Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման կարգավորողները հուշագիր են մշակում – armeniatoday.am

Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման ոլորտի կարգավորող մարմինները համագործակցության հուշագիր են մշակում, տեղեկանում ենք Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից (ՀՌՀ)։

Հուշագրի հնարավոր ստորագրումը քննարկվել է սեպտեմբերի 16-ին Սոֆիայում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի և Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի նախագահի տեղակալ Դենիզ Գյուլերի հանդիպման ժամանակ։ Նշվում է, որ հուշագրի նախագիծն արդեն մշակման փուլում է, սակայն թե ինչ է այն նախատեսում, մանրամասներ չկան։ 

Կողմերը քննարկել են նաև հեռարձակման ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ փորձի և մասնագիտական գիտելիքների փոխանակումը, ոլորտային երկխոսության ակտիվացումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների իրականացումը։

Հակոբյանն ու Գյուլերը նաև անդրադարձել են հեռարձակման ոլորտի զարգացումներին և առկա մարտահրավերներին։ Նրանք կարևորել են երկու կարգավորող մարմինների միջև հանդիպումների շարունակականությունը և միջազգային ու տարածաշրջանային հարթակներում համագործակցության ընդլայնումը։

Հայաստանի և Թուրքիայի ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից։ 2022 թվականից երկրները բանակցություններ են վարում հարաբերությունների կարգավորման շուրջ, որի շրջանակում հանդիումներ են տեղի ունենում նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև։ 

Կարդացեք նաև՝ 

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով

Հայ և թուրք գործարարները որոշել են ակտիվացնել առևտուրն ու կոչ արել բացել սահմանը

Leave a Comment