Իրանում պատերազմը սկսել է հյուծել Պենտագոնը, գրում է լիբանանյան «Ալ Մայադին» հեղինակավոր թերթը: Ըստ սեպտեմբերի 8-ի նրա մի հրապարակման, շատ աղբյուրներ պնդում են, որ մարտական գործողությունների ընթացքում տեղի է ունենում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշարների զգալի կրճատում: Ընդսմին ամերիկյան պաշտպանական արդյունաբերությունը դժվարություններ է կրում արտադրության նախկին մակարդակը վերականգնելու հարցում: Իսկ իրավիճակն առավել զգայուն է դառնում այդ մասին ԱՄՆ-ի նաեւ ռազմական հնարավորությունները կամ օպերատիվ պլանները բացահայտող տեղեկատվության արտահոսքի պատճառով, ինչը, ըստ հոդվածի հեղինակի, նույնիսկ հարցական է դարձնում պատերազմը շարունակելու նրա հնարավորությունը:
Թրամփի գլխավոր խնդիրն այսօր, ասվում է հոդվածում, ոչ միայն շարունակվող պատերազմն է, որը նրան չի հաջողվել արագ ավարտել, այլ նաեւ այն, թե ինչպես են այս պատերազմը գնահատում ամերիկացիները, որոնց դժգոհությունը նախագահից աստիճանաբար աճում է:
Իսկ ահա ամերիկյան «Նյու Յորք թայմս»-ի գնահատմամբ, վեցամսյա պատերազմից հետո Իրանը սկսել է ավելի վստահ երեւալ եւ գնալով ամրապնդում է դիրքերն այս հակամարտությունում: Հետախուզական նոր տվյալները ցույց են տալիս, որ Թեհրանն այժմ շատ ավելի լավ է գնահատում իր հնարավորությունները եւ ամերիկյան հզորության սահմանը: Ամերիկացի մի շարք ներկա եւ նախկին պաշտոնյաների վկայակոչվող կարծիքով, հետախուզական ծառայությունների հաղորդագրությունները ցույց են տալիս, որ պատերազմի լիակատար դադարեցման համաձայնության հասնելը դժվար կլինի: Նշաններ չկան, թե Իրանը պատրաստ է որեւէ գործարք կնքել ԱՄՆ-ի հետ: Ինչպես կարծում են որոշ պաշտոնյաներ, Թեհրանին միանգամայն գոհացնում է ԱՄՆ միջանկյալ ընտրություններից առաջ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական խնդիրները դժվարացնելու հնարավորությունը:
Սակայն, ըստ ամերիկյան նույն թերթի մեկ այլ հրապարակման, Իրանը եւ ԱՄՆ-ը կարող էին եւ համաձայնության գալ: Իսկ դրան խանգարել են… իրանցի պահպանողականները: Հոդվածի միտքն այն է, թե Իսլամական Հանրապետության հետախուզական ծառայությունների պահպանողական թեւը խաղաղության համաձայնագրի պայմաններն անընդունելի է համարել եւ Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակում է հրահրել, ինչի հետեւանքով հրադադարը խախտվել է:
Ի վերջո ո՞վ կարող է Իրանի հետ պատերազմը կանգնեցնել: Սեպտեմբերի 15-ին այս հարցին փորձել է պատասխանել ամերիկյան «Ֆորեյն փոլիսի»-ն: Լրատվամիջոցի պնդմամբ, այս հակամարտությունը կարող են դադարեցնել միայն Չինաստանը, Հնդկաստանը եւ Ռուսաստանը: Վաշինգտոնին անհրաժեշտ է, որ իր փոխարեն խաղաղություն հաստատեն իր իսկ մրցակիցները:
«Այժմ,- գրում է հանդեսը,- Դոնալդ Թրամփը լրագրողներին ասում է, թե հակամարտությունը կավարտվի նոյեմբերի միջանկյալ ընտրություններից հետո. ժամկետ, որն ավելի շատ քաղաքական է, քան ռազմավարական: Նրան պետք է այնպիսի արդյունք, որ կարելի լինի հայտարարել, թե Իրանին ռումբ ստեղծել թույլ չի տվել, Թեհրանին ծնկի է բերել: Խնդիրն այն է, որ նա նման արդյունքի հասնելու ճանապարհ չունի. ամեն ճանապարհ տանում է կա՛մ ձգձգվող ու հավանության չարժանացող ռազմական արշավի, կա՛մ այնպիսի բանակցությունների, որոնք և՛ իր կողմնակիցները, և՛ Իսրայելը կհամարեին կապիտուլյացիա»:
Իսկ Իրանին, ինչպես ասվում է հոդվածում, անհրաժեշտ է այն, ինչ Միացյալ Նահանգները տալ սկզբունքորեն անկարող է. այն է՝ անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կարելի լինի հավատալ: Գործող վարչակազմի երաշխիքները կչեղարկվեն հաջորդ վարչակազմի կողմից կամ նույն վարչակազմի կողմից երեք ամիս հետո, ինչպես իրանցի պաշտոնյաները հրապարակավ պնդում են փակուղու սկզբից ի վեր: Թեհրանին նաեւ անհրաժեշտ են սահմանափակումների թեթեւացումներ, որոնք սակայն կապված չլինեն ամերիկյան ֆինանսական համակարգի հետ: Որովհետեւ Վաշինգտոնի բարի կամքով տրամադրված ամեն ինչ կարող է ցանկացած պահի կտրվել: Իսկ դա հենց այն է ինչ, հոդվածագրի կարծիքով, կարող են ապահովել Ռուսաստանը, Չինաստանը ու գնալով ավելի հաճախ՝ Հնդկաստանը, եւ ինչ չի կարող անել Միացյալ Նահանգները:
Գ. Մ.