Ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքների բնակիչներն առաջին անգամ կմասնակցեն Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին։ Ռուսաստանի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքներում նույնպես քվեարկություն է նախատեսված։ Ռուսաստանցիներն առաջիկա օրերին քվեարկելու են խորհրդարանի 450 տեղանոց ստորին պալատի՝ Պետական դումայի նոր կազմի համար։ Համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն։
Ընտրություններն անցկացվում են սեպտեմբերի 18-ից 20-ը, պատգամավորներն ընտրվելու են հինգ տարի ժամկետով։ Հակապատերազմական դիրքերից հանդես եկող միակ կուսակցության՝ «Յաբլոկոյի» գրանցումը Գերագույն դատարանի որոշմամբ չեղյալ է համարվել, այն ընտրություններին չի մասնակցում։
Դաշնային քվեաթերթիկում 10 քաղաքական ուժ է։ Կարող էր 11 լինել, սակայն «Յաբլոկոյի» դաշնային ցուցակի գրանցումը Ռուսաստանի Գերագույն դատարանը մերժել է։ Առաջիկա ընտրությունները 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո անցկացվող առաջին խորհրդարանական ընտրություններն են։
Դրանց ընդառաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով է դիմել ռուսաստանցիներին՝ շեշտելով՝ ընտրություններն անցկացվում են Ուկրաինայում պատերազմի կամ, ինչպես ռուսական իշխանություններն են այն անվանում, «հատուկ ռազմական գործողության» պայմաններում։ Պուտինը ընտրությունը ներկայացրել է որպես ազգային միասնության և Ռուսաստանի զինվորներին աջակցության դրսևորում։
«Մասշտաբային այս իրադարձությունն անցկացվում է հատուկ ռազմական գործողության պայմաններում։ Դոնբասի և Նովոռուսիայի բնակիչներն առաջին անգամ օրենքին համապատասխան կմասնակցեն քվեարկությանը։ Համոզված եմ, որ ընտրություններին կմասնակցեն նաև ռազմական գործողությունների մասնակիցները։ Ձեր ընտրությունը և կամքը հերթական անգամ ցույց կտա, որ մեր զինվորների հետևում միլիոնավոր մարդիկ են»։
Քչերը՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս, պատրանքներ ունեն, որ կլինի արդարացի ընտրապայքար կամ անակնկալ արդյունքներ։ Վերջին հարցումն էլ ցույց է տալիս, որ հարցված ռուսաստանցիների մեծ մասը ակնկալում է «Եդինայա Ռոսիայի» հաղթանակը։
Համառուսաստանյան հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի՝ սեպտեմբերի 11-12-ի հարցման համաձայն՝ 76 տոկոսը կարծում է, որ ամենաշատ ձայները կստանա «Եդինայա Ռոսիան»։ Կոմունիստական կուսակցության հաղթանակը նշել է 4 տոկոսը, իսկ ԼԴՊՌ-ի և «Նոր մարդկանց» դեպքում՝ 2-ական տոկոսը։ Այս տվյալներն արտացոլում են ոչ թե կուսակցությունների ընթացիկ վարկանիշը, այլ հարցվածների պատկերացումները ընտրությունների հնարավոր ելքի վերաբերյալ։
«Ասոշիեյթեդ պրեսի» լրագրողին Մոսկվայի փողոցներից մեկում հանդիպած Ալեքսանդր Վերտուխինը կարծում է, որ այն, ինչ անում են «Եդինայա Ռոսիան» ու կոմունիստները, բավարար է․
«Նրանց ծրագրերն ընդգրկում են ամեն ինչ։ Իսկ էլ ի՞նչ… Գուցե ավելի մեծ ուշադրություն դարձնել «հատուկ ռազմական գործողության» մասնակիցներին, հատկապես նրանց, ովքեր վերադառնում են ռազմաճակատից »։
Պատերազմը, որն արդեն հինգերորդ տարին է շարունակվում, ռուսական բանակի համար ծանր կորուստների պատճառ է դարձել։ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ռիչարդ Նայթոնը սեպտեմբերի 11-ին հայտարարել է, որ Ռուսաստանի բանակի զոհերի թիվը գերազանցում է 500 հազարը, իսկ ընդհանուր ռազմական կորուստները՝ ներառյալ վիրավորները, հասնում են մոտ 1,5 միլիոնի։
Նիկոլայ Անդրեևիչը, որի ազգանունը գործակալությունը անվտանգության նկատառումներով չի հրապարակում, այս պահին Դաշնության առջև ծառացած թիվ մեկ խնդիրը համարում է պատերազմը․
«Դե, նախևառաջ, Ուկրաինայի հետ կապված իրավիճակի կարգավորումն ամենացավոտ հարցն է։ Մյուս բոլոր հարցերը՝ նյութական, քաղաքական, գաղափարական և տնտեսական, բխում են հենց դրանից»։
Ավելի երիտասարդների շրջանում էլ կան քաղաքական փոփոխություններ ակնկալողներ։
«Կցանկանայի որոշակի փոփոխություններ տեսնել։ Տեսնել այլ կուսակցություն, ոչ թե այն մեկը, որն այժմ իշխում է, որը վերահսկում է բացարձակապես ամեն ինչ»։
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանը կառավարում է 1999 թվականից՝ որպես նախագահ կամ վարչապետ։ 2024-ի նախագահական ընտրություններում նա վերընտրվեց՝ պաշտոնական արդյունքով ստանալով ձայների ավելի քան 87 տոկոսը։ Ներկայիս խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «Եդինայա Ռոսիան» շարունակում է մնալ առաջատար ուժը, իսկ միջազգային և ռուսական անկախ աղբյուրները նշում են ընտրապայքարի և քաղաքական մրցակցության սահմանափակումները։
Համառուսաստանյան այս ընտրությունների առնչությամբ քննարկվող հարցերից մեկն էլ այն է, թե որքան բարձր կլինի ընտրողների մասնակցությունը։ Սա դիտարկվում է որպես հասարակական վերաբերմունքի հնարավոր ցուցիչ։
Արդյո՞ք կլինի նոր մոբիլիզացիա․ սա ևս ամենաքննարկվող հարցերից է։ 2022-ի սեպտեմբերին Պուտինը հայտարարել էր մասնակի զորահավաք՝ մոտ 300 հազար պահեստազորայինների ներգրավմամբ։ Դրանից հետո հարյուր հազարավոր ռուսաստանցիներ լքեցին երկիրը։
Ընտրություններին ընդառաջ Մոսկվան նոտաներ է հղել օտարերկրյա պետությունների դիվանագիտական գերատեսչություններին՝ խնդրելով ընտրությունների օրը միջոցներ ձեռնարկել ռուսաստանյան դեսպանատների մոտ ցույցերը կանխելու համար։
ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան ավելի վաղ հարցազրույցներից մեկում կոչ էր արել քննարկել արտերկրում գտնվող որոշ ռուսաստանցիների ընտրական իրավունքից զրկելու հարցը։ Նա ասել էր, որ իր կարծիքով՝ երկրից հեռացած և, իր ձևակերպմամբ, «դավաճանած» քաղաքացիները չպետք է քվեարկեն։