«06»-ը փոխել «Մերսեդես»-ի․ ՀՀ վարչապետը բացահայտել է համապարփակ անվտանգության հինգ գաղտնիքները

Խաղաղության հասնելու ճանապարհին օգտակար չէ մեխանիկական փոխադարձության սկզբունքը՝ Երևանում անցկացվող «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այլ կերպ ասած՝ պաշտոնական Երևանի համար ընդունելի չէ տարբեր հարցերում Հայաստանի և Ադրբեջանի գործողությունների «հայելային» արտացոլումը։

Վարչապետը 51 րոպե խոսել է այն պատճառների և նպատակների մասին, որոնք Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը փոխելու հիմք են դարձել։  

Համապարփակ անվտանգության կառուցվածքը Հայաստանում փոխվել է «06»-ից «Մերսեդես»-ի անցնելու տրամաբանությամբ։ Պատկերավոր համեմատությունը Հայաստանի վարչապետինն է։ Պատմական մի շարք իրադարձությունների կողքին նա նաև այս բանաձևի փոփոխությունն է պատմական համարում․

«Միջին վիճակագրական բանաձևը մեր պատմության հետևյալն է` էլիտաները ձևակերպել են մոդելներ և պարտադրել են հանրությանը։ Այսօր հակառակն է տեղի ունենում․ այն մոդելները, որոնք կյանքում կիրառվում են, խմորվում են և ըստ էության ձևավորվում են ժողովրդի շրջանում, կառավարությունը, քաղաքական առաջնորդությունը ականջալուր է լինում այդ ձգտումներին և ձևակերպում է այդ ձգտումները»։

Հայաստանի համապարփակ անվտանգության հիմքում հինգ բաղադրիչներ են՝ լեգիտիմություն, փոխկապակցվածություն, երկարաժամկետ կանխատեսելիություն, էներգետիկ և ներքին անվտանգություն։ Այս համակարգից, ըստ վարչապետի, դուրս է մնում ՀԱՊԿ-ի շուրջ կառուցված բանաձևը, որը նա «պրիմիտիվ» է որակում, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը, որը գնահատվում է որպես լրջագույն մարտահրավեր և անվտանգային սպառնալիք ՀՀ-ի համար։ Նույն տրամաբանությամբ՝ վարչապետը նկատում է, որ դպրոցներում չպետք է հնչեն «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող թեզեր։ Սա ասում է «Քյարքի» անվան շուրջ տարաձայնության օրինակով՝ շեշտելով, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում բոլորիս հայտնի անկլավները չեն մտնում․

«Երբ օրինակ, մենք այլ տրամաբանության վրա ենք հիմնվում, սա նշանակում է, որ մենք ասում ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքը ոչ թե 29,743 կմ² է, այլ՝ 29,753։ Այսինքն` մենք միջազգային լեգիտիմությունից 10 կմ² դուրս ենք գալիս։ Ու՞մ հաշվին ենք դուրս գալիս, ինչ-որ ուրիշի։ Դա նշանակում է ինչ-որ ուրիշին մատուցում ենք լեգիտիմություն մեր դեմ գործողություններ անելու»։  

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի միջազգային լեգիտիմությունն է պետության համար բացել զենքի շուկաները և անուղղակիորեն ապահովել, որ, օրինակ, վերջին զորահանդեսից հետո միջազգային աղմուկ չբարձրանա։ Սա արդեն երկարաժամկետ կանխատեսելիության բաղադրիչն է, որը միջազգային գործընկերներին ապացուցում է, որ Հայաստանն իր տարածքներից դուրս իր բանակը չի օգտագործելու։

Փոխկապակցվածության տեսանկյունից Հայաստանի դիրքորոշումը հստակորեն ձևակերպում է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը․

«ՇՀԿ էլ կգնանք, Բրյուսել էլ կգնանք, Մոսկվա էլ կգնանք, Վաշինգտոն էլ կգնանք, Ստամբուլ էլ կգնանք, Թբիլիսի էլ կգնանք։ Ուր ուզենք, կգնանք, եթե դա, իհարկե, բխում է մեր շահից»։

Քաղաքականից պակաս կարևոր չէ, ըստ Նիկոլ Փաշինյանի, նաև տնտեսական փոխկապակցվածությունը, ինչը դրվել է համապարփակ անվտանգության կառուցվածքի հիմքում․

«Որպեսզի երկիրը ներգրավված լինի գլոբալ մատակարարումների շղթայում, որպեսզի մի երկիր, երկու երկիր, երեք երկիր, չորս երկիր, հինգ երկիր՝ ինչքան շատ, այդքան լավ, այդքան երկիր մտածի, որ այս երկրում եթե հանկարծ ինչ-որ բան այնպես չլինի, ճանապարհները կփակվեն և իրենց «մառոլը» տեղ չի հասնի, ժողովուրդը դրանից կբորբոքվի, հեղափոխություն կանի և այլն, և այլն։ Իրենք էլ իրենց անվտանգության, համապարփակության մասին պետք է մտածեն, չէ՞։ Հիմա լավ լուրն այն է, որ Հայաստանը օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված այդպիսի փոխկապվածության սխեմայում լինելու պատմական հնարավորություն է ստացել»։

Համապարփակ անվտանգության փոփոխված կառուցվածքում հիմնական դերակատարումը, ի դեպ, միայն պետությանը չէ։ Քաղհասարակությունն ու փորձագիտական շրջանակները ակտիվ ներգրավվելու են այդ աշխատանքների մեջ։ «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի նախագահ Արմինե Մարգարյան․

«Ժամանակակից սպառնալիքներն այլևս ավանդական չեն, դրանք բազմաշերտ են, հիբրիդային և ասիմետրիկ։ Հետևաբար պետության ռազմավարական դիմակայության ապահովումը չի կարող սահմանափակվել միայն պետական ապարատի գործառույթներով, այլ պահանջում է հասարակության բոլոր շերտերի համակարգված մասնակցություն»։

Այստեղ Հայաստանին աջակցելու պատրաստակամություն են հայտնում եվրոպական մի շարք երկրներ։ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլի խոսքով՝  ազգային անվտանգությունն այլևս չի կարող դիտարկվել բացառապես պաշտպանական ինստիտուտների, հետախուզական մարմինների կամ իրավապահների պատասխանատվություն, քանի որ ընթացիկ անվտանգային միջավայրում սպառնալիքները վերաբերում են պետության և հասարակության բոլոր ոլորտներին՝ ավանդական ռազմական սպառնալիքներից մինչև կիբեռհարձակումներ ու մատակարարման շղթաների խաթարումներ։

Դեսպանը հիշեցնում է անգլիական ասացվածքներից մեկը՝ «Հույսը ծրագիր չէ»։ Ուստի ընդգծում է բոլոր առաջարկները կյանքի կոչելու կարևորությունը։

Այս հարցում սեփական փորձի հիման վրա Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնում նաև Ֆինլանդիան։

Մի քանի խորհուրդ Հայաստանին առաջիկա հինգ տարվա համար պատրաստել է  «Cyberwatch Finland» խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Աապո Սեդերբերգը։ Որպես օրինակ նշում է Ֆինլանդիան, որտեղ դեռ 1962 թվականից անցկացվում են ազգային պաշտպանության դասընթացներ։ Դրանց ընթացքում հասարակության առանցքային բոլոր դերակատարները եռաշաբաթյա ուսուցում են անցնում՝ հասկանալու իրենց դերը ճգնաժամային իրավիճակներում, ինչպես նաև մասնակցում են սիմուլյացիոն խաղերի՝ հիմնված այդ պահին արդիական սցենարների վրա։ Բայց ամենակարևորը, ըստ փորձագետի, մտածելակերպի փոփոխությունն է։

Leave a Comment