ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը պնդել է, որ Հայաստանում գործող ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները կարող են դառնալ այն գործընթացի հաջորդ թիրախները, որը Մոսկվան բնորոշում է որպես «ռեյդերական զավթում»։ Նրա հայտարարությունը փոխանցել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Շևցովի խոսքով՝ շրջանառության մեջ են դրվում այդ ձեռնարկությունների թերֆինանսավորման, ներդրումային միջավայրի վրա բացասական ազդեցության, բնապահպանական վնասի և աշխատակիցների ցածր աշխատավարձերի մասին պնդումներ։
«Դա արվում է նրա համար, որպեսզի արժեզրկվեն ռուսական ակտիվները և սեփականատերերին ստիպեն ազատվել դրանցից»,- հայտարարել է Շևցովը։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախորդ օրը նույնպես պնդել էր, որ Հայաստանում ռուսական բիզնեսի նկատմամբ «ոչ բարեկամական գիծ» և «երկակի չափանիշներ» են կիրառվում։ Նա տեղի ունեցողն անվանել էր «ռեյդերական զավթում»։
Մայիսին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նույնպես քննադատել էր Հայաստանում ռուսական բիզնեսի նկատմամբ տարվող քաղաքականությունը՝ այն անվանելով «ոչ բարեկամական գիծ» և «երկակի չափանիշների» դրսևորում։
Ռուս պաշտոնյաների հայտարարությունները հնչել են Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարման շուրջ քննարկումների ֆոնին։
Շևցովի հայտարարությունը հնչել է Հայաստանի երկաթուղու հետագա կառավարման շուրջ հայ-ռուսական քննարկումների ֆոնին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 5-ին հայտարարել էր, որ ռուսական կառավարման պահպանումը պատժամիջոցային ռիսկեր է ստեղծում միջազգային ներդրողների համար և կարող է խոչընդոտել Հայաստանի՝ միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրմանը։ Նրա խոսքով՝ Երևանը Մոսկվային առաջարկել է երկաթուղու կառավարումը փոխանցել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երրորդ երկրի՝ ընդգծելով, որ նախաձեռնությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։
Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանում գործող ռուսական ընկերություններից մի մասը հաջողությամբ է աշխատում, իսկ մյուսները շահութաբեր չեն և չեն զարգանում, հավելելով, որ դա և Հայաստանի, և Ռուսաստանի խնդիրն է։ Պուտինը, անդրադառնալով երկաթուղու զարգացմանը, հայտարարել էր, որ ներդրումները կախված են բեռնափոխադրումների ծավալից։
