Հայկական արմատներից ժառանգած դիմացկունությունը, ձեռնարկատիրական մտածողությունն ու վաճառելու հմտությունն ազդել են Քիմ Քարդաշյանի գործարար հաջողության վրա, կարծում է նրա նոր կենսագրության հեղինակ Ջոնաթան Վան Միթերը։ Vanity Fair ամսագիրը հրապարակել է «Citizen Kim: The Woman Who Created the Future» գրքից մի հատված։
Հատվածում ներկայացվում է Քարդաշյանի նախնիների մասին ընտանեկան ավանդազրույցը։ Նրա հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, դստերը պատմել է 19-րդ դարի կեսերին Հայաստանում ապրած՝ գրել-կարդալ չիմացող 11-ամյա Եֆիմ Կլուբնիկինի մասին։ Ըստ ավանդազրույցի՝ տղան զգուշացրել է տարածաշրջանի քրիստոնյաներին սպառնացող կոտորածի մասին և հորդորել նրանց տեղափոխվել Կալիֆոռնիա։
Վան Միթերը նշում է, որ անկախ պատմության հավաստիությունից՝ այն մեծ նշանակություն ունի այդ տարածքից սերող բազմաթիվ հայերի համար։ Հեղինակն ավանդազրույցը համադրում է դրան հաջորդած Հայոց ցեղասպանության հետ։
Կենսագիրը նաև ներկայացնում է Քարդաշյանի ձեռնարկատիրական ուղին։ Քարդաշյանը 2000-ականների սկզբին Manolo Blahnik ապրանքանիշի հինգ զույգ կոշիկ է գնել՝ յուրաքանչյուրը 800 դոլարով, ապա eBay-ում վերավաճառել է մեկ զույգը 2500 դոլարով։ Վան Միթերը նրա բիզնեսը համարում է հայ նախնիների ձեռնարկատիրական ավանդույթների և մորական ընտանիքի առևտրային հմտությունների համադրություն։ Քարդաշյանի հիմնադրած՝ մարմինը ձևավորող ներքնազգեստի SKIMS ապրանքանիշի արժեքը 2022 թվականին գնահատվել էր գրեթե 4 մլրդ դոլար։
Գրքում պատմվում է նաև Քարդաշյանի տատի և պապի՝ Արթուր Քարդաշյանի և Հելեն Առաքելյանի մասին, որոնք միասին ապրել են շուրջ 70 տարի։ Վան Միթերը մեջբերում է գործարարի խոսքն այն մասին, որ հայկական ծագումն իր ինքնության կարևոր մասն է։
«Citizen Kim: The Woman Who Created the Future» գիրքը լույս կտեսնի հոկտեմբերի 27-ին՝ Viking հրատարակչությունում։
Քիմ Քարդաշյանը նախկինում բազմիցս խոսել է իր հայկական արմատների նշանակության մասին։ Նա 2026 թվականի ապրիլին հայտարարել էր, որ հայկական ինքնությունը մեծապես ձևավորել է իր աշխարհայացքը, իսկ Հայաստան կատարած ընտանեկան այցն անվանել էր իր կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը։ Քարդաշյանը 2019 թվականի այցի ժամանակ երեք կրտսեր երեխաներին մկրտել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
