Ռիք Ղազարյան. Ճամփորդությունը՝ աշխարհը բացահայտելու եւ մարդկանց միավորելու ճանապարհ

ԵՐԵՎԱՆ-ԲԱՆԳԿՈԿ – Ռիք Ղազարյանը (ծն. 1969, Բոսթոն) հայազգի ամերիկյան լուսանկարիչ է, գրող, փոդքասթներ վարող, կինովավերագրող, բլոգեր, ԱԹՍ վարող եւ ճամփորդական ոլորտի բանախոս: Բոսթոնի քոլեջի շրջանավարտ է, որը ճամփորդել է բոլոր յոթ մայրցամաքների ավելի քան 190 երկրներում եւ շարունակում է իր ճանապարհորդությունները՝ նպատակ ունենալով այցելել աշխարհի բոլոր երկրները: Իր «GlobalGaz» բլոգի միջոցով նա պատմում է իր՝ քիչ հայտնի ուղղություններով կատարած ճամփորդությունների եւ այն վայրերի մասին, որոնք հաճախ դուրս են մնում ավանդական զբոսաշրջության ուշադրությունից:

Մեծ ճանաչում գտած իր «Հաշվելով երկրները» (Counting Countries) փոդքասթի ընթացքում Ղազարյանը հարցազրույցներ է վարում ամենաշատ ճամփորդած մարդկանց հետ: «Հաշվելով երկրները» դասվում է աշխարհի բոլոր փոդքասթների լավագույն 2,5 տոկոսի շարքին, եւ նա արդեն հյուրընկալել է ավելի քան 150 հյուրի:

Ռիք Ղազարյանը նաեւ վավերագրական ֆիլմերի արտադրիչ է, նկարահանել է «Ճանապա՛րհ ընկիր. Հնդկաստան» եւ «Ճանապա՛րհ ընկիր. Կամբոջա» արկածային-ճամփորդական ֆիլմերը: Առաջինը iTunes հարթակում դարձել է ամենավաճառվող ֆիլմերից մեկը, իսկ երկրորդը ստացել է «Մեքոնգ մինիս» մրցանակը: Ղազարյանը նաեւ երեք գրքի հեղինակ է՝ «Ճանապա՛րհ ընկիր. Հնդկաստան», «Անցնելիք 7000 կիլոմետր ճանապարհ» եւ «Լուսանկարներ Չեռնոբիլից»:

Ղազարյանն ակտիվորեն ներգրավված է միջազգային ճամփորդական համայնքի կյանքում: Նա «Թրեւլ մասիվ» ընկերության Բանգկոկի բաժնի ղեկավարն է եւ Ասիայի համակարգողը: Նա նաեւ «Արտառոց ճամփորդական փառատոն» նախագծի համահիմնադիրն ու կազմակերպիչն է: Այն առաջին անգամ տեղի է ունեցել 2022-ին, Երեւանում. հաջորդը նախատեսված է այս տարվա հոկտեմբերին, Բանգկոկում:

Ռի՛ք, ճամփորդության հանդեպ ունեցած ձեր կիրքը վերածել եք լուսանկարների, գրքերի, ֆիլմերի, փոդքասթների եւ միջազգային ճամփորդական համայնքի: Հետադարձ հայացք նետելով ձեր ճանապարհին՝ պարզապես երկրներ այցելելուց մինչեւ ձեր փորձառությունները փաստագրելն ու ամբողջ աշխարհում ճամփորդող մարդկանց միավորելը՝ ո՞ր փորձառությունն է ամենից հիմնովին փոխել աշխարհը տեսնելու ձեր կերպը:

