Կուզենայինք սխալված լինել, բայց աշխարհում, միջազգային հարաբերություններում փաստորեն գնալով ամրապնդվում է օրենքի ուժի փոխարեն կոպիտ ուժի օրենքի գործողության ընդունումը: Բացի այդ, իշխանությունը, նայած ում ձեռքում է այն հայտնվում, կարող է խիստ վտանգավոր զենք լինել՝ իր հոռի եւ անսպասելի դրսեւորումներով ու դրանց հետեւանքներով: Նման մի դրսեւորում էր նաեւ, օրինակ, այս տարեսկզբին Վենեսուելայի դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմագործողությունը եւ այդ ինքնիշխան պետության նախագահի ու նրա կնոջ առեւանգումը:
Այսօրվա ավագ սերունդը կհիշի կարծեմ այբբենարանական այն փոքրիկ երկխոսությունը, երբ մանուկներից մեկն ասում էր՝ արեւը մերն է, մեր տան վերեւն է, իսկ մյուսն էլ թե՝ չէ, մերն է, մեր տան վերեւն է: Իսկ հաստատ շատերս ենք հիշում, որ ըստ միջազգային լրահոսի, նախագահ Դոնալդ (եւ ոչ թե ԴոնաՅլդ, ինչպես մեր «Լուրեր» ծրագրի որոշ հաղորդավարներ են ասում) Թրամփը մի քանի օր առաջ հայտարարել էր, թե Լուսինը պատկանում է Միացյալ Նահանգներին: Սոցիալական ցանցում նա հրապարակել էր լուսնի լուսանկարը՝ «Լուսինը մերն է» գրությամբ եւ վերջում՝ ամերիկյան դրոշով: Դա կատակ էր թե լուրջ, երեւի կարելի է գուշակել: Իսկ ահա որոշ ժամանակ առաջ նրա արած հայտարարությունը, թե Կանադան պետք է դառնա ԱՄՆ-ի նահանգ, միանգամայն լուրջ էր: Օրերս էլ Թրամփը, որի ղեկավարած տերության ներկայացուցիչներին տեւական ժամանակով հանձնվելու է մեր Սյունիքով ճանապարհի տնօրինման իրավունքի 74%-ը, հրապարակել է մի քարտեզ, որում Կանադան, Մեքսիկան, Կուբան, Գրենլանդիան եւ այլ երկրներ ներկված են ամերիկյան դրոշի գույներով: Ու սա բնավ դեռ բոլորը չէ: Եվ հայտնի է, որ օրինակ Կանադայի ղեկավարությունը ժամանակին պատասխանելով Թրամփի հիշյալ հայտարարությանը, ընդգծել է, որ իրենք մեծ ու անկախ երկիր են եւ երբեք չեն դառնա ԱՄՆ-ի նահանգ:
Համաշխարհային գերտերության ղեկավարի հրապարակած քարտեզին անմիջապես, ընդամենը մեկուկես ժամ հետո պատասխանել է նաեւ Մեքսիկայի կին նախագահ Կլաուդիա Շենբաումը: «Մեքսիկան ո՛չ գաղութ է, ո՛չ էլ որեւէ այլ պետության պրոտեկտորատ: Մենք հպարտ ենք նրանով, որ ազատ, անկախ եւ ինքնիշխան երկիր ենք»,- ասել է պետության ղեկավարը, նաեւ հայտարարելով, որ իր կառավարությունը ձգտում է «դրական հարաբերությունների» Թրամփի վարչակազմի հետ:
Միայն ո՞չ մենք…
«Մեզ չընտրեք՝ պատերազմ կլինի»,- ասում էր ՔՊ առաջնորդ, ՀՀ հին-նոր վարչապետ Փաշինյանը: «Արցախի անունը տաք՝ պատերազմ կլինի»,- ասում է հիմա: «Այս անեք, այն չանեք՝ պատերազմ կլինի»…
Իսկ Ադրբեջան կոչվող կազմավորումը, իրական տերերից դատարկելով հազարամյակների հայ Արցախը, այժմ հետեւողականորեն ոչնչացնում կամ կեղծում է մեր մշակութային ժառանգությունը, միաժամանակ ամեն օր զարգացնում է «արեւելյան Զանգեզուր», «արեւմտյան Ադրբեջան» կեղծ թեզերը, ամբողջ Հայաստանը, նրա բնակավայրերը հայտարարում ադրբեջանական պատմական հող ու հայրենիք, անգամ մեր մայրաքաղաքը կոչելով «Իրեւան»…
Հիմա բռնազավթված Արցախում հաջիեւյան դիրիժորությամբ միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների առջեւ խաղացված ադրբեջանական հերթական կեղծիք-ներկայացման մասին էլ ձայն չհանենք, լռենք, թե չէ կարող է պատերա՞զմ լինի: Սա խաղաղությա՞ն ճանապարհ է…
Ադրբեջանն, իհարկե, ԱՄՆ չէ ու նաեւ՝ ինչպե՞ս կհաղթեր հայոց զինական ուժին, եթե իր թիկունքին չունենար Թուրքիա, Իսրայել, այլ արտաքին աջակիցներ: Իսկ Հայաստանը կառավարող վարչախումբը անգամ մեր ազգային ներքին եւ արտաքին հենասյուների (Հայ Առաքելական եկեղեցի, Սփյուռք) գործոնը թուլացնելու, ամեն օր ներարկվող ներքին թշնամանքով ազգը պառակտելու, դրանով նաեւ պետության ուժը թուլացնելու կամա թե ակամա ճանապարհով է երկիրը տանում: Համենայն դեպս սա քաղաքացուս մտահոգ կարծիքն է:
Ի դեպ, բավական խոսուն էր հիշյալ այցին եւ բռնազավթված Արցախի ադրբեջանական «վերականգնումի թափին» Ֆրանսիան ներկայացնող դիվանագիտուհու գոհունակ արձագանքը: Որպես Մինսկի խմբի երկարամյա համանախագահ երկիր՝ այս կորստի համար ինչ-որ տեղ նաեւ պատասխանատու, մեզ կարծես թե բարեկամ Ֆրանսիան ներկայացնող…
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