Համայնքները ՏԻՄ ընտրությունների շեմին․ ո՞վ, որտե՞ղ և ու՞մ հետ կմասնակցի ընտրության

Խորհրդարանական ընտրություններից երեք ամիս անց քաղաքական պայքարը տեղափոխվում է համայնքներ։ Հանրապետության տարբեր բնակավայրերում ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Ըստ ԿԸՀ–ի ներկայացրած ժամանակացույցի՝ սեպտեմբերի 27-ին ավագանի կընտրեն 4, իսկ հոկտեմբերի 25-ին՝ 21 համայնքներում, այդ թվում՝ Արտաշատում, Արմավիրում, Գավառում, Գորիսում Իջևանում։ Հոկտեմբերի 25-ի համամասնական ընտրությունների ցուցակների առաջադրման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է։

Քաղաքական ուժերն այս փուլում քննարկում են մասնակցության ձևաչափերը ու գործակցության հնարավորությունները։ «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարել է ընտրություններին ակտիվորեն մասնակցելու մտադրության մասին։ Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝

«Տարբեր համայնքներում տարբեր որոշումներ կկայացնենք, կամ դաշինքով մասնակցելու, կամ եթե մի ուժը կմասնակցի, մյուս ուժը կաջակցի, կարող է համատեղ այս պահին քննարկումներ են և «Ուժեղ Հայաստան»-ի և այլ ընդդիմադիր ուժերի հետ»։

Մասնակցության ամբողջական պատկերը, սակայն, ընդդիմադիր ուժերը դեռ չեն հրապարակում։ Ասում են՝ վերջնական որոշումները կընդունեն առաջիկա օրերին՝ հայտարարելով, թե որ համայնքներում կմասնակցեն, և ովքեր կլինեն թեկնածուները։

«Ապրելու երկիր» կուսակցությունն արդեն որոշել է, թե որ համայնքներում կմասնակցի ընտրություններին․

«Մեղրիում, Մարտունիում։ Նոյեմբերին էլ միանշանակ մասնակցելու ենք նաև Նոյեմբերյան համայնքում, որտեղ մենք ենք ղեկավարում և ունենք մեծ վստահություն, որ այս անգամ ավելի մեծ թվով ձայներ կստանանք։ Գորիսում ենք մասնակցելու նաև։ Առաջիկայում ամբողջական պատկերը կունենանք»։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը հայտարարել է, որ մասնակցելու է բոլոր համայնքներում սպասվող ընտրություններին։ Գորիսում կուսակցությունը դաշինք է կազմել գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության հետ։ Վերջինս նախկինում իշխանության կոշտ քննադատներից էր, իսկ այժմ ՔՊ-ի հետ ձևավորված դաշինքի թեկնածուն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս որոշումը բացատրել էր Գորիսի ընտրողների քաղաքական վարքով և համայնքում մշտական հակադրությունից խուսափելու անհրաժեշտությամբ․

«Երբ համապետական ընտրություններում քվեարկում է ՔՊ-ի օգտին, ՏԻՄ ընտրություններում՝ 180 աստիճան հակառակը։ Եվ այս փաստը ինքնին լարում է առաջացնում և մենք որոշել ենք, այո՛, գնալ համերաշխության ճանապարհով»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս օրինակով համերաշխության դաշինքներ կձևավորվեն ուրիշ համայնքներում ևս։

Խորհրդարանական «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավարը հայտարարել է, որ իրենց ուժը Գորիսի ՏԻՄ ընտրություններում թեկնածու չի առաջադրի։ Նարեկ Կարապետյանը նշել է, որ կուսակցության նպատակը «Քաղաքացիական պայմանագրին» ամբողջ հանրապետությունում հաղթելն է։ Գորիսում ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու հարցը դեռ քննարկում են Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքում․

«Մենք պետք է կտրենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թևերը Հայաստանով մեկ, որպեսզի նրանք հնարավորություն չունենան ամեն գյուղում, ամեն քաղաքում ճնշման ենթարկել մեր հայրենակիցներին իրենց արդար որոշման համար»։

Առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կան նաև համայնքներ, որոնցում, «Քաղաքացիական պայմանագրից» բացի, այլ քաղաքական ուժեր չեն պատրաստվում մասնակցելու։ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասում է՝ նման համայնքների թիվը կարող է ավելանալ․

«Այո՛, նման համայնքներ, դժբախտաբար կան, որտեղ մասնակցելու են միայնակ ու դա պայմանավորված է այն խայտառակ բռնաճնշումներով կա և գոյություն ունի»։

ՏԻՄ հերթական ընտրությունների ժամանակացույցը Գյումրիին չի վերաբերում։ Հանրապետության երկրորդ քաղաքի դեպքում քննարկվում է արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս հնարավորությանը անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Նա Գյումրիում արտահերթ ընտրությունների անցկացումը որակել էր հրամայական․

«Այն իրավիճակը, որը կա Գյումրիում, իհարկե ահագնացող է Գյումրիում ունենք անիշխանություն։ Այսինքն՝ այն մարդիկ, որ այս պահի դրությամբ փաստացի կառավարում են քաղաքը այդ կառավարումը ձախողել են»։

Գյումրիում արտահերթ ընտրությունների հարցը, սակայն, միայն քաղաքական հայտարարությամբ չի լուծվում․ դրա համար անհրաժեշտ է անցնել օրենքով սահմանված ընթացակարգը։

Գյումրիի ավագանու վերջին նիստում քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հայտարարել էր, որ մանդատները վայր դնելուն և նոր ընտրություններին պատրաստ են այն դեպքում, եթե վերականգնվեն Վարդան Ղուկասյանի լիազորությունները։

ՔՊ խմբակցության անդամներն արձագանքել էին, որ ավագանին նման իրավասություն չունի, և Վարդան Ղուկասյանի գործով զբաղվում են իրավապահները։

Leave a Comment