-Ամեն ինչ սկսվեց 2003 թվականին կատարած ուղեւորությունից, երբ առաջին անգամ այցելեցի Հայաստան՝ հորս հետ: Այդ ճամփորդությունն իմ մեջ մի բան սերմանեց, որը ես այն ժամանակ ամբողջովին չէի գիտակցում՝ Հայաստան տեղափոխվելու եւ ինչ-որ կերպ այդ երկրին օգտակար լինելու գաղափարը: Վերադառնալուց կարճ ժամանակ անց կապ հաստատեցի Ջեյսոն Դեմերջյանի՝ «Հայ կամավորների միության» հիմնադրի հետ: Շուտով տեղափոխվեցի Երեւան, ստուդիա վարձեցի Սայաթ-Նովա փողոցում եւ սկսեցի աշխատել «Հայ կամավորների միությունում»: Որպես անգլերենի ուսուցիչ ինձ աշխատանքի նշանակեցին «Մանանա» կենտրոնի արտադպրոցական ծրագրում եւ «Զատիկ» մանկատանը, որտեղ դասավանդում էի 120 երեխաների:

Անսպասելի էր, որ այդ փորձառությունը լիովին փոխեց Հայաստանի հետ իմ հարաբերությունների ուղղությունը: Հայաստան գալով՝ մտածում էի, որ հենց ե՛ս պիտի ինչ-որ բան տամ՝ իմ ժամանակը, անգլերենի դասերը, այն ամենը, ինչ կարող էի տալ մի քանի ժամ տեւող արտադպրոցական պարապմունքներին: Բայց իրականում «Զատիկի» եւ «Մանանայի» երեխաներն էին ինձ ինչ-որ բան տալիս: Նրանք ինձ տվեցին նպատակի զգացում, որը չունեի ֆինանսական ծառայությունների ոլորտում գրասեղանի առջեւ նստած ժամանակ: Նրանք ինձ սովորեցրին համբերություն եւ ցույց տվեցին, թե ինչպիսին է դիմացկունությունը այն մարդկանց մեջ, որոնց կյանքը շատ ավելի պակաս բաներ է տվել, քան ինձ: Կամավորական աշխատանքի ես գնում՝ կարծելով, թե դու ես օգնողը: Բայց ոչ ոք քեզ չի ասում, որ այն մարդիկ, որոնց, ինչպես ենթադրվում է, պետք է օգնես, վերջում քեզ ավելի շատ են օգնում. հենց նրա՛նք են քեզ փոխում:

Այդ փորձառության վրա է կառուցված ամեն ինչ: Երկրների հաշվարկը, փոդքասթը, փառատոնը՝ դրանցից ոչ մեկը գոյություն չէր ունենա, եթե Երեւանում անցկացրած այդ առաջին տարին ինձ չսովորեցներ, որ փոխանակումը երկկողմանի է:

Դուք այցելել եք 190 երկիր, իսկ ձեր «Հաշվելով երկրները» փոդքասթում ներկայացվում են մարդիկ, որոնք այցելել են երկրագնդի բոլոր 193 երկրները: Մեծ թվով արտասովոր ճամփորդական պատմություններ լսելուց հետո փոխվե՞լ է ձեր սեփական պատկերացումն այն մասին, թե ի՛նչն է երկիր համարվում:

-Կարծում եմ՝ ՄԱԿ-ի 193 անդամ պետությունների թիվն օրինական եւ օգտակար չափանիշ է: Այն բոլորին տալիս է ընդհանուր, օբյեկտիվ վերջնակետ, եւ հենց այդ թիվն եմ ես օգտագործում, երբ խոսում եմ իմ սեփական առաջընթացի մասին: Բայց որքան խորանում եմ այս աշխարհում, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ ՄԱԿ-ի ցանկը «երկրի» միայն մեկ տարբերակն է, եւ մոլորակը լի է այլ տարբերակներով, որոնք իրենց բնակիչների համար նույնքան իրական են:

Ես ժամանակ եմ անցկացրել այս միջանկյալ վայրերից շատերում: Սոմալիլենդը գործում է որպես լիովին ինքնակառավարվող պետություն՝ իր արժույթով, անձնագրով եւ ընտրություններով, սակայն միայն մեկ երկիր է այն ճանաչում: Մերձդնեստրն ունի իր բանակը, սեփական դրամը եւ խորհրդային ժամանակաշրջանի ինքնությունը, որը կարծես սառած է ժամանակի մեջ, թեեւ թղթի վրա ամբողջությամբ գտնվում է Մոլդովայի տարածքում:

