Մեր հազարագանձ լեզվի պատմագրությունը հարստացավ եւս մեկ հետազոտական աշխատանքով՝ «Ակնարկներ գրական հայերենի պատմության» (Երեւան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2026, 486 էջ). հեղինակ՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի ավան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ընդհանուր եւ համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ Վազգեն Համբարձումյան, պատասխանատու խմբագիր՝ բ. գ. թ. Տ. Ղ. Սիրունյան, գրախոսներ՝ բ. գ. թ. Վ. Ա. Ներսիսյան, բ. գ. թ. Ն. Բ. Պողոսյան:
Վազգեն Համբարձումյանը հայ լեզվաբանության այս օրը կերտող գիտնականներից է: Արդեն մի քանի տասմանյակ նա ուսումնասիրում է հայոց լեզվի պատմությունը, այդ երկարտարյա ուսումնասիրությունների ընթացքում նրա փորձված աչքը նկատել է ինչ-ինչ բացեր եւ ուշագրավ կողմեր, որոնք բնականաբար ենթարկել է գիտական ուսումնասիրության՝ գիտության աշխարհ բերելով հետաքրքրական ու արժեքավոր աշխատաքներ:
Վաստակաշատ գիտնականի այս գիրքը, որ ամիսներ առաջ եկավ համարելու հայերենագիտության հսկա գրադարանի համբարձումյանական գրապահոցը, ընդգրկում է գրական հայերենի պատմության մի շարք հարցեր, որոնք վերաբերում են բազմահազարամյա մեր լեզվի մաշտոցյան-գրային շրջանի բոլոր՝ հին, միջին եւ նոր շրջաններին:
Ուսումնասիրությունը հիմնականում կատարվել է բառապաշարի մակարդակում, երբեմն քննության են առնվել նաեւ հնչյունաբանական եւ քերականական իրողություններ: Աշխատության մեջ հետազոտված է նոր նյութ՝ քաղված մատենագրական տպագիր եւ ձեռագիր հուշարձաններից, որոնք գրեթե ամբողջովին դուրս են մնացել հայոց լեզվի անցյալը պեղող գիտնականների հետազոտություններից:
Աշխատության մեջ ուսումնասիրության արժանացած լեզվական փաստերը վերաբերում են հին գրական հայերենին՝ իբրեւ ազգային-եկեղեցական մշակույթի դրսեւորման, միջին գրական հայերենին՝ իբրեւ ուշ միջնադարի մշակույթի դրսեւորման, «վիպասանական հայերեն»-ին, «Յաճախապատում ճառք»-ի, «Անանուն ժամանակագրական գրառամներ»-ի լեզվին, Փավստոս Բուզանդի, Աբրահամ Աղբաթանեցու, Թեոդորոս Քռթենավորի, Սահակ Ձորոփորեցու, Հովհան Օձնեցու, Զաքարիա Ձագեցու, Անանունի, Հեթում Նղիրցու, Ջիլբերտուս Պոռետացու երկերի մի շարք լեզվական փաստերի:
Որոշ բացահայտումներ, կարծում ենք, կհետաքրքրեն ոչ միայն լեզվաբաններին, այլ նաեւ հայագիտության մյուս ճյուղերի ներկայացուցիչներին, չի բացառվում, անգամ առհասարակ հայերենի գրավոր ժամանակաշրջանի ընդհանուր պատմությամբ հետաքրքրվողներին, ընթերցող լայն շրջաններին, քանզի առնչվում են հայոց համար կարեւոր ու նվիրական անունների ու պատմական անցքերի:
Հայոց լեզվի պատմությամբ, հատկապես միջին հայերենով զբաղվողներին օգտակար կլինի ««Կիլիկյան հայերենը» միջին գրական նորմավորման տարբերակ» հատվածը, աշխարհաբարով զբաղվողներին՝ «Նոր գրական լեզվի ընտրության հարցը («գրապայքար») հատվածը: Ամեն մի կրթված հայ մարդ գիտե, թե ինչ ահռելի ավանդ են ներդրել Մխիթարյանները հայ հոգեմտավոր կյանքում. այս աշխատության շնորհիվ նաեւ կամբողջանան մեր պատկերացումները հայերենի գրական կանոնարկման գործում նրանց ունեցած դերի մասին:
«Գրիգոր Նարեկացու բաոապաշարի մի քանի բառի մասին», «Ներսէս Շնորհալին եւ միջին գրական հայերենը», «Սայաթ-Նովայի հայերեն խաղերի մի քանի բառի մասին», «Արեւմտահայերենի նմուշներ Հովհ. Թումանյանի արձակում», «Բառը Ավ. Իսահակյանի վաղ շրջանի չափածոյում» հատվածները կարող են նորընծա այս աշխատությունը ուշագրավ դրաձնել նաեւ գրական աշխարհի մարդկանց համար: Քչերն են ծանոթ մայրենի լեզվի ուղղությամբ Ղեւոնդ Ալիշանի կատարած աշխատանքին. այս գրքում նահապետը ներկայացվում է որպես լեզվագետ (դիցաբան, բառագետ):
Աստվածաբաններին, այլեւ մտավոր ուրիշ բնագավառների ներկայացուցիչների, ըստ մեզ, կարող են հետաքրքրել «Աստվածաշունչ» գրքի՝ հայերեն թարգմանության բառապաշարին, հիշյալ գրքի թարգմանության բնագրում եղած երկագրության դեպքերին վերաբերող բացահայտումները: Հայ եկեղեցու պատմաբանների համար եւս վաստակաշատ հետազոտողի կատարած աշխատանքը ճանաչողական արժեք ունի. ներաոռւմ է առանձին մաս՝ նվիրված մեր հայտնի հայրապետներից մեկի՝ Սիմեոն Երեւանցու երկերի լեզվին:
Ներկայացվող աշխատության մեջ, ինչպես տեսանք, գիտական որոնումները ծավալվել են տարբեր ուղղություններով՝ շոշափվել են տարբեր բնագավառների ու գործիչների առնչվող լեզվական հարցեր, դիտարկվել հայոց լեզվի պատմության տարբեր դրվագներ. այդ ամենից ստացված վերջնարդյունքների մեկտեղման ծնունդ է այս գիրքը, որ լրացնում է մեր բազահազարամյա լեզվին նվիրված պատումի ինչ-ինչ բացեր՝ առավել լիարժեք, առավել ամբողջական, առավել համակողմ դարձնելով նրա անցած ուղու ուսումնասիրությունը:
ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Արմենյան)
Բան. գիտ. թեկնածու
«Պատմաբանասիրական հանդես»-ի հայերեն բաժնի խմբագիր