Սերբ գրողի հայկական պատկերները – Ազգ

Սերբական «Մալի նեմո» հրատարակչությունը վերջերս լույս ընծայեց ճանաչված լրագրող եւ հրապարակախոս Նովո Տոմիչի «Թռչող աթոռ» գիրքը, որում հեղինակն ամփոփել է տարբեր տարիներին գրած տպագիր եւ անտիպ ուղեգրությունները՝ աշխարհի տարբեր երկրներ կատարած ճամփորդություններից՝ Հայաստան, Ֆրանսիա, Շվեյցարիա, Հունաստան, Ալբանիա: Անշուշտ, ուղերգրությունների մեծ մասն առնչվում է սերբական թեմաներին:

Գրքում տեղ գտած ուղեգրություններից ջերմությամբ ու անկեղծությամբ առանձնանում է Հայաստանը:

Տոմիչն առաջին անգամ Հայաստան է այցելել 2008 թվականի դեկտեմբերին՝ Հայաստանում կործանարար երկրաշարժի եւ այդ օրերին հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնած սերբ օդաչուների ողբերգական մահվան 20-րդ տարելիցի առթիվ: Ցավալի այդ տարեդարձին մասնակցելու համար Հայաստան էին այցելել նաեւ զոհված սերբ օդաչուների հարազատները: Նրանց այցը կազմակերպել եւ առաջնորդում էր բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը: Իր սերբ գրչընկերոջը նա ցույց է տվել հայոց պատմության ու հայ մշակույթի ամենաբնութագրական նշխարները: Գրքում անափ ջերմությամբ է նկարագրում հեղինակը հայոց սրբազան Արարատ լեռը, պատարագը Սուրբ Էջմիածնում, Մատենադարանի հնօրյա մանրանկարներն ու ձեռագրերը, Գառնիի «Քարե սիմֆոնիան», տուֆակերտ մայրաքաղաք Երեւանը, ինչպես նաեւ համբավավոր հայկական կոնյակը, հանդիպումները եւ զրույցները Հանրային ռադիոյում, նաեւ շարքային քաղաքացիների հետ: Տոմիչը ցավով է նկարագրում Ցեղասպանության թանգարանում ցուցադրված հոգեցունց մասունքները, լուսանկարներն ու գրքերը, իր այցը 1988-ին երկրաշարժի օրերին հայ ժողովրդին օգնության եկած, բայց, ավաղ, զոհված սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող  հուշահամալիր:

«Հրաշալի Հայաստան»: Այսպես է վերնագրել իր ինքնատիպ ու հյութեղ ուղեգրությունը հայ ժողովրդի բարեկամը: Այդ ուղեգրությամբ Նովո Տոմիչը մի նոր կածան է բացել Սերբիա-Հայաստան՝ շուրջ 800-ամյա բարեկամության ճանապարհին՝ սերբ ընթերցողին ներկայացնելով հոգեհարազատ եւ բախտակից հայերի անցյալն ու այսօրը:

Հայաստանին նվիրված ուղերգությունը սիրով են ընդունել սերբ ընթերցողները:

Leave a Comment