Հետո, հիշենք միկրոպետությունները, որոնք ինքնին բոլորովին այլ ու հետաքրքրաշարժ կատեգորիա են՝ ինքնիշխանությունը որպես գաղափար, արվեստի նախագիծ կամ կատակ, որը բավական լրջորեն է ընդունվել: Ամենահայտնին Ծովաստանի (Սիլենդ) իշխանապետությունն է՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին կառուցված նախկին հակաօդային պաշտպանության հարթակ Հյուսիսային ծովում՝ Անգլիայի Սուֆոլքի ափերի մոտ: Այն 1967 թվականին գրավեց Փեդի Ռոյ Բեյթսը՝ սկզբում բրիտանական իրավասությունից դուրս ծովահենական ռադիո հեռարձակելու նպատակով: Այդ ժամանակից ի վեր Ծովաստանը թողարկել է սեփական անձնագրերը, արժույթը եւ նամականիշները, դիմակայել զինված հեղաշրջումների եւ այսօր գործում է որպես իրական, թեեւ չափազանց փոքր, ինքնահռչակ պետություն: Ես այցելել եմ այնտեղ, եւ իսկապես յուրահատուկ ու սյուրռեալիստական զգացողություն է օվկիանոսի մեջտեղում կանգնել ժանգոտված հարթակի վրա, որն ունի պետականության հատկանիշներ՝ դրոշ, օրհներգ, արժույթ: Ես նաեւ նույն թիմում եմ աշխատել չորրորդ սերնդի թագավորական ընտանիքի անդամների՝ արքայազն Ջեյմսի եւ Լիամի հետ:

Երկիր լինելու կամ չլինելու մեկ այլ օրինակ է Կղզեստանի (Այսլանդիա) իշխանապետությունը, մի միկրոպետություն, որը 2018-ին հիմնադրել են Գարեթ Ջոնսոնը եւ Մարշալ Մայերը եւ որը հավակնում է հաստատվել Բելիզի ափերի մոտ գտնվող՝ մանգրովյան անտառներով ծածկված անմարդաբնակ Քոֆի Քեյ փոքրիկ կղզում: Ես նրա հիմնադիր քաղաքացիներից մեկն եմ: Սա աշխարհում առաջին քրաուդֆանդինգով (մեծ թվով մարդկանց կողմից իրականացվող ֆինսանսավորում) ստեղծված երկիրն է, քանի որ գրեթե 100 մարդ ֆինանսապես միավորվել է՝ այս երկիրը գոյության կոչելու համար:

Այս վայրերը ստիպում են հասկանալ, որ երկրի սահմանումը մի փոքր ավելի «գորշ» է, քան կարող էին սկզբում մտածել: Ես իրականում ավելի խորությամբ եմ ներգրավվել այդ հարցի մեջ, քանի որ ելույթ եմ ունենալու «ՄիկրոԿոն 2027»-ում՝ միկրոպետությունների կողմնակիցների՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած երկամյա հավաքին: Դա մի հարթակ է, որտեղ հավաքվող մարդիկ այս երկիմաստությանը շատ լուրջ են վերաբերվում՝ կիսով չափ որպես քաղաքականության, կիսով չափ՝ որպես արվեստի: Իմ սեփական պատասխանը, այսքան տարիներից հետո, հետեւյալն է. ՄԱԿ-ի 193-ը ճիշտ թիվ է հաշվելու համար, բայց աշխարհի իրական քարտեզի վրա ավելի շատ սահմաններ են գծված, քան այդ թիվն է:

Ռիք Ղազարյանը հոր՝ Չարլզ Ղազարյանի հետ, Հայաստան, 2003 թ.:

Երբ արգենտինահայ լուսանկարիչ եւ կրքոտ ճամնապարհորդ Արազ Հաջյանին հարցրի, թե որո՞նք են իր համար այցելելու համար ամենահետաքրքրական երեք վայրերը, նա նշեց Անտարկտիդան, Հայաստանը եւ Իրանը: Իսկ որո՞նք են ձե՛րը:

-Բութանը, Տուվալուն եւ Մադագասկարը. երեք վայր, որոնց համարժեքը, կարծում եմ, ոչ մի այլ վայրում իրականում չկա:

Բութանը պարզապես եզակի է: Աշխարհում չկա մեկ այլ երկիր, որը լիովին նման լինի նրան: Մի երկիր, որն իր ողջ ինքնությունը գիտակցաբար կառուցել է Համախառն ազգային երջանկության, այլ ոչ թե համախառն ներքին արտադրանքի շուրջ: Բութանը զբոսաշրջությունը սահմանափակում է միտումնավոր կերպով, այլ ոչ թե պատահաբար եւ դեռեւս այնպիսի տպավորություն է թողնում, կարծես գործում է իր սեփական, այլ ոչ թե աշխարհի կանոններով: Ակնկալե՛ք տեսնել ավանդական հագուստով տեղացիների, զարգացման ցածր մակարդակ եւ մի երկիր, որտեղ չկա նույնիսկ մեկ լուսացույց:

Տուվալուն բոլորովին այլ ձեւով է եզակի: ՄԱԿ-ի անդամ մի երկիր, որտեղ ապրում է տաս հազարից մի փոքր ավելի մարդ, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի կենտրոնում եւ մնացած աշխարհի հետ կապվում է Ֆիջիից շաբաթական ընդամենը երեք չվերթով: Այն ամենավառ հիշեցումներից մեկն է այն մասին, որ «երկիրը» կարող է լինել գրեթե անհավանականորեն փոքր ու հեռավոր եւ, այնուամենայնիվ, ամբողջովին ինքնուրույն մի վայր:

Եվ Մադագասկարը՝ իր կենսաբանական արտասովորությամբ եւ իր ժողովրդի մշակույթի հարստությամբ: Էվոլյուցիոն առումով այն այնքան վաղուց է բաժանվել աշխարհի մյուս մասերից, որ նրա վայրի բնության մոտ 90 տոկոսը գոյություն չունի Երկրի որեւէ այլ վայրում: Բացի այդ, այն աֆրիկյան եւ հարավ-արեւելյան ասիական մշակույթների ու ժողովուրդների իսկապես յուրահատուկ խառնուրդ է, որը նույնպես գրեթե ոչ մի այլ տեղ չես հանդիպի:

Յուրաքանչյուր երկիր ինչ-որ հետաքրքրական բան ունի առաջարկելու: Բայց եկե՛ք մի պահ քաղաքականապես ոչ կոռեկտ լինենք. ձեր այցելած ո՞ր երկիրն եք համարել ամենաքիչ հետաքրքիրը եւ ինչո՞ւ:

-Նախքան պատասխանելը՝ ուզում եմ մի վերապահում անել, որովհետեւ կարծում եմ՝ «ամենաքիչ հետաքրքիր» լինելը մասամբ պայմանավորված է որոշակի հանգամանքներով, այլ ոչ թե տվյալ վայրի նկատմամբ արդարացի գնահատական է: Երբեմն պարզապես բավարար ժամանակ կամ գումար չես ունենում երկիրը պատշաճ կերպով տեսնելու համար: Վատ եղանակը, վտանգավոր իրավիճակը կամ ոչ այնքան լավ ուղեկցողը կարող են փչացնել ամբողջ այցը եւ այնպիսի տպավորություն թողնել, որն իրականում ոչ թե երկրի, այլ տվյալ ճամփորդության մեղքն է:

Այս վերապահումով ես կընտրեմ Կաբո Վերդեն՝ Սենեգալի ափերի մոտ Ատլանտյան օվկիանոսում գտնվող փոքրիկ կղզեխումբը: Ես ժամանակ անցկացրի մայրաքաղաքում եւ այցելեցի եւս երկու կղզի, եւ այնտեղից հեռացա այն զգացողությամբ, որ այդ երկիրը միապաղաղ ու անհետաքրքրական է: Տեսածս ոչ մի բան առանձնապես աչքի չընկավ՝ չկային Կամբոջայի Անգկոր Վատ տաճարների համալիրը կամ Հորդանանի Պետրա քաղաքի մակարդակի հուշարձաններ, չկային այնպիսի բնապատկերներ, որոնք ինձ «մեխեին» տեղում, ինչպես Եթովպիայի Դանակիլ իջվածքը կամ Նորվեգիայի ֆյորդները: Միանգամայն հնարավոր է, որ այլ երթուղին, տարվա այլ եղանակը կամ ավելի երկար ժամանակն ինձ մեկ այլ Կաբո Վերդե ցույց տար: Բայց եթե հիմնվեմ բացառապես իմ սեփական այցելության վրա, դա է այն երկիրը, որն ինձ ամենաքիչն է տպավորել:

Հետաքրքրական կլիներ իմանալ ձեր նախնիների ոդիսականի մասին: Ձեր հայ ծագումը որեւէ կերպ ազդե՞լ է ճամփորդությունների հանդեպ ձեր կրքի վրա:

-Իմ չորս տատիկ-պապիկներից երեքը վերապրել են Հայոց ցեղասպանությունը եւ ի վերջո հասել են Բոսթոն, որտեղ ես ծնվել եւ մեծացել եմ: Մի պապս, նույնպես հայ, ծնվել էր ԱՄՆ-ում: Իմ նախնիները Մադենից, Մարաշից եւ Խարբերդից էին:

Մեծանալով՝ ես շատ լավ գիտակցում էի իմ հայկական ինքնությունը, բայց այն որեւէ խորքային կերպով չէր ձեւավորել ինձ. դա ավելի շատ իմ մասին մի փաստ էր, քան ապրած փորձառություն: Դա փոխվեց 2003-ին հորս հետ Հայաստան առաջին այցելությանս ժամանակ եւ ավելի շատ՝ 2004 թվականին չորս ամիս կամավոր աշխատելուս ընթացքում: Մինչ այդ ես գուցե միայն 25 հայերեն բառ գիտեի, իսկ Հայաստանում ապրածս ամիսներին յուրացրի լեզվի աշխատանքային տարրական մակարդակը, ամեն օր շփվեցի Սփյուռքի տարբեր անկյուններից եկած հայերի հետ եւ ճամփորդեցի երկրի բազմաթիվ շրջաններում եւ Արցախում: Այդ ճամփորդությունն էր իմ իրական հայկական կրթությունը, այն կրթությունը, որը Բոսթոնում ոչ մի մեծաթիվ ընտանեկան տոնական ընթրիքներ կամ ընտանեկան պատմություններ ինձ չէին կարող տալ:

Այդ կամավորական ճամփորդությունն ի վերջո ձեւավորեց դրանից հետո կատարածս յուրաքանչյուր ճամփորդությունը, մի եղանակ, որը որեւէ առնչություն չուներ իմ հայկական ինքնության հետ: Դրանից առաջ ես ճամփորդությունը պատկերացնում էի միայն մեկշաբաթյա հատվածներով՝ ամերիկյան սովորական արձակուրդի ձեւաչափով: Չորս ամիս Երեւանում ապրելն առաջին անգամ ինձ հասկացրեց, որ ճամփորդությունը կարող է լինել ավելի դանդաղ, ավելի խորքային եւ առանց նախապես որոշված վերջնաժամկետի: Դա այն ձեւաչափն է, որն օգտագործել եմ իմ ամբողջ հետագա կյանքում:

Մի առիթով ասել եք, որ ձեզ հատկապես հարազատ են Երեւանը եւ ձեր ներկա բնակավայր Բանգկոկը: Ի՞նչը բացահայտեց Հայաստանը ձեզ՝ որպես ճամփորդի, որը չէիք ակնկալում այնտեղ գտնել:

-2003 թվականից ի վեր գրեթե 25 տարվա ընթացքում պարբերաբար այցելել եմ Երեւան, եւ այն փոփոխությունները, որոնց ականատես եմ լինում, հսկայական են: Այն ժամանակ փողոցներով քայլելիս քաղաքը մռայլ, սովետական տեսք ուներ եւ տնտեսապես ընկճված էր: Թվում էր՝ ընդհանրապես օտարերկրացիներ չկան, ուրիշ սփյուռքահայերից բացի:

Այսօր ճիշտ հակառակ վիճակն է: Փողը հոսում է Երեւան, եւ զարգացումը կարծես անվերջ է: Այժմ ընտրության հնարավորություններն անսահման են՝ ռեստորաններ, սրճարաններ, բարեր, կենդանի երաժշտություն եւ շատ ավելին: Քաղաքը չափազանց հարմար է ոտքով շրջելու համար: Իսկ այսօրվա Երեւանը զգում է իրեն որպես իսկապես միջազգային, կոսմոպոլիտ քաղաք՝ ոչ թե իր անցյալով սահմանվող վայր, այլ մի քաղաք, որն ինքնավստահորեն կառուցում է իր ներկան:

Ծրագրե՞ր ունեք կրկին գալու Հայաստան՝ «Արտառոց ճամփորդական փառատոնի» շրջանակում, կամ գուցե որպես ճամփորդական կամ ստեղծագործական նոր նախագծի մաս…

-Ես անչափ ոգեւորված էի «Արտառոց ճամփորդական փառատոնը»՝ աշխարհի ամենաշատ ճամփորդած մարդկանց ամենամեծ հավաքը Երեւան բերելու գաղափարով: Դա իմ փոքրիկ ժեստն էր՝ Հայաստան բերել 130 մեգաճամփորդների եւ բովանդակություն ստեղծողների եւ փոքր ներդրում ունենալ երկիրը մի լսարանի առաջ ներկայացնելու գործում, որը կարող էր իսկապես տարածել Հայաստանի մասին խոսքը: Դա նաեւ ինձ համար երկրում ավելի խոր արմատներ նետելու անձնական հնարավորություն էր:

Թեեւ միջոցառումն ինքնին մեծ հաջողություն ունեցավ, կուլիսների հետեւում տեղի ունեցածը, ցավոք, այդպիսին չէր: Ես 130 մասնակիցների համար Աբովյան փողոցում գտնվող մի մեծ ռեստորան էի ամրագրել՝ ձեռքիս ունենալով պայմանավորվածության փաստաթուղթ, եւ, այնուամենայնիվ, երկու անգամ նրանց բռնեցրի ինձ ֆինանսապես խաբելու փորձ կատարելիս: Երբ այդ փորձառությունը հրապարակայնորեն տարածեցի՝ մյուս կազմակերպիչներին զգուշացնելու համար, ռեստորանն, իր հերթին, ինձ դատի տվեց: Դատարանն, ի վերջո, գործը մերժեց:

Բացի այդ, մեկ այլ խոշոր եւ հայտնի ռեստորանային համալիր միջոցառումից կարճ ժամանակ առաջ հրաժարվեց մեր պայմանավորվածությունից՝ ստիպելով ինձ շատ կարճ ժամկետում զբաղվել հյուրերիս համար երկու փոխարինող վայրեր գտնելու հարցով: Եվ մինչ շատ կառավարություններ ջանքեր են գործադրում աջակցելու նման միջոցառումներին՝ շահագրգռված լինելով իրենց երկրների ճանաչելիության եւ զբոսաշրջության գործին դրանց բերած նպաստով, Հայաստանի կառավարությունը որոշեց փառատոնին որեւէ ուղղակի աջակցություն չցուցաբերել:

Այսպիսով, ապագայում, ինչպես կարող եք պատկերացնել, Հայաստանին լրջորեն սատարելու կամ այնտեղ աշխատելու ծրագրեր չունեմ: Տարօրինակ բան է՝ նման բան ասել մի երկրի մասին, որի հետ ունեմ անձնական շատ ամուր կապ: Բայց այնտեղ միջոցառում կազմակերպելն ինձ սովորեցրեց, որ սերը մի վայրի հանդեպ եւ այնտեղ բիզնես վարելու նկատմամբ վստահությունն ու հանգստությունը երկու շատ տարբեր բաներ են…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Leave a Comment