կայունությանը։ Իսկ իրավիճակի բեկումնային փոփոխություն տեղի ունեցավ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված հայտարարությունից հետո»։
Անվտանգության նոր մոտեցումների մասին խոսելիս նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն համաժողովին շեշտել էր, որ համապարփակ անվտանգությունը միայն ռազմական կամ պաշտպանական միջոցառումների ամբողջություն չէ․ այն սկսվում է նաև անվտանգության մասին մտածողությունից ու իրականության ընկալումից։
«Համապարփակ անվտանգություն կառուցելու ճանապարհին շատ էական է մեր միտքը, այն, թե ինչպես ենք մտածում և ինչպես ենք ընկալում ընդհանրապես հարցերը։ Մեր անվտանգային շատ պրոբլեմներ, կարող է պարզվի, որ սկսում են մեր մտքում, իրականության և միջավայրի մեր ընկալումների մեջ»։
Պաշտպանական գերատեսչության մեկ այլ պաշտոնյա՝ ԶՈւ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ Դավիթ Ալեքսանյանը, խնդիր է համարում ռազմավարական փաստաթղթերում ամրագրված գաղափարների ու դրույթների կիրառումը։ Նրա խոսքով՝ ռազմավարական մակարդակում մշակվող փաստաթղթերը միշտ չէ, որ հասկանալի են դրանց իրականացնողներին, մյուս կողմից՝ գետնի վրա աշխատողները հնարավոր է չպատկերացնեն այդ փաստաթղթերի ընդհանուր տրամաբանությունը։ Ալեքսանյանը շեշտում է՝ եթե հայեցակարգերը, կանոնակարգերն ու ստորաբաժանումների իրական աշխատանքը փոխկապակցված չեն, ռազմավարական փաստաթղթերը կարող են մնալ միայն ձևակերպումների մակարդակում։
«Կարծում եմ, մի լավ խոսք կա, որ ասում է՝ շղթան ամուր է այնքանով, ինչքանով որ ամուր է իր թույլ օղակը։ Իսկ մեզ մոտ, կարծում եմ՝ հենց այդ անցումային պահն է, այսինքն՝ խոսքից գործի անցնելու այդ հատվածում մեզ պետք է, որ այդ շղթան ամուր լինի»։
Ռազմավարական փաստաթղթերի մշակումը, ըստ ռազմարդյունաբերական ոլորտի փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի, պետք է հիմնված լինի նաև գործնական փորձարկումների վրա։ Նրա առաջարկն է՝ բանակում ստեղծել փորձարարական ստորաբաժանում, որտեղ հնարավոր կլինի դաշտում ստուգել աշխարհում կիրառվող նոր մոտեցումները, ապա դրանց արդյունքների հիման վրա մշակել համապատասխան ռազմավարական փաստաթղթերը։
«Շատ կարևոր կլիներ փորձել մեր բանակում ունենալ, երևի, գումարտակի չափի ինչ-որ փորձարարական ստորաբաժանում, որը կկարողանար այն, ինչ կատարվում է աշխարհում, դաշտում փորձարկել՝ մի քանի անգամ տարբեր մոտեցումներ կիրառելով, և հետո միայն դրա հիման վրա գրել համապատասխան փաստաթուղթը»։
Համապարփակ անվտանգության մասին ռազմավարական մոտեցումները, ըստ «Ափրիկոթ» ՍՊԸ հիմնադիր Վազգեն Ղազարյանի, բավարար չեն, եթե դրանք չեն հասնում այն մարդուն կամ ստորաբաժանմանը, որը գործնականում պետք է իրականացնի այդ ամենը։ Նրա գնահատմամբ՝ խնդիրը միայն բանակի ներսում չէ․ կարևոր է նաև պետական տարբեր կառույցների գործողությունների համակարգումը։
«Շատ կարևոր է, որ մենք մեր ցանկությունների, իհարկե, փիլիսոփայության մակարդակից իջնենք, հասնենք անհատի կատարողի, ստորաբաժանման, մինիմալ տակտիկական միավորի մակարդակի վրա ու հասկանանք՝ ո՞վ է կատարելու, քանի որ մենք էդ մակարդակի վրա ունենք հսկայական խնդիրներ»։
Վազգեն Ղազարյանի խոսքով՝ համապարփակ անվտանգության համակարգի արդյունավետությունը վերջնականապես չափվում է ոչ թե փաստաթղթերով, այլ նրանով, թե այդ համակարգը որքանով է հասնում իր անմիջական կատարողին՝ զինվորին և ստորաբաժանմանը